Հասարակություն 

«Աղետի գոտու թեման այլևս կորցրել է իր արդիականությունը և առաջվա պես չի հուզում մարդկանց». Վահան Թումասյան

analitik.am

Թեև 1988-ի երկրաշարժից անցել է արդեն 26 տարի, սակայն առ այսօր հարյուրավոր ընտանիքներ դեռևս անօթևան են: Ցավով պետք է փաստել, որ ողբերգական իրադարձություններից այսքան տարի անց էլ կառավարությունը դեռ շատ անելիքներ ունի, որոնք ինչ-ինչ պատճառներով մնացել են անկատար: Analitik.am-ի այսօրվա հյուրը «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանն է:




- Պարոն Թումասյան, 26 տարի անց ի՞նչ է փոխվել աղետի գոտում:

 

- Շատ բան է փոխվել, բայց արդյունքում` անտուն, անօգնական հարյուրավոր ընտանիքներ դեռ ապրում են վագոն-տնակներում` աղքատության սարսափելի պայմաներում: Նրանք յուրաքանչյուր օր ստիպված են լուծել հացի, վառելիքի խնդիր, որպեսզի կարողանան գոյատևել: Նրանցից շատերը նպաստների հույսին են, որը 15-20 հազար դրամից չի անցնում:Դրանով մարդիկ վճաում են և՛սնունդի համար, և՛ վառելափայտի, լուծում նաև կոմունալ ծախսերը: Պետք է ցավով նշեմ, որ այդ խոնավ, ցուրտ տնակներում ապրող մարդիկ ձեռք են բերել բազմաթիվ հիվանդություններ, իսկ այս համատարած թանկացումների պայմաններում բուժվել ոչ բոլորն են կարող:

 

 

 

- Քանի՞սն են այդ ընտանիքները:

 

- Այդ ընտանիքները 1200-ն են, որոնք մեր ուշադրության կենտրոնում են, իսկ մենք փորձում ենք օգնել, աջակցել նրանց, որքան ներում է մեր հնարավորությունները:

 

 

- Պարոն Թումասյան, Դուք մշտապես անօթևանների կողքին ենք, այս օրերին` առավել ևս. առավոտից երեկո մի տնակից մյուսն եք գնում` բաժանելով վառելիք և մնացած անհրաժեշտ պարագաները: Մինչև երբ, չէ՞ որ մի օր դա էլ կսպառվի, ի՞նչ եք անելու:

 

-Դժվար հարց է: Այո՛, այս օրերին միայն դրանով ենք զբաղված: Վագոն տնակներում բնակվող բազմաթիվ ընտանիքներից միայն մի փոքր մասն ունի ինքնուրույն վառելիք ձեռք բերելու հնարավորություն: Նրանց մեծ մասը ծայրահեղ չքավոր վիճակում է: Տնակներում փոքրիշատե ջերմություն ապահովելն այսօր ամենակարևոր խնդիրն է: Չմոռանանք, որ նրանց տնակները, հիմնականում, քարուքանդ վիճակում են, վառարանի ջերմությունն էլ չի պահպանվում: Կենտրոնը «Ջերմություն տնակներում ապրողներին» ակցիայի շրջանակում, բարերաների աջակցությամբ, վառելափայտ տրամադրեց առավել անապահով ընտանիքներին: Սակայն մենք չենք կարող ստանձնել պետության պարտավորությունները և անել գործեր, որոնք մեր ուժերից վեր են: Մինչդեռ, պետք է նշեմ, պատրաստ ենք շարունակելու մեր սկսած գործը, քանի դեռ կարողանում ենք: Այլ կերպ լինել չի կարող:

 

 

 

- Դուք վերջերս հարցում էիք ուղղել ՀՀ կառավարությանը` Գյումրիում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներին բնակարաններով ապահովելու ընթացքի մասին, պատասխանը գոհացուցի՞չ էր:

 

- Բնակարանային ապահովման ծրագիրն իրոք քանի տարի է ձգձգվում է, ինչը իսկապես շատ մտահոգիչ է: Աղետի գոտու հարյուրավոր ընտանիքներին հուզուղ ՀՀ քաղշիննախարարությանն ուղղված հարցման պատասխանը, այո, ստացել ենք: Իհարկե, այն չի գոհացնում. պատասխանում դարձյալ խոսվում է իշխանությունների որդեգրած քաղաքականության մասին`անօթևանների ընտանիքներին ինչ-որ ժամկետում բնակարաններով ապահովելու մասին:

 

 

 

- Ըստ ձեզ, ինչո՞ւ է ձգձգվում անօթևանների բնակարանային հարցի լուծումը: 25 տարի շարունակ խոստումներ ենք լսում, բայց ինչպես ասում են` «սայլը տեղից չի շարժվում»:

 

- ԽՍՀՄ տարիներին աղետի գոտու հանդեպ իշխանությունների վերաբերմունքը մի փոքր այլ էր, համաշխարհային արձագանք կար… Հիմա նկատել եմ, որ իշխանությունների կողմից միայն խոստումներ են հնչում: Եթե իշխանության խոստմանն հավասար նաև աշխատանք լինի, ամեն ինչ լավ կլինի, բայց որ չկա, արդեն հուսահատեցնող է: Բացի այդ, այժմ էլ նոր խնդիրներ են առաջացել` բնակարանային փոխհատուցման, փաստաթղթերի ձևավորման, խնդիր է նաև համայն հայության անտարբեր վերաբերմունքը: Իրականում, պետք է խոստովանեմ, խնդիրն այնքան խորն է ու մեծ, որ միայն Հայաստանի իշխանությունների ուժերով դա լուծում չի կարող ստանալ: Աղետի գոտու թեման այլևս կորցրել է իր արդիականությունը, այն առաջվա պես չի հուզում մարդկանց և սփյուռքին, առավել ևս իշխանություններին: 88-ի երկրաշարժի թեման հնացած է, և այսօր ունենք այն, ինչ ունենք: Ցավոք սրտի, իշխանությունների որդեգրած քաղաքականությունն էլ հիմնականում խոստումներ տալն ու իրական պատկերը թաքցնելն է:

 

Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից