Հայաստան Հարցազրույց Քաղաքականություն 

Ի՞նչ է տալու սահմանի լարվածությանը Ռուսաստանի Պաշտպանության նախարարի հնարավոր ադրբեջանական այցը

analitik.am

Երկու օր առաջ ադրբեջանական կողմը ղարաբաղա-ադրեջանական սահմանի միանգամից մի քանի ուղղություններով լայնածավալ հարձակում սկսեց: Ո՞րն է հարևան երկրի նախագահ Իլհամ Ալևի նպատակը, ինչպե՞ս դրան պատասխանեց հայկական կողմը, ի՞նչ է տալու ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հնարավոր այցն Ադրբեջան: Այս և մի քանի այլ հարցերի մասին Analitik.am-ի թղթակիցը զրուցել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ:

-Պարոն Մելիք-Շահնազարյան, հաշվի առնելով ագրեսիայի ծավալները, երկու կողմերից զոհերի և վիրավորների թիվը, կարելի է փաստել, որ երկու օր առաջ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին սկսվածը սովորական ոտնձգություն չէ հայկական սահմանների նկատմամբ: Ի՞նչ կասեք այս մասով:

-Ես կարծում եմ, որ սա լայնամասշտաբ պատերազմ սկսելու փորձ էր Ադրբեջանի կողմից: Այն տապալվեց, քանի որ ադրբեջանական կողմի երկու ուղղություններով սկսված գրոհը կասեցվեց, և հակառակորդը մեծ կորուստներով ետ շպրտվեց: Ադրբեջանը նոր մարտավարություն էր ընտրել և փորձում էր կարճ բայց լայնածավալ գործողություններով հաջողությունների հասնել, այնուհետև այդ ամենը բանակցային գործընթացի ժամանակ ներկայացնել որպես ապացույց, որ հնարավորություն ունի գրավել Արցախը: Այսինքն հակառակորդը փորձում էր լրացուցիչ փաստարկ ունենալ բանակցային գործընթացի համար: Ըստ էության, Բաքվի այդ ծրագիրը տապալվեց և ադրբեջանականը կողմը չկարողացավ լուծել իր առջև դրված խնդիրը: Հիմա արդեն հայկական կողմը փորձելու է ամեն ինչ անել, որպեսի հստակ երևա, որ Ադրբեջանը պարտվեց:

-Երեկ հայտնի դարձավ, որ հակառակորդի ագրեսիայի սկզբնական փուլում մենք որոշ դիրքեր ենք կորցրել, որոնք արդեն ազատագրվել են: Ի՞նչով կբացատրեք այդ կորուստը և ինչո՞ւ հանրությանն այդ մասին հայտնվեց միայն երեկ:

-Առաջին հարցի մասով չեմ կարող ասել, թե ինչու ենք դիրքեր կորցրել: Հնարավոր է մարտավարությունն է այդպիսին եղել, այսինքն ադրբեջանական գրոհին դիմակայելու համար մշակվել է այդպիսի մարտավարություն:Հնարավար է եղել է բացթողում: Իրականում պետք է մի բան փաստել՝ պատերազմում կա գլխավոր խնդիր և խնդիր, որն այդ պահին պետք է լուծվի: Ադրբեջանի գլխավոր խնդրի մասին խոսեցինք, այն չլուծվեց հայկական կողմի պատասխանի շնորհիվ: Այո, եղան կորուստներ, այդ թվում նաև քաղաքացիական անձանց շրջանում, սակայն առանց կորուստների պատերազմ չի լինում:
Ինչ վերաբերում է կորուստի մասին հանրությանն ուշ տեղյակ պահելուն, ապա միշտ պետք է հիշել, որ հաճախ տեղեկատվության ուշացումը կյանքեր է փրկում: Բանակն առաջնորդվում է ոչ թե մարդկանց հետաքրքրությունները բավարարելով, այլ կոնկրետ մարտական խնդիր է լուծում, որի ընթացքում հնարավոր է որոշակի ինֆորմացիա թաքցվի և այլն:

-Երբ խոսվում է տեղեկատվության մասին, ինքնաբերաբար հարց է առաջանում այն ԶԼՄ-ների մասին, որոնք շատ հաճախ մի քանի այցելու ավել ունենալու համար խուճապ առաջացնող վերնագրեր են դնում կամ սխալ ինֆորմացիա հայտնում: Ե՞րբ մեր լրատվական դաշտը կկարողանա ադեկվատ արձագանքել կատարվող իրադարձություններին և ճիշտ լուսաբանել ամեն ինչ:

- Սխալվողներ միշտ էլ կլինեն, դա բնական է: Ամեն դեպքում լավ է, որ սխալ տեղեկատվությունը զանգվածային բնույթ չի կրում և դաշտում գերիշխում են այն հոսքերը, որոնք առավելագույնս համապատասխանում են իրականությանը և մեր ԶՈւ-ի առջև դրված խնդիրներին: Այսինքն չկա խուճապ, չկա ապատեղեկատվություն, կա իրավիճակի հստակ գիտակցում, ադեկվատ գնահատական և դրանից բխող լրահոս: Նույնը վրաբերում է հանրության արձագանքին: Տեսնում եք, թե ինչ մեծ թվով մարդիկ են ցանկանում գնալ սահման, շատերն էլ արդեն գնացել են: Հասարակությունը կոնսոլիդացվել է, և ամեն մեկը փորձում է իր մասով օգնել գործին, ինչը ողջունելի է: Կարծում եմ անցած մի քանի տարիները մեծ փորձ էին մեր ԶԼՄ-ների և հասարակական տրամադրություններ ստեղծող գործիչների համար, իսկ այսօր մենք քաղում ենք դրա պտուղները:

-Պարոն Մելիք-Շահնազարյան, մեր շարքերում կան մարդիկ, ովքեր անընդհատ հայտարարում էին, թե Աստված ոչ արասցե եթե պատերազմ լինի, այլևս նույն քանակությամբ մարդիկ չեն մեկնելու ռազմաճակատ, ինչպես եղավ ղարաբաղյան պատերազմի ժամանակ: Փաստորեն վերջին օրերի դեպքերը ցույց են տալիս, որ այդ խոսակցություններն իրականությանը չեն համապատասախանում: Այսպես ասած, տարօրինակ է, բայց մեծ թվով մարդիկ առանց որևէ պարտադրանքի ցանկանում են մեկնել սահման: Ի՞նչով կարելի է բացատրել սա:

-Մեր ժողովուրդը մի քիչ տարօրինակ է, մի քիչ խենթ: Ուրախալի է, որ վատատեսական կանխատեսումներն իրականություն չդարձան: Ես համոզված եմ, որ անկախության այս 25 տարիները մեզ սովորեցրեցին տեր լինել մեր հայրենիքին, ճակատագրին, անցյալին, ապագային: Տարօրինակ ոչինչ չկա, մարդիկ ուղղակի տեր են կանգնում այն ամենին, ինչն իրենցն է:

-Իսկ ի՞նչ պետք է անի հայկական կողմը հիմա, երբ տապալվեց Ադրբեջանի գլխավոր խնդիրը: Արդյոք պետք է կանգ առնել, թե՞ անհրաժեշտ է հակառակորդի դիրքերից մի քանիսը վերցնել, ինչը դաս կլինի թշնամու համար:

-Ես առաջնագծում տիրող իրավիճակին լիարժեք չեմ տիրապետում, ուստի նման խորհուրդներ չեմ կարող տալ: Ես վստահ եմ, որ համապատասխան կառույցներում ճիշտ գնահատական կտրվեն և ճիշտ որոշումներ կկայացվեն: Ամեն դեպքում կարևորը ոչ թե մեկ-երկու դիրք վերցնելն է, այլ Ադրբեջանի պարտությունը ֆիքսելը: Եթե դրա համար պետք է գրավել մեկ դիրք կամ մեկ քաղաք, պետք է գնալ այդ քայլին: Սակայն ամեն ինչ պետք է անել մինիմալ կորուստներով:

-Ի՞նչ կասեք ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հնարավոր ադրբեջանական այցի մասին: Ի՞նչ կտա այն, եթե իրականություն դառնա:

-Եթե նման այց լինի, քննարկումների հիմնական թեման միանշանակ լինելու է սահմանի լարվածությունը: Իմիջիայլոց, այդ քննարկումները կան հենց առաջին օրվանից: Մենք գիտենք, որ Շույգուն խոսել է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ: Ամեն դեպքում պետք է իմանալ մի բան՝ մենք պետք է ապավինենք սեփական ուժերին: Իսկ եթե նման այցերը նպաստեն խաղաղությանը, ավելի լավ կլինի...

-Հնարավո՞ր է, որ սա ընդամենը մեծ խաղի մի փոքր դրվագ է:

-Ես միշտ հեռու եմ եղել այն մտքից, թե հնարավոր է պայմանավորված պատերազմներ լինեն: Իհարկե տարածաշրջանը հարաբերվում է հարևան տարածաշրջանների հետ, համաշխարհային քաղաքական տենդենցներն ազդում են այստեղի զարգացումների վրա, սակայն գլոբալ այսպիսի երևույթներ չեմ տեսնում: Ալիևի իշխանությանը լավ ճանաչելով՝ կարող եմ ասել, որ նա լուծում է իր նեղ շահերը:

-Վերջին հարցն աշխարհի արձագանքի մասին է: Այս անգամ էլ, ինչպես միշտ, հավասարության նշան դրվեց: Ի վերջո ե՞րբ է կատարվող իրադարձություններին օբյեկտիվ գնահատական տրվելու

-Բարեբախտաբար Հայաստանում արդեն միջազգային հանրությունից լուրջ սպասելիքներ չկան: Հասկանալի է, որ արդարությունը չի հետաքրքրում ոչ ոքի, նրանք ունեն իրենց շահերը և ծառայում են դրանց: Նույնկերպ պետք է գործենք նաև մենք՝ եթե ունենք շահ, ընդունելի է, եթե ոչ՝ դատապարտելի է:

Նույն շարքից