Գլխավոր Հարցազրույց Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստանը փորձում է վերականգնել Խորհրդային Միության ժամանակ ունեցած դիրքերը՝ Մերձավոր Արևելքում

analitik.am

Ի՞նչ նշանակություն կարող է ունենալ սիրիական կառավարական ուժերի համար Պալմիրայի ազատագրումը, ի՞նչ հետևաքներ է ունենալու Թուրքիայի համար Բաշար Ասադի հաղթանակն ահաբեկիչների նկատմամբ: Այս և մի քանի այլ հարցերի մասին  Analitik.am-ի լրագրողը զրուցել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի հետ.

-Պարոն Սաֆրաստյան անցած շաբաթվա վերջում սիրիական կառավարական ուժերն ազատգրեցին Պալմիրան, որը երկար ժամանակ գտնվում  էր ԻՊ-ի ահաբեկիչների վերահսկողության տակ: Որոշ վերլուծաբաններ վստահ են, որ հատկապես Պալմիրայի ազատագրումը լուրջ խթան է հանդիսանալու Ասադի ուժերի վերջնական հաղթանակի համար: Ի՞նչ եք կարծքում , դա իրո՞ք այդպես կլինի, թե՞ Պալմիրան ուղղակի հերթական տարածքն է, որն ազատագրվեց:

-Կարծում եմ  մենք Պալմիրայի ազատագրման նշանակությունը պետք է գնահատենք աշխարհաքաղաքական տեսակետից:  Ըստ իս,  սիրիական բանակի այս հաջողությունը լուրջ հարված է  Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դիրքերին, քանի որ Պալմիրան  ռազմավարական լուրջ նշանակոթյուն ունեցող կարևոր կենտրոն է, այսինքն  դրանով թուլացվում են ահաբեկիչների դիրքերը: Սակայն կա ևս մեկ բան, որի մասին պետք չէ մոռանալ՝ Պալմիրան սովորական տարածք չէ, այն մարդկային քաղաքակրթության հարստության կենտրոններից մեկն է, հետևաբար դրա ազատագրումն ունի նաև սիմվոլիկ նշանակություն: Հնարավոր է, որ Պալմիրայի ազատագրումը շրջադարձային չլինի, բայց ամեն դեպքում դրա՝ կառավարական ուժերի վերահսկղության տակ անցնելը շատ կարևոր է:

-Երբ Պալմիրան ազատագրվեց, նույնիսկ արևմտյան ԶԼՄ-ները սկսեցին շնորհավորել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինին: Ի՞նչ եք կարծում, ինչ դերակատարում ունի ռուսական օդուժը սիրիական այդ քաղաքի ազատագրման և առհասարակ Սիրիայում կառավարական ուժերի հաջողության գործում:

-Ակնհայտ է, որ ռուսական օդուժի հարվածները շրջադարձային եղան սիրիական պատերազմում: Մոսկվայի միջամտությունը փոխեց ուժերի հավասարակշռությունը և եթե այն չլիներ, չեմ կարծում, թե այս հաջողությունները գրանցվեին, այսինքն  ռուսական օդուժի օգնությունը ռազմավարական նշանակություն ունի:

-Իսկ հայերը...

-Սիրիական պատերազմին ռուսական օդուժի և հայերի մասնակցությունը պետք չէ դնել նույն հարթության մեջ: Ռուսական օդուժի մասնակցության մասին արդեն խոսեցի, իսկ ինչ վերաբերում է հայկական ջոկատների մասնակցությանը, ապա, ճիշտն ասած, ես քիչ տվյալներ ունեմ այդ մասին: Կարող եմ միայն ասել, որ այդ ջոկատների գոյությունը կարևոր է ինքնապաշտպանության տեսանկյունից: Փաստորեն, մենք տեսնում ենք, որ մեր երիտասարդները կարողանում են արժանի հակահարված հասցնել տարբեր կողմերից հարձակումներ գործող ահաբեկչական խմբավորումներին:

- Պարոն Սաֆրաստյան, վերջին շրջանում Բաշար Ասադի հաղթանակները ցույց են տալիս, որ ամեն ինչ մոտենում է ավարտին և ահաբկիչները շուտով դուրս են շպրտվելու Սիրիայից: Դա այդպե՞ս է, թե՞ միայն առաջին հայացքից է այդպես երևում:

-Անկեղծ ասած՝ ես դեռ 100 տոկոսով համոզված չեմ: Ճիշտ է, ռուսական օդուժի միջամտությունը լուրջ դերակատարում ունեցավ, մենք տեսնում ենք, որ սիրիական բանակն արդեն ինքնուրույն տարածքներ է ազատգրում, բայց չպետք է մոռանալ, որ այսօր Սիրիայում տասնյակ հազարավոր ահաբեկիչներ կան, որոնք դրսից օգնություն են ստանում: Մինչև այդ օգնության ճանապարհի փակվելը վերջնական հաղթանակի մասին խոսելը ժամանակավրեպ կլինի: Ես, մասնավորապես, խոսում եմ Թուրքիայի հետ 100 կմ ձգվող սահմանի մասին, որը մինչև հիմա չի փակվել:

-Լավ, իսկ Բաշար Ասադի իշխանության հաղթանակը, ի՞նչ է նշանակում Թուրքիայի համար:

-Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, Թուրքիայի պարտությունն է: Սիրիայում ուժեղանում են Ասադի դիրքերը, ահաբեկիչները պարտություններ են կրում, կորցնում տարածքներ և կրում մարդկային լուրջ կորուստներ, ավելի ուժեղանում է քրդական գործոնը...Սա նշանակում է, որ Թուրքիան ուղղակի չի կարողանում լուծել այն խնդիրները, որը դրել էր իր առջև սիրիական հարցի շրջանակներում: Աշխարհաքաղաքական առումով սա լուրջ պարտություն է Թուրքիայի համար և դրա հետևանքները մոտ ապագայում մենք կտեսնենք:

-Իսկ  մեզ՝ հայերիս համար ի՞նչն է կարևոր

-Ինձ համար ամենակարևորը Սիրիայում հայկական համայնքի հարցն է: Սիրիայի հայ համայնքը սփյուռքահայության հոգևոր կյանքի կարևորագույն կենտրոններից մեկն է: Ցավոք, այնտեղ հայերի թիվը 4-5 անգամ կրճատվել է, սակայն ես հուսով եմ, որ Սիրիայում խաղաղություն հաստատվելուց հետո շատ հայեր կվերդառնան:

-Պարոն Սաֆրաստյան, խոսենք Մոսկվայի նպատակների  մասին,  ի՞նչ նպատակներ է հետապնդում Ռուսաստանը Սիրիայում: Սիրիական պատերազմի ավարտից հետո Մոսկվան կհեռանա՞ այնտեղից, թե՞ ավելի հեռուն գնացող նպատակներ ունի:

-Պաշտոնապես Ռուսաստանը հերքում է հեռու գնացող նպատակների մասին խոսակցությունները, բայց ես կարծում եմ, որ կա նման բան: Սիրիայում Ռուսաստանի գործողությունները ցույց տվեցին, որ վերջինս փորձում է վերականգնել այն ազդեցությունը, որը ժամանակին ուներ Խորհրդային Միությունը Մերձավոր Արևելքում: Ի վերջո, աշխարհաքաղաքական տեսանկյունից Մերձավոր Արևելքը լուրջ նշանակություն ունի Ռուսաստանի համար:

- Իսկ այն ինչ այսօր տեղի է ունենում Ռուսաստանի և Թուրքիայի միջև, հարաբերությունների պարզում է այդ երկրների միջև, թե՞ ուղղակի լավ չեն Ռուսաստանի և Էրդողանի հարաբերությունները: Ինչու եմ  սա ասում, որովհետև տեսակետ կա, թե էրդողանի հեռանալուց հետո, Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները կրկին լավանալու են:

-Այս մասով ես միշտ ասել եմ, որ աշխարհառազմավարական առումով Ռուսաստանն ու Թուրքիան հակառակորդներ են քանի որ նրանք միմյանց հակասող շահեր ունեն տարածաշրջանում: Ըստ իս,  այս երկու երկրների միջև հարաբերությունները երբեք էլ բարեկամական չեն եղել, ուղղակի եղել է զինադադար, մնացել են խրամատներում և զարգացրել տնտեսական համագործակցությունը: Այն, ինչ կատարվեց ռուս-թուրքական հարաբերություններում, կապ ունի Սիրիայում Թուրքիայի դրսևորած ագրեսիվ արկածախնդրության հետ, իսկ այդ քաղաքականության հայրը հենց Էրդողանն է: Եթե Էրդողանը հեռանա, կարծում եմ հարաբերությունները կվերադառնան նախկին վիճակին: Ի վերջո, պետք չէ մոռանալ, որ Թուրքիան չմիացավ Ռուսաստանի դեմ կիրառվող արևմտյան պատժամիջոցներին: Բացի դրանից Ռուսաստանում էլ կան շրջանակներ, որոնք դեմ չեն Թուրքիայի հետ նախկին հարաբերություններն ունենալուն:

Ամեն դեպքում, այսօր Թուրքիան բավականին ագրեսիվ քաղաքականություն է վարում Ղրիմի նկատմամբ՝ փորձելով հնարավորինս շատ վնաս տալ հարցին: Ես չեմ բացառում նաև, որ Թուրքիան Ադրբեջանի օգնությամբ ավելի լարի իրավիճակն արդեն Արցախի հետ սահմանին:

Նույն շարքից