Գլխավոր Հայաստան Հարցազրույց Քաղաքականություն 

Մեր զինվորը հերթական անգամ իր կյանքի ու արյան գնով հայկական բանակցային դիրքերն ամրապնդելու հաղթաթուղթ է տվել.Ստյոպա Սաֆարյան

analitik.am

Հարցազրույց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանի հետ

-ԱՄՆ-ում Քերի-Ալիև հանդիպման ժամանակ հստակ ընդգծվեց այն պահանջը, որ Ադրբեջանը պարտավոր է բանակցային գործընթացով վերջնականապես կարգավորել հակամարտության հարցը: Հնարավոր է, արդյո՞ք, որ այս հրամայականը դարձավ շփման գծում ստեղծված իրավիճակի պատճառ:

-Ծավալված զարգացումներին ևս մեկ անգամ հետհայացք ձգելով՝ կարող ենք վստահաբար պնդել, որ մինչև ապրիլի 2-ը Ադրբեջանը պատրաստվում էր ռազմական գործողությունների: Դրա համար իրեն պետք է նախ` փաստաթուղթ ռազմական գործողությունները լեգիտիմացնելու համար: Այդ առումով վերջինս մեծ հույսեր էր կապում ԵԽԽՎ երկու զեկույցների (Ուոլթեր, Մարկովիչ) ընդունման հետ, որտեղ կհավաստվեր, որ ԼՂ-ը պատկանում է Ադրբեջանին: Այս դեպքում ԼՂ-ից հայկական զորքերի անհապաղ դուրս բերման պահանջ կլիներ: Ապա նպատակ ուներ կանխելու միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումն ԵԽԽՎ գոտում, որի ուղղությամբ հետևողականորեն ու երկար ժամանակ աշխատում է ԱՄՆ-ն իր համանախագահով, և որը թույլ կտար պարզել, թե որ կողմն է խախտում հրադադարը : Երրորդ պատճառը` թույլ չտալ ԵԱՀԿ Մինսկի խմբի  բանակցային գործընթացի վերսկսում, որպեսզի իր ձեռքերն ազատ լինեն:

 Սրանք կարևոր են այն առումով, որ պարզեն դարձնում, թե ինչու էր Ալիևն անասելի զայրացած Ուոլթերի զեկույցի չընդունումից ու այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահի ու անգամ ԱՄՆ պետքարտուղարության ծավալած կանխարգելիչ քայլերից, որի պատճառով զեկույցը չընդունվեց: Եվ երկրորդ, Ադրբեջանն ամեն գնով թույլ չտվեց հետաքննության մեխանիզմի ներդնումը, որը ԱՄՆ-ը ցանկանում էր լուծել Վաշինգտոնում նախագահների հանդիպում կազմակերպելու ու նաև այդ ուղղությամբ համաձայնություններ ձեռք բերելու միջոցով, ինչը թույլ չտվեց Ադրբեջանը՝ իմանալով նաև Ռուսաստանի անշահագրգռությունն այդ առումով:

-Ինչո՞ւ Ալիևը չհամաձայնեց նախագահների հանդիպմանը, որը ԱՄՆ-ի ցանկությունն էր:

-Այսպիսի նպատակներով Վաշինգտոն մեկնած Իլհամ Ալիևը Պետքարտուղար Քերիի հետ հանդիպմանը փորձեց բարձրացնել ՄԱԿ-ԱԽ բանաձևերի կատարման, խնդիրը տարածքային ամբողջականության սկզբունքի դաշտում լուծելու հարցերը, ինչին ի պատասխան Քերին հստակ հասկացրեց, որ  խնդիրը պետք է լուծվի քաղաքական եղանակով, այլ ոչ թե` ռազմական: Ալիևը պետք է աշխատի կարգավորման համապարփակ տարբերակի վրա՝ ԼՂ կարգավիճակը բանակցված եղանակով սահմանելու ուղղությամբ: Սա, թերևս, չէր կարող դուր գալ Ալիևին, քանի որ իրեն ասվում էր ճիշտ հակառակը, ինչ ինքը պատրասատվում էր անել: Պատահական չէ, որ ռազմական արկածախնդրության անմիջապես հաջորդ օրը Բաքուն փորձում էր ցույց տալ, թե Վաշինգտոնը նույնպես կողմնակից է նրան, ինչ տեղի է ունենում՝ խնդրի արագ հանգուցալուծում տարածքային ամբողջականության շրջանակներում: Ալիևը փորձեց այդ կերպ լեգիտիմացնել իր գործողությունները, ինչը գիտակցելով՝ ԱՄՆ-ը ոչ պատահականորեն ակնարկեց Արցախի ինքնորոշման սկզբունքը: Փաստացի կարող ենք արձանագրել, որ Ալիևը փորձեց ներկայացնել, թե Վաշինգտոնն իր կողքին է, խուսափել, թե ինքն է սկսել պատերազմը, այլ ինքն ընդամենը պատասխանել է, որ այդ ամենում Վաշինգտոնի քաղաքական դիրքորոշմանը հակառակ ոչինչ չի արել, մինչդեռ ճիշտ հակառակը՝ ամեն ինչ արել էր ԱՄՆ-ի շահերին ու դիրքորոշումներին հակառակ նրան ,,պատժելով,, իր կարիքներին ,,անհամաչափ արձագանքելու,, համար, բայցև տպավորություն ստեղծելով, որ այդ ամենը Վաշինգտոնի վարած քաղաքականության արդյունքում է եղել, ինչը վստահաբար  դուր է գալիս Ռուսաստանին: Ռուսաստանի որդեգրած լուռ դիտորդի պահվածքը դրա ապացույցներից մեկն էր:

-Ադրբեջանի նախահարձակ լայնամասշտաբ գործողությունները կարո՞ղ ենք համարել հավատարմության թեստ Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների համար:

-Խաղը բարդ է: Անցած տարիների ընթացքում Ղարաբաղը հետ ստանալու համար Ադրբեջանն իր հույսը կապել է գերազանցապես երկու պետություների՝ Ռուսաստանի և Թուրքիայի հետ, որոնց հարաբերություններն այժմ ծայրահեղ վատ են, ինչից Բաքուն ուրախ չէ: Իր այս արկածախնդրությամբ Բաքուն ստուգում է հավասարապես թե՛ Ռուսաստանի, թե՛ Թուրքիայի ռեակցիաները: Ինչպես տեսանք, Ռուսաստանը կասկածելի համբերատարություն դրսևորեց՝չնայած անհասցե, կողմերի միջև հավասարության նշան դնող ու ռազմական գործողություններից մտահոգություն հայտնելու հայտարարություններին: Այն տպավորությունն էր, որ Ռուսաստանը սպասում էր, թե որքան առաջ կգնա Ադրբեջանն իր ագրեսիայում, և դա Բաքու-Մոսկվա պայմանավորվածությունների մեջ էր: Մյուս երկիրը՝ Թուրքիան էլ իր քաղաքական հայտարարություններում անընդհատ արդարացնում էր Բաքվի գործողությունները, խրախուսում ու քաջալերում նրան՝ մեղադրելով Հայաստանին ու Արցախին: Սակայն խաղն այնպիսին է, որ երկուսի ուղիղ ներգրավվածության համար էլ խնդիրներ կան: Ռուսաստանը չէր կարող ուղղակիորեն ներգրավվել Ադրբեջանի կողմից, քանի որ Հայաստանի դաշնակիցն է. այդ դեպքում կկորցներ այն, ինչ ունի Կովկասում: Հետևաբար, նրա լռությունն ու չեզոք դիրքորոշումն առավելագույնն էր, ինչը բավարարում էր Բաքվին: Թուրքիան որքան էլ ցանկանար ներգավվել հակամարտության մեջ, այդուհանդերձ, գիտակցում է, որ դա Ռուսաստանին բացահայտ ձեռնոց նետելու ու իր հետ հաշվեհարդար տեսնելու հնարավորություն է, հատկապես, երբ Ռուսաստանի դիրքերն ու հնարավորություններն ավելի շատ են: Այսպիսով, արձանագրենք, որ այս զարգացումները թեստ էին ոչ միայն Բաքու-Անկարա, այլ նաև՝ Բաքու-Մոսկվա հարաբերությունների համար, և կարծեք թե ապացուցեցին, որ անգամ Մոսկվայի չեզոքությունը և Անկարայի ուղղակի քաղաքական և անուղղակի ռազմական աջակցությունը բավարար չեն Ադրբեջանին իր առաջադրած խնդիրը լուծելու համար: Ավելին՝ Մոսկվային ու Անկարային իր կողքին ունենալու համար սահմանափակող լուրջ գործոններ կան, և դա այս իրավիճակում տեղի ունենալ չի կարող:

-Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում ադրբեջանցիները Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ոտնձգություններ սկսեցին Հայաստանի սահմաններիուղղությամբ: Սա նույն խաղացանկի՞ց է:

-Ընդհանուր առմամբ, ինչպես ակնարկեցի կամ նկարագրեցի, Բաքվի նախապատրաստությունները երկար ժամանակ են տևել: Ես անգամ ավելի հեռուն կգնամ՝ 2014թ., որը թեստերից մեկն էր, 2015թ., որը սրա նախերգանքն էր: Այդ նախապատրաստությունները հետապնդել են մի շարք նպատակներ՝ ստուգել հայկական զինված ուժերի դիմադրողականությունը, Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների ամրությունը, Թուրքիային ներգրավվելու եղանակները և այլն:

-Ադրբեջանն օգտագործել է իր ողջ նյութական և մարդկային ներուժը: Տարատեսակ զորքերիներ ներգրավվածություն, գրոհայիններ, համատեղ կոորդինացված ավիացիա, տանկերր, հրետանի, ցամաքային ուժեր և այլն: Մի՞թե չի հապաղում միջազգային հանրության ադեկվատ արձագանքը:

-Միջազգային հանրության արձագանքն իսկապես անադեկվատ էր ծավալվող իրադարձություններին, մյուս կողմից էլ՝ միանգամայն համաչափ նրան, թե ինչ ասել է միջազգային հանրություն և ինչպիսի ազդեցություն ունի այն հակամարտության ու նրա կողմերի վրա: Նախորդ հարցերին պատասխանելիս արդեն անդրադարձանք ԱՄՆ-ին, Ռուսաստանին ու Թուրքիային: Մի՞թե ակնհայտ չէ, որ այդ խացաղողների հետապնդած նպատակները տարբեր են,և ոչ բոլորն էին շահագրգռված միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման հարցում, ինչպես օրինակ, Ռուսաստանն ու Թուրքիան՝ ի հակառակ ԱՄՆ-ի: Նույնը կարելի է ասել Մինսկի խմբի ակտիվ միջնորդական գործունեության վերսկսմաման մասին, որտեղ կրկին նույն պատկերն է: Պարզ է նաև, որ Ադրբեջանը կարող է իրեն թույլ տալ նաև նման խաղեր խաղալ ԱՄՆ-ի շահերի դեմ՝ վստահ իմանալով, որ նրա հետ համերաշխ տերություններ կան: Հետևաբար, միջազգային հանրության արձագանքն այս ամենի արտացոլումն է, և առավելագույնը կարող են մտահոգություն հայտնել ռազմական գործողությունների վերսկսման կապակցությամբ,բանակցելու  կոչ անել, սակայն  չցուցանել իրական մեղավորին:

-Գերտերություններն աշխատում են Ադրբեջանի հետ պահպանել դիվանագիտական լավ հարաբերություններ: Չե՞ք կարծում, որ ի նկատի ունենալով հարևան երկրի կողմից միջազգային նորմերի բազմաթիվ խախտումները՝ Ադրբեջանին սանձելու համար պետք է կիրառվեն խիստ պատժամիջոցներ:

-Միանշանակ կարծում եմ՝ թեպետ իմ կողմից նկարագրված իրավիճակն այդ տեսանկյունից քիչ հույսեր է թողնում: Գերտերությունները, եթե անգամ դիրքորոշումների ընդհանրություն ունեն, այդուհանդերձ, այդ դիրքորոշումների տակ ընկած շահերը չափազանց տարբեր են ու երբեմն՝ հակադիր: Եթե անգամ պատկերացնեմ, որ Արևմուտքը պատժամիջոցներ է կիրառում Ադրբեջանի վարչակազմի դեմ, վստահ եմ, որ դա չեն անելու ո՛չ Թուրքիան, ո՛չ Ռուսաստանը (ով ևս պատժամիջոցների տակ է): Ավելին, փորձելու են օգտվել իրավիճակից՝ դեպի իրենց Ադրբեջանին ավելի շատ քաշելու համար: Սա բարդ խնդիր է, որի լուծումը պետք է գտնվի: Այդուհանդերձ, հայկական կողմը պետք է լրջորեն աշխատի ու գործի այս ուղղութամբ:

՞նչ տեսակետ ունեք, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն այս հակամարտության կարգավորման միակ երաշխիքը  կարելի է համարել:  Արդյո՞ք այս անգամ էլ հրադադարը չի ունենա 1994 թ.-ին հաստատված ,,փխրուն հրադարարի,, պատկերը:

-Մինսկի խումբը, որից կարող ենք բազում դժգոհություններ հայտնել, այդուհանդերձ, այլընտրանք չունի: Դրա փլուզումը շատ ավելի աղետալի հետևանքներ կունենա հակամարտության վերաբռնկման համար: Մենք պետք է ընդունենք, որ այն, ինչ այժմ տեղի  է ունենում, արդյունք է նաև Մինսկի խմբի դիրքերի թուլացման, կամ նույնիսկ՝ փաստացի բացակայության: Հետևաբար, Հայաստանը և Արցախը պետք է հասկանան այս ձևաչափի անհրաժեշտությունը՝ կայունության ապահովման ու անգամ խնդրի քաղաքական-իրավական լուծման տեսանկյունից: Մեր զինվորը հերթական անգամ իր կյանքի ու արյան գնով հայկական բանակցային դիրքերն ամրապնդելու հաղթաթուղթ է տվել: Հետևաբար, պետք է այն առավելագույնս օգտագործել ու դիվանագիտական արդյունք դարձնել: Օրինակ, պետք է պարտադրել, որ նոր հրադադարի պայմանագիրը՝ հայկական բանակի արձանագրած հաղթական պաշտպանության ու իրողությունների հաշվառումով, ստորագրվի առաջին հերթին Բաքվի ու Ստեփանակերտի միջև՝ Երևանի մասնակցությամբ ու համանախագահ երկրների երաշխավորությամբ: Պետք է դրվեն Ռուսաստանի ու, ընդհանրապես, ԵԱՀԿ անդամ երկրների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի խնդիրը, հրադադարի մշտադիտարկման ու խախտման միջադեպերի հետաքննության մեխանիզմի անհապաղ ստեղծման հարցը, Ռազմական հանցագործությունների համար Ադրբեջանի պատասխանատվության հարցը և այսպես շարունակ: Իսկ ԵԱՀԿ-ն ու Մինսկի խումբն այդպիսի հարցեր քննարկելու անայլընտրանք հարթակն են:

 Հարցազրույցը վարեց Սուսաննա Մարտիրոսյանը

Նույն շարքից