Գլխավոր Հայաստան Տնտեսություն Քաղաքականություն 

Եթե Հայաստանը Մոսադ ունենար, ՎՏԲ բանկի գոյությունը կարող էր վտանգավոր չլինել, բայց չունենք. Լ. Շիրինյան

analitik.am

Այսօր՝ ապրիլի 30-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում  լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Լևոն Շիրինյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերում նրան, որ   ՎՏԲ բանկում ադրբեջանական պետական նավթային ֆոնդը կապիտալի ունի (նշենք, որ այդ կերպ Ադրբեջանը հնարավորություն է ունենում գաղտնի ինֆորմացիա ստանալ Հայաստանից) ասաց, որ այդ երևույթը նորմալ կարող է համարվել այն դեպքում, երբ  Հայաստանում  իսրայելական Մոսադի նման մի բան լինի, որը անգամ ամուսինների կողքին մեկ հետախույզ ունի: Նման բան Հայաստանը չունի, ուստի նման կազմակերպությունների գոյությունը  վտանգավոր է մեզ համար:

Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե Հայաստանը պետք է հրաժարվի թուրքական ապրանքներից, ապա քաղաքագետի կարծիքով, դա առաջին հերթին պետք է ոչ թե Թուրքիային պատժելու, այլ այդ լծակից ազատվելու համար, քանի որ նույն Թուրքիան կարող է ցանկացած պահի փակել այդ աղբյուրը և Հայաստանը կհայտնվի վատ վիճակում, ինչպես օրինակ Ռուսաստանն է օգտագործում այստեղ ունեցած իր լծակները. «Ես կարծում եմ, որ պետք է մենք լրջորեն մտածենք Իրանի հետ մեր կապն ամրապնդելու մասին: Իրանը հսկայական պոտենցիալով երկիր է, Հայաստանը քայքայելու ռազմավարություն չունի և  չի էլ կարող ունենալ: Բացի դրանից,  նրանք էլ են հասկանում, որ Հայաստանը լավ հարևան է: Ես դեռ 90-ականներին Իրանում մի հանդիպման ժամանակ հայտարարեցի, որ որքան մեծ լինի հայ-իրանական սահմանը, այդքան լավ կլինի և Հայաստանի, և Իրանի համար, ուստի կոչ արեցի նրանց օգնել այդ սահմանը մեծացնել, այսինքն՝ Քուր-Արաքսյան Հանրապետություն ստեղծելուն նպաստել»:

Այն դիտարկմանը, որ Իրանը, Ադրբեջանը, Թուրքիան իսլամական պետություններ են, քաղաքագետն ասաց, որ դա ոչինչ չի փոխում և օրինակ Իսլամական կոնֆերանս  կոչվածում Իրանը միշտ էլ պաշտպանել է Հայաստանի շահերը. «Բացի դրանից, մենք նաև համակեցության խնդիր չունենք»:

Բանախոսը նաև խոսեց այն մասին, որ որոշ հայ փորձագետներ, որոնք իրենց անկախ են համարում, հարցազրույցներ են տալիս ադրբեջանական ԶԼՄ-ներին: Նա նշեց, որ չի ցանկանում քննադատել այդ մարդկանց, բայց վատ է վերաբերում երևույթին. «Ի՞նչ է նշանակում անկախ...այսօր պետք է լինել հայամետ, քանի որ մեր շահից այն կողմ որևէ բան չկա»:

Նույն շարքից