Հայաստան Հասարակություն Տնտեսություն 

«Աշխատողների իրավունքները բավականին պաշտպանված են օրենսգրքով, այստեղ խնդիրը ցածր իրավագիտակցության մեջ է». Ինեսա Վարդանյան

analitik.am

«Հայաստանը միացել է աշխատանքային օրենսդրության միջազգային խարտիային և գրեթե բոլոր կետերով օրենսդրությունը համապատասխանեցրել միջազգային չափանիշերին»,- այսպես է կարծում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանն, ով աշխատավորների միջազգային օրվան ընդառաջ այսօր՝ ապրիլի 30-ին հրավիրված մամուլի ասուլիսին  ասաց, թե 10-11 կետերում  դեռևս կան անհամապատասխանություններ, բայց դրանք միայն մեզ մոտ չէ, որ առկա են, այլև շատ եվրոպական երկրներում: Ամբողջությամբ համապատասխանեցնել, ըստ նրա, միանգմից հնարավոր չէ. «Այդ անհամապատասխանությունները հիմնականում վերաբերում են կոլեկտիվ պայմանագրերին, սոցիալական գործընկերության որոշակի դրույթներին, 24-ժամյա աշխատանքային ռեժիմին, որը չի համապատասխանում Եվրոպական խարտիայի իրավունքներին, որտեղ օրինակ՝ ասվում է, որ 16 ժամից ավել չի կարելի թույլատրել աշխատանք կատարել, բայց մեր դեպքում առանձին ոլորտների համար դեռևս պահպանվում են 24-ժամյա աշխատանքի կիրառման տարբերքակները»,- ասաց նա:

Փաստաբանների պալատի անդամ Ինեսա Վարդանյանի պնդմամբ՝ աշխատողների իրավունքները բավականին պաշտպանված են օրենսգրքով, այստեղ խնդիրը ցածր իրավագիտակցության մեջ է:

«Կարծում եմ ուղղակի աշխատողները իրազեկված չեն իրենց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Եվ իրազեկող էլ շատ անգամ չունենք, քանի որ  գործատուին (խոսքն, իհարկե, անբարեխիղճ գործատուի մասին է) ձեռնտու է, երբ աշխատակիցն անտեղյակ է: Ունենք կատեգորիա, որ գիտի, տեղյակ է, որ խախտվել է իր իրավունքը, բայց չունի բավարար միջոցներ դատարան դիմելու համար»:

Ինեսա Վարդանյանի խոսքով՝ այդ խմբերը համակերպվում են իրենց իրավունքների խախտումների հետ, քանի որ ընտանիքը պահելու, հացի խնդիր ունեն, իսկ մյուսներն էլ, գուցե դարձյալ սոցիալական մակարդակից կամ կրթության բացակայության կամ թերի ընտանեկան դաստիարակության արդյունքում ոչ իմանում են, որ իրենց իրավունքները ոտնահարվել են, ոչ էլ, բնականաբար ձայն կբարձրացնեն:

«Այդուհանդերձ, ըստ վիճակագրության,՝ յուրաքանչյուր տարի ավելի է շատանում այն աշխատողների թիվը, որոնք դատարան են դիմում: Չնայած ըստ նրա՝ շատ ավելի աշխատողներ չեն դիմում, որովհետև օրինակ՝ տեղյակ չեն, որ փաստաբանին վճարած գումարը վերադարձվում է, եթե տեղյակ են, բայց մտածում են, որ հնարավոր է պարտվեն և աշխատանք չունենալուն զուգահեռ փաստաբանի գումարներն էլ վճարեն»:

Եվս մեկ պատճառ, որը նշեց բանախոսն իբրև դատարան չդիմելու հիմնավորում, այն է, որ գործատուի հետ լարված հարաբերություններ ենփադրյալ դատարան դիմող անձը  չի ցանկանում ունենալ: «Եթե երկու ժամ ավել են աշխատում, չեն կարող գնալ և գործատուի դուռը թակել, ասել՝ «գիտեք, ավել եմ աշխատել», որովհետև հասկանում են, անմիջապես գործատուն քայլեր կձեռնարկի իրենցից ազատվելու համար, իհարկե, այլ պատճառներ գտնելով, որը դժվար չէ»,- ասաց նա:

Լրագրողների այն համոզմանը, թե նման խնդիրները քաղաքակիրթ երկրներում արհմիությունների միջոցով են կարգավորում, իսկ Հայաստանում՝ ոչ և արհմմիությունները կրում են ավելի շատ ձևական բնույթ, Թադևոս Ավետիսյանը չհամաձայնեց՝ ասելով՝ «Արհմիություններից բազմաթիվ գրություններ ենք ստացել և բազմաթիվ են դեպքերը, որ դրանք դատարանում պաշտպանել են աշխատողի իրավունքները, բայց, իհարկե, խնդիրներ այստեղ շատ կան»:

Նույն շարքից