Հասարակություն 

ՄԱԿ-ը՝ Հայաստանում կանանց դեմ բռնությունների պայքարի ծրագրի մասին

analitik.am

2014թ. առաջին ինը ամիսներին Հայաստանում բռնության ենթարկվել է 1500 կին: Աշխարհում անցկացված գենդերահեն բռնության դեմ ուղղված ակտիվիզմի 16-օրյակի առիթով ՄԱԿ-ը կոչ է անում ավելացնել Հայաստանում կանանց նկատմամբ բռնությանը վերջ տալուն ուղղված ջանքերը:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր հանձնակատար Հենրիետ Արենսը ընթերցեց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հայտարարությունը այս հարցի շուրջ, որում ասվում էր.«Մենք ընդունում ենք, որ Հայաստանի կառավարությունը դրական քայլեր ձեռնարկել է կանանց նկատմամբ բռնությունը դիմագրավելու ուղղությամբ և խրախուսում ենք իշխանություններին՝ շարունակել ընդդեմ գենդերային բռնության 2011-2015թթ-ի ռազմավարական ծրագրի ներքո դեռևս մնացած պարտավորությունների արդյունավետ կատարումը»:

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամ Պերճուհի Կաժոյանը նշեց, որ նշեց, որ թեև նախորդ տարի արձանագրված դեպքերի համեմատ այս տարի աճել են կանանց դեմ բռնությունները, սակայն միայն հասարակության իրազեկվածության աստիճանի բարձրացման հետևանքով:

«Այսօր մամուլը սկսել է ավելի շատ խոսել կանանց նկատմամբ բռնությունների մասին, դատական գործեր են լուսաբանում, և կանայք ավելի հաճախ են դիմում մեր կենտրոն կամ ոստիկանություն, քան նախկինում: Այսինքն` ընդհանուր առմամբ բռնությունների թիվը նույնն է, սակայն ավելի հաճախ է դրանց մասին բարձրաձայնվում»,-ասաց նա և ընդգծեց, որ իրենց կոալիցիայի կողմից ներկայումս մշակվում է «Ընտանեկան բռնությունների դեմ» օրենք, որը բաժանվել է արդեն իսկ ԱԺ բոլոր պատգամավորներին:

Պերճուհի Կաժոյանը բացատրեց, որ օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է նրանից, որ հաճախ նույն ոստիկանները չունեն այն մեխանիզմները և գործիքները, որոնց համապատասխան պետք է աշխատեն նման դեպքերում:

Մամուլի ասուլիսին ներկա էր նաև ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, ով կոչ արեց բոլոր այն կանանց, ովքեր ընտանիքում բռնության են ենթարկվում, դիմեն կոալիցիային: Վերջինս նաև ընդգծեց, որ ընտանեկան բռնությունները նվազեցնելու համար անհրաժեշտ է, որ միասին աշխատանք տանեն ոստիկանությունը, դատարաններն ու դատախազությունը:

«Նրանց հետ պետք է աշխատեն նաև հասարակական կազմակերպությունները, միջազգային կառույցները: Բոլորը պետք է ջանքերը համախմբեն: Ընտանեկան բռնությունների ժամանակ գործը չի կարող ավարտվել քրեական հետապնդումներով, այլ նաև կանխարգելման հարց և զոհերին աջակցելու խնդիր կա: Ես կարևորվում է ընտանեկան բռնության մասին օրենքի առկայությունը, որը կներառի քրեական հետապնդում, պաշտպանություն, կանխարգելում»,-ասաց նա:

Նույն շարքից