Հասարակություն 

Հետաձգվեց «Կրթության մասին օրենքի» փոփոխությունը, ըստ որի՝ պարտադիր կրթությունը մինչև 19 տարեկան է

analitik.am

Այսօր ԱԺ բոլոր խմբակցությունների առաջարկների հիման վրա ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մեկ օրով հետաձգեց «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին»  օրենքներում  փոփոխություններ կատարելու մասին կառավարության նախագիծը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին քվեարկությունը։ Նախագծով ամրագրվում է, որ 12-ամյա կրթությունը պարտադիր է մինչև 19 տարեկան աշակերտների համար:



Քվեարկությունը հետաձգվեց պայմանով, որ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները վաղը ժամը 11-ին կհանդիպեն կրթության նախարար Արմեն Աշոտյանի հետ և կքննարկեն այն:



Քանի որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ նախագծում 1-ից, 2-րդ ընթերցում ընկած ժամանակահատվածում հիմնականում մեկ հիմնական փոփոխություն է կատարվել, որ օրենքն ուժի մեջ պետք է մտնի ոչ թե 2016-ին, այլ 2017-ին, նախ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Արամ Մանուկյանը առաջարկեց, որ նախագիծը քվեարկվի վաղը, իսկ մինչ այդ պատգամավորները կծանոթանան ոչ թե Գալուստ Սահակյանի բանավոր հավաստիացումներին, այլ գրավոր տեքստին:

 

 

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն իր գործընկերներին բացատրեց. «Առաջարկում է փոփոխություն, որ միջնակարգ կրթությունը պարտադիր լինի մինչև 19 տարեկան աշակերտների  համար: 19 տարին պարտադիր, եթե անգամ աշակերտը գնում է արհեստագործական  ուսումնարան  կամ քոլեջ, նա պետք է պարտադիր միջնակարգ կրթություն ստանա մինչև 19 տարեկան»,-ասաց Հեղինե Բիշարյանը և ավելացրեց, որ եթե ինչ-ինչ պատճառներով աշակերտը չցանկանա, ապա կառավարությունը կարող է  աշակերտների շարժի մասին որոշում ընդունել։



Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ սա անընդունելի է, և պարտադիր գաղափարը պետք է հանվի նախագծից: Իսկ իր խմբակցության անդամներին էլ նա կոչ արեց  չմասնակցել այս նախագծի քվեարկությանը:



Կրթության և գիտության հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն ասաց, որ խոսքը ամենևին այն մասին չէ, որ աշակերտը անպայման պետք է 19 տարեկանում կրթվի, սակայն, հիշեցրեց. «Սահմանադրությունը  նախատեսում է, որ պետությունը կարող է օրենքով սահմանել պարտադիր կրթության ավելի  բարձր մակարդակ»։



Երկրորդ, Արտակ Դավթյանը հավելեց, որ օրենքը չի ասում, որ բոլորը պետք է պարտադիր մինչև 19 տարեկանում կրթություն ստանան, այլ միայն դեպքերում, եթե աշակերտը մինչև 19 տարեկանը չի իրացրել իր 12 ամյա պարտադիր կրթության ոչ միայն իրավունքը, այլ պարտավորությունը:

 

 

«Բարգավաճ Հայաստանը» ներկայացնող Նաիրա Զոհրաբյանը կրկնեց առաջարկը` ասելով, որ օրենքի նախագիծը լուրջ հակասություններ է պարունակում և առաջարկեց նորից քննարկել նախագիծը, «որ խիստ անկանխատեսելի հետևանքներ չառաջանան  խիստ  ռադիկալ ռեֆորմներին պատճառով»:
 



Եթե առաջարկը չհարգվի, ապա նախագծին ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու: ԲՀԿ-ական ավելացրեց, որ ավագ դպրոցները այսօր կայացած չեն, որ սա որևէ  մեկի համար գաղտնիք չէ, և ով հակառակը ասի, պարզ դեմագոգիայով կզբաղվի:



Ի վերջո, «ՀԱԿ»-ից Արամ Մանուկյանը նկատեց, որ Գալուստ Սահակյանը իրենց մեկ այլ բան է ասում, Աժ կայքում մեկ այլ բան է գրված, իսկ իրենց ձեռքի տակ եղած նախագծում՝ մեկ այլ բան։



«Չի կարելի էսպիսի քվեարկություն, մի՛ արեք»,-հորդորեց Արամ Մանուկյանը:



Երբ առաջարկին միացավ նաև ՀՅԴ-ն ներկայացնող Արծվիկ Մինասյանը, Գալուստ Սահակյանն առաջարկեց  վաղը մինչև 11-ը հանդիպել կրթության նախարար Արմեն Աշոտյանի հետ:

Նույն շարքից