Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Պատերազմը չի ավարտվել և անհրաժեշտ են համապատասխան քայլեր. Թևան Պողոսյան

analitik.am

«Առհասարակ պետք է ընդունել, որ «ին-յան» ընկալումը ցանկացած երևույթի հետ աշխատում է: Այսինքն ամեն բացասականի մեջ կարող է դրական լինել, իսկ դրականի մեջ՝ բացասական»,-այսօր՝ ապրիլի 29-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ տվեց մեզ ապրիլյան պատերազմը:

Քառօրյա պատերազմը, պատգամավորի խոսքերով, ցույց տվեց, որ մեր նոր սերունդը հայրենասեր է, անվախ, իսկ հասարակությունն ունակ է անհրաժեշտության դեպքում բռունցք դառնալ և պայքարել թշնամու դեմ.

«Միևնույն ժամանակ չպետք է մոռանալ այլ բաների մասին: Խոսքս մասնավորապես վերաբերում է ի հայտ եկած բացերին, որոնք մինչև այս պահը չէին երևում և միգուցե չերևային էլ, եթե դեպքերն այլ կերպ զարգանային: Իմ կարծիքով՝ դրական է, որ գոյություն ունեցող բացերը բացահայտվեցին, քանի որ մենք հիմա լավ տեսնում ենք, թե որտեղ ենք թերացել, իսկ հիմա պետք է առանց վարանելու ձեռնամուխ լինենք խնդիրները լուծելուն: Իհարկե ես չեմ խոսում կոռուպցիայի մասին, քանի որ դրա մասին մենք միշտ ենք իմացել և գիտակցում ենք, որ հենց դա է բոլոր բացերի պատճառը»:

Պողոսյանը, անդրադառնալով նրան, թե ինչ պետք է անենք, նշեց, որ բոլոր ոլորտներում էլ խնդիրներ կան, որոնք լուծելու համար նոր տեսլականներ են պետք, թարմ գաղափարներ: Ըստ նրա, հիմա պետք է հասկանալ, թե ինչպես են տարբեր գերատեսչություններն աշխաատելու իրար հետ արդյունք ապահովելու համար.

«Ես վստահ եմ, որ շատ դասեր են քաղվել: Գիտակցումը կա, որ պատերազմը չի ավարտվել և անհրաժեշտ են համապատասխան քայլեր: Ընկալումը կա, հնարավոր է ինչ-որ բաներ արվել են, սակայն արդյունքները դեռ տեսանելի չեն, եթե չհաշվենք այն պաշտոնանկությունները, որոնք եղան ՊՆ-ում: Իսկ հանրությունը ցանկանում է փոփոխություններ տեսնել, որոնք պետք է լինեն, այդ թվում, նաև նոր պաշտոնանկություններ և նշանակումներ: Միգուցե, ինչ-որ փակ բաներ են արվում, սակայն ցանկացած գործընթաց պետք է ինչ-որ չափով հասանելի լինի նաև հանրության համար»,-ասաց բանախոսը՝ հույս հայտնելով, որ համապատասխան աշխատանքներ կտարվեն բոլոր ոլորտներում և բոլոր մեղավորները կպատժվեն:

Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե հնարավոր է բացերի պատճառը մեր քաղաքական էլիտայի «ծերությունն» է, ինչի համար էլ մեզ սերնդափոություն է պետք՝ պատգամավորն ասաց, որ ինքը միշտ է ողջունել երիտասարդներին պաշտոնների նշանակելը և հաճախ քննադատությունների ենթարկվել.

«Բնական սերնդափոխությունը, իհարկե, պետք է տեղի ունենա, սակայն պետք է հասկանալ, թե որտեղ են իրական խնդիրները: Հնարավոր է՝ լինեն խնդիրներ, որոնց հիմքում ընկած է օրենքի ոչ լիակատար լինելը, հետևաբար պետք է փոփոխություններ արվեն նաև օրենսդրական դաշտում»:

Անդրադառնալով պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած պաշտոնանկություններին՝ պատգամավորն ասաց, որ ուրախ կլինի, եթե հեռացվածներին փոխարինեն նոր երիտասարդ կադրեր, որոնք ունեն նոր գաղափարներ, նոր շունչ կբերեն և նորովի կմոտենան խնդիրների լուծմանը և պարտադիր չէ, որ նրանք լինեն գեներալներ.

«Մենք այսօր շատ խնդիրներ լուծում ենք հենվելով 1994 թվականի փորձի վրա: Սակայն աշխարհը փոխվել է, պետք է են նոր մոտեցումներ: Սա վերաբերում է բոլոր ոլորտներին՝ ռազմական բժշկությունից մինչև լոբիստիկա և այլն»:

Այն հարցին, թե չկա արդյո՞ք վտանգ, որ հեռացված զինվորականներն ուղղակի քավության նոխազ կդառնան՝ բանախոսն ասաց, որ չի կարող ասել և հավելեց, թե նրանք պետք է պատժվեն, եթե հետաքննությունը ցույց տա, որ օրենք է խախտվել.

«Ամեն դեպքում, պետք է ամբողջական համակարգը նայել: Այս նույն մարդիկ երբեմն որոշում կայացնող են եղել, երբեմն՝ իրենց վերադասի համար որոշում մշակող: Պետք է տեսնել, թե ովքեր են այդ մարդկանց համար որոշումներ մշակել, քանի որ հնարավոր է խնդիրը նաև այնտեղ է եղել: Այսօր մենք շատ ենք խոսում որոշում կայացնողների մասին՝ մոռանալով դրանք մշակողներին, ինչն անթույլատրելի է»:

Նույն շարքից