Գլխավոր Հարցազրույց Տնտեսություն 

Ինչո՞ւ է «Մուդիս»-ի կողմից Հայաստանի վարկունակությունը նվազել. Պարզաբանում է տնտեսագետը

analitik.am

«Մուդիս»-ի կողմից Հայաստանի վարկունակությունը նվազել է: Ինչի՞ մասին է խոսքը և ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ: Այս մասին Analitik.am-ի լրագրողը խոսել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ:

-Պարոն Բոստանջյան  «Մուդիս»-ը  նվազեցրել է Հայաստանի վարկունակության մակարդակը: Եթե մեզ ազատենք տնտեսագիտական բարդ տերմիններինց, ինչպե՞ս  կարելի է սա հասկանալ, ինչի՞ մասին է խոսքը:

-Ամեն դեպքում, բացի «Մուդիս»-ից գոյություն ունեն այլ կազմակերպություններ ևս, որոնք աշխարհի մակարդակով վերլուծություններ են անում և գնահատում, թե որ տարածաշրջանում, որ երկրում ինչ զարգացումներ են տեղի ունենում: Խոսքը վերաբերում է թե արժութային, թե ֆինանսական շուկաներում, թե առանձին երկրներում կատարվող զարգացումներին: Անկախ այն հանգամանքից, թե ով է հրապարակումից լավ զգում, ով՝ վատ, այդ կենտրոնները վերլուծություններ են անում և տալիս իրենց գնահատականները: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, ապա մենք առանց այդ էլ չէինք գրավում ինչ-որ երևելի դիրք, բայց ոչ  «Մուդիս»-ը, ոչ էլ մյուսները անհարմար չեն զգում իրենց հերթական վերլուծության արդյունքները հրապարակելիս, նրանք անաչառ ու օբյեկտիվ գնահատական են տալիս: Իսկ վարկունակության մակարդակի նվազեցումը, բնականաբար, հիմքեր ունի՝ պայմանավորված բազմաթիվ գործոններով, մասնավորապես խոսքը վերաբերում է ներդրումներին, տնտեսական աճին, զբաղվածությանը և այլն:

Մուդիս»-ի մասով հասկանալի է, սակայն մի քիչ անհասկանալի է, թե ինչպե՞ս է ստացվում, որ նույն գործով զբաղվող «Ֆիտչ»-ը իր գնահատականը թողել է նույնը, սա ինչո՞վ է բացատրվում:

-Բանն այն է, որ գոյություն ունի մեթոդաբանության տարբերություն, բացի դրանից, այս կազմակերպությունները, մյուս կազմակերպությունների օրինակով, գտնվում են զարգացման մեջ: Չպետք է անտեսել նաև այն հանգամանքը, որ հեշտ գործ չէ երկրին գնահատական տալը, քանի որ գործ ունես բարդ համակարգերի հետ: Պետք է ֆիքսել մի բան, որ այս կազմակերպություններն իրենց գնահատականներով մաքսիմալ կերպով արտացոլում են իրականությունը: Իսկ եթե կազմակերպությունների մոտ տարբերություն ենք նկատում, պետք չէ դրա տակ ինչ-որ բան փնտրել, քանի որ դրանք հակված չեն մեկին ցածրացնելուն կամ բարձրացնելուն:

18

-Խոսենք այն մասին, թե ինչպես են մերոնք վերաբերվում առհասարակ վարկ վերցնելուն: Տեսեք, երբ խոսակցություններ են լինում, թե բավական է վարկ վերցնենք, ով է դրանք մարելու և այլնիշխանություններն ասում են, որ ամեն ինչ նորմալ է, սպասարկման հետ խնդիր չի լինի, իսկ եթե վտանգ լիներ, վարկ տրամադրողները չէին գնա այդ քայլին: Կարելի՞ է ենթադրել, որ թեկուզ հենց «Մուդիս»-ի գնահատականը հիմք ունենալով վարկ տրամադրողները կփոխեն իրենց վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ և ավելի զգույշ կլինեն:

-Կարծում եմ՝ վարկանիշի անկումը պայմանավորված է լրացուցիչ չափորոշիչների մուտքագրմամբ: Հնարավոր է՝ վարկանիշն իջել է, օրինակ, արդեն վերցված վարկերը ոչ ռացիոնալ օգտագործելու պատճառով: Ամեն դեպքում ՀՀ-ն մինչև այս պահը խնդիրներ չի ունեցել պետական պարտքը սպասարկելու հետ և միշտ պարտաճանաչ կերպով կատարել է իր պարտավորությունները: Այսինքն՝ մենք պարտքերը մարում ենք: Այլ բան է, թե ինչ ճանապարհով է սպասարկվում վարկը: Գնահատական տվող կազմակերպությունները չեն ասում, որ չեն վստահում մեզ, չեն ասում, թե մենք հնարավոր է չկարողանանք սպասարկել վարկերը, պարզապես ասում են, որ մենք ռացիոնալ չենք օգտագործում դրանք՝ այս կերպ անաչառ գնահատակ տալով:

-Պարոն Բոստանջյան, նույնսիկ մեր իշխանությունները չեն հերքում, որ խնդիրներ կան վարկերը ռացիոնալ օգտագործելու հարցում: Ինչո՞ւ չի ստեղծվում մի մարմին, որը կվերահսկի ամեն ինչ, թե՞ նման մարմին կամ մարմիններ արդեն կան, ուղղակի լավ չեն աշխատում:

-Ես պետք է ասեմ, որ նման մարմիններ կան: Խոսքը վերաբերում է օրինակ Վերահսկիչ պալատին և բոլոր նախարարություններում գոյություն ունեցող վերահսկողական ծառայություններին: Այսինքն՝ կառուցվածքն այնպիսին է, ինչպես ամբողջ աշխարհում: Եթե հանկարծ խոցելիություն ենք տեսնում, ուրեմն այդ մարմինների աշխատանքն արդյունավետ չէ: Ստացվում է, որ այդ օղակները, պայմանավորված բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, չեն կարողանում կատարել իրենց գործը: Այդ բոլոր մարմինները որոշ հարցերում սուբյեկտիվություն են դրսևորում: Որպես օրինակ խոսենք Վերահսկիչ պալատի մասին: ՎՊ-ն ԱԺ-ում հաշվետվության ժամանակ բարձրաձայնեց, որ 70 տոկոս ռիսկայինություն կա, իսկ դա ոչ այլ ինչ է, քան փոշիացում: Բայդ ՀՀ նախագահն ասաց, որ դա իրականությանը չի համապատասխպանում:

-Խոսենք նաև մեր պետական պարտքի մասին: Այն արդեն հատել է 5 միլիարդ դոլարի շեմը: Արդյո՞ք սա վտանգավոր շեմ չէ մի երկրի համար, որի պետական բյուջեն ավելի քիչ է:

-Մեր պետական բյուջեն 3 միլիարդ դոլար է: Ինչ վերաբերում է պարտքին, ապա հասկանալի է, որ այն սպասարկվում և կառավարվում է համապատասխան ձևով և սկզբունքներով: Վարկերը, որ մեզ տրվում են, որպես կանոն երկարաժամկետ և արտոնյալ են: Այս մասով լավ է, որ մենք գրեթե անտոկոս վարկ ենք ստանում և պահանջվող ժամանակահատվածում հնարավոր է իրականացնել տարբեր ծրագրեր և նախագծեր, որոնք կստեղծեն աշխատատեղեր, միջոցներ, որոնք էլ բավարար են վարկերը սպասարկելու համար: Այսինքն՝ պարտքը միանգամից չի պահանջվում, այն պահանջվում է մաս-մաս: Օրինակ նշված է, որ այս տարի պետք է վարկերի սպասարկմանն ուղղվի այսքան գումար: Այլ բան է այն հարցը, որ եթե դու բյուջեից այսքան գումար ես հանում վարկերի համար, ուրեմն դու այդքան գումարի չափով պակաս ես  ծրագրեր իրականացնելու: Ուզենքմ թե չուզենք պարտք կատեգորիան բերում է ծանրաբեռնվածության զգացողություն, որը թեթևացնելու համար վարկերը պետք է ռացիոնալ օգտագործել:

Այսօր մեր երկրի համախառն  ներքին արդյունքը կազմում է 10-11 միլիարդ դոլար, բյուջեն կազմում է մոտ 3 միլիարդ դոլար: Պետական պարտքը, ինչպես արդեն նշեցի, մենք մաս-մաս ենք տալիս, ուստի այդ պարտքի 5 միլիարդ լինելն այս պահին վտանգավոր չէ: Բայց  եթե արտաքին միջոցների ռացիոնալ օգտագործում չլինի, մենք կդառնանք անվճարունակ:

Նույն շարքից