Գլխավոր Հայաստան Հարցազրույց Քաղաքականություն 

Ի՞նչ է փոխելու Սերժ Սարգսյանի ամերիկյան այցը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում

analitik.am

Analitik.am-ի թղթակիցը զրուցել է «Գլոբալիզացիա և տարածաշրջանային համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչ է տալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ԱՄՆ կատարած այցը հայ-ամերիկյան հարաբերություններին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և ինչ վիճակում են Թուրքիայի հարաբերությունները ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ.

-Պարոն Գրիգորյան, մի քանի օր առաջ մեկնարկեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը ԱՄՆ: Ի՞նչ եք կարծում, այն ի՞նչ է տալու հայ-ամերիկյան հարաբերություններին:

-Նախ պետք է նշել, որ վերջին շրջանում Հայաստանը կրկին սկսել է ակտիվ աշխատել Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ: Ճիշտ է, մեզ ասում են, որ այդ կենտրոնների հետ միշտ էլ աշխատանք տարվել է, սակայն մենք լավ ենք հիշում, թե ինչ եղավ 2013 թվականին, երբ որոշում կայացվեց գնալ դեպի Եվրասիական տնտեսական միություն: Մեզ ասում էին, որ Հայաստանի տեղն այնտեղ է, սակայն մենք նաև լավ գիտեինք, որ գալու է մի պահ, երբ Երևանը կրկին սկսելու է ակտիվ աշխատել Արևմուտքի հետ, դա ողջունելի է: Բանն այն է, որ կյանքը ստիպում է և ստիպելու է աշխատել առավել հաջողակ, ուժեղ, հարուստ պետությունների ու կազմակերպությունների հետ, խոսքը մասնավորապես վերաբերում է ա ԱՄՆ-ին, Չինաստանին և Եվրամիությանը: Նախագահ Սերժ Սարգսյանի այցը ԱՄՆ դիտում եմ այդ կոնտեքստով: Հայաստանը մտածում էր, որ ԵՏՄ-ում մի բան կա, սակայն տեսնելով, որ այդպես չէ, մեր երկիրը կրկին սկսեց աշխատել Արևմուտքի հետ:

Կոնկրետ այս այցի մասով ասեմ, որ գլխավոր նպատակը 2010 թվականին ամերիկացիների կողմից հիմնված միջուկային անվտանգության ֆորումին մասնակցելն է: Ցավոք, այս անգամ ֆորումին չի մասնակցում Ռուսաստանը, բայց այն մնում է շատ կարևոր միջոցառում: Ի դեպ, ասեմ որ այնտեղ է նաև Ադրբեջանի նախագահը, ինչը պատահական չէ:  Նախագահի օրակարգի մասով ասեմ, որ մասնավորապես համալսարաններ այցերը, ելույթները  նպատակ ունեն նաև մեծացնել ԱՄՆ-ից Հայաստանին տրվող օգնությունը:

-Քանի որ Ադրբեջանի նախագահը ևս Միացյալ Նահանգներում է, կարելի՞ է ենթադրել, որ ինչ-որ տեղաշարժ կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:

-Նույնսիկ եթե Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպվի, ինչ-որ բան սպասել պետք չէ, քանի որ Բաքուն շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել: Նմանատիպ միջոցառումների ժամանակ ադրբեջանցիները միշտ էլ լարում են սահմանում տիրող իրավիճակը, որպեսզի աշխարհին ցույց տան, որ հարցը լուծված չէ և այլն: Նույնը կատարվում է նաև այսօր: Սպասել ինչ-որ արդյունքի պետք չէ, բայց ես կարևորում եմ նմանատիպ հանդիպումները:

-Տեսեք, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև պարբերաբար ինչ-որ խնդիրներ են առաջանում, որոնց շուրջ այս երկու կենտրոններն ընդհանուր հայտարարի են գալիս: Ինչո՞ւ նրանք չեն կարողանում համաձայնության գալ նաև ղարաբաղյան հակամարտության հարցում:

-Ես չէի ասի, թե Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն ընդհանուր հայտարարի չեն եկել: Ամեն դեպքում մեկ հարցում և Ռուսաստանի, և’ ԱՄՆ-ի, և‘ Եվրամիության շահերը համընկնում են. նրանք ցանկանում են, որ հակամրտությունը խաղաղ լուծում ունենա, սակայն հասկանում են նաև, որ այսօր դրա համար հիմքեր չկան և հնարավոր չէ այս հակամարտությունն արագ լուծել: Եվ հենց սա է պատճաը, որ Հայաստանի և Ադրբեջանի վրա ճնշում չկա: Իհարկե, ինչ-որ պահի ամեն ինչ կարող է փոխվել, եթե Ռուսաստանը որոշի ապակայունացնել իրավիճակը, եթե Մոսկվան որոշի, որ Ղարաբաղի՝ Ադրեջանի կազմում լինելը բխում է իր շահերից: Սակայն այսօր այսպես մտածելու հիմքեր չկան, քանի որ Ռուսաստանն էլ է լավ հասկանում, որ Ադրբեջանն անվստահելի գործընկեր է:

-Իսկ ի՞նչ եք կարծում, Ռուսաստան կատարած իր վերջին այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին խոսե՞լ է ղարաբաղյան հակամարտության մասին:

-Իմ կարծիքով, այսօր ռուս-ամերիկյան բանակցությունների օրակարգում առաջնային մնում են Սիրիայի և Ուկրաինայի հարցերը, որոնք ավելի կարևոր են համարվում, քան միջուկային զենքից ազատվելու գործընթացը, որը սառեցվել է: Ղարաբաղի հարցը ևս օրակարգում կա, հնարավոր է այդ մասին նույնսիկ խոսել են, սակայն այն գլխավորը չէ: Իմիջիայլոց, հնարավոր է, որ Սիրիայի հարցում Ռուսաստանն ինչ-որ զիջումների գնաց՝ չափավոր ընդդիմություն կոչվածին ձայնի իրավունք տալով՝ փոխարենը ստանալով ինչ-որ բան  ուկրաինական դաշտում, օրինակ՝ որ ԱՄՆ-ն աչքերը փակի Ղրիմի անեքսիայի վրա:

-Պարոն Գրիգորյան, իսկ ըստ Ձեզ, ի՞նչ է այսօր  կատարվում Ռուսաստան-Թուրքիա և ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում:

-Ռուս-թուրքական հարաբերություններում ես մեղմացում եմ տեսնում, կողմերը փոխել են հռետորաբանությունը, Ռուսաստանը նույնիսկ ասում է, որ Մոսկվային և Անկարային միջնորդներ պետք չէն, ինչը կարևոր հայտարարություն է: Պարզ է, որ Ռուսաստանն ուզում է Թուրքիան ընդունի իր մեղքը: Այնպես որ, Մոսկվան կարող է արագ լավացնել իր հարաբերություններն Անկարայի հետ, կամ նորմալ հունի մեջ գցել: Այստեղ կա մի բան, ինչի մասին ես միշտ խոսել եմ՝ ռուս-թուրքական հարաբերությունների սրումը մեզ չպետք է ուրախացնի, պատմությունը ցույց է տալիս, որ հարցը լուծվում է հայկական հողերով:

Թուրք-ամերիկյան հարաբերություններում ամեն ինչ շատ ավելի բարդ է: Գաղտնիք չէ, որ Թուրքիան միշտ համարվել է տարածաշրջանում ԱՄՆ-ի հենարանը, սակայն այսօր՝ հակաիրանական պատժամիջոցները չեղյալ համարվելուց հետո, որակապես փոփոխություններ են լինում, և տարածաշրջանում ԱՄՆ-ի համար Թուրքիայի դերը նվազելու է: ԱՄՆ-ն արդեն առաջին քայլն արել է՝ հայտարարելով, որ հարգում է Սիրիայի քրդերի իրավունքները: Տեսեք, ամերիկացիները Անկարային աջակցում են Թուրքիայի քրդերի դեմ պայքարում, սակայն այդպես չէ Սիրիայի քրդերի հարցում: Պետք չէ անտեսել նաև Թուրքիայում աշխատող ամերիկացի դիվանագետների, զինվորականների ընտանիքներին այս երկրից դուրս բերելու մասին ամերիկյան իշխանությունների որոշումը, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ի համար Թուրքիան անվտանգ երկիր չէ: Նույնսիկ այդ որոշումն արդեն ապակայունացնում է Թուրքիայում իրավիճակը և մյուս երկրները ևս կարող են նման քայլի դիմել:

Խոսելով «Գլոբալիզացիա և տարածաշրջանային համագործակցություն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված  «Գերմանիայի ԵԱՀԿ նախագահությունը՝ երկխոսության, վստահության ու ապահովության ամրապնդումը ԵԱՀԿ տարածաշրջանում» անունը կրող կոնֆերանսին մասին՝ Ստեփան Գիրգորյանը նշեց, որ այն նվիրված էր ԵԱՀԿ-Հայաստան հարաբերություններին և ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահությանը. «Մի բան է, որ Սերբիան էր նախագահողը, մեկ այլ բան է, որ Գերմանիան է, որի հետ կապված ավելի մեծ հույսեր կան: Քննակումներ եղան և հասարակական և պաշտոնական մակարդակով: Կարծում եմ հասարակությանը հետաքրքիր է, թե ինչ վիճակում են այսօր Հայաստան-ԵԱՀԿ հարաբերությունները: Մենք պարբերաբար նմանատիպ կոնֆերանսներ անցկացնում ենք նաև Հայաստան-ՆԱՏՕ, Հայաստան-Եվրամիություն համագործակցության մասով: Հասկանալի է, որ պաշտոնական ինչ-որ բաներ լինում են, սակայն հասարակությունը պետք է ներգրավված լինի գործընթացներում, մենք դա կարևորում ենք»:

Նույն շարքից