Հասարակություն 

Թող բոլոր նահատակները բարեխոս լինեն Աստծուն՝ աշխարհի խաղաղության համար. Ամենայն Հայոց կաթողիկոսի ելույթը Հսկման արարողությանը

analitik.am

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ և հայ հոգևորականության մասնակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացավ  Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման՝ Հսկման կարգը։

 

Արարողությանը մասնակցում էին նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայաստան ժամանած քրիստոնեական եկեղեցիների հովվապետեր ու պաշտոնական պատվիրակություններ։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդես եկավ ելույթով։ Նա նշեց, որ հայ եկեղեցու համար մխիթարանք է, որ այս պահին այստեղ ներկա են քույր եկեղեցիների ներկացուցիչները, հովվապետեր ու պատվիրակները:

 

«Տիրոջ կամքով վաղը՝ ապրիլի 23-ին, այս Սուրբ տաճարի հովանու ներքո Հայոց առաջին քրիստոնյա արքայի՝ Սուրբ Տրդատի անունը կրող խորանի առջև պետք է կատարենք սրբադասման արողությունը ցեղասպանության նահատակների՝ հայցելով սուրբ վկաների բարետեսությունը՝ ազգային և հոգևոր կյանքի զորացման ու առաջընթացի համար: Նահատակության ոգին քրիստոնեական մեր կյանքի սնուցող աղբյուրն է»,-ասաց կաթողիկոսը և նշեց, որ պատմության ընթացքում եկեղեցուն կենսունակություն է պարգևել մարտիրոսների թափված արյունը:

 

«Մեր ժողովուրդը պատմության ողջ ընթաքցում հաճախ պատարագվեց նահատակության խորանի վրա՝ դառնալով աստվածպաշտության սքանչելի օրինակ: Ցեղասպանության տարիներին ևս մեր զավակների կրած նահատակության ու չարչարանքի  պատմությունները որքան ցավ, նույնքան հավատքի մեջ ամրանալու և խիզախելու նոր խթան է դառնում ամենիքս համար»,-նշեց նա:

 

Ամենայն Հայոց կաթողիկոսը նշեց, որ նույն ոգով այսօր էլ տեսնում են, թե աշխարհի տարբեր տեղերում, մասնավորպես՝ Մերձավոր արևեքում, ինչպես են մարդիկ տառապում իրենց հավատի համար, սակայն շարունակում պահել հավատը: «Մենք հիանում ենք տոկանությամբ մեր քրիստոնյա եղբայրների, ովքեր զրկանքների ու չարչարանքների մեջ չեն ուրանում հավատը»,-ասաց նա:

 

«Մեր տերը խռովության Աստված չէ, այլ խաղաղության, մեր ժողուրդը, մեր երկեղեցին ինչպես անցյալում, այնպես էլ՝ հիմա արտահայտել են Քրիստոսի սրբազան առաքելությունը: Թող բոլոր նահատակները և նրանց հետ նաև ցեղասպանության նահատակները բարեխոս լինեն Աստծուն՝ աշխարհի խաղաղության համար»,-ասաց նա և նշեց, որ հավատում են, որ Ցեղասպանության նահատակներն այսօր ևս շարունակում են ապրել:

«Թող Աստված օրհնի արդարության և ազգերի միջև եղբայրության ճանապարհը: Աղոթք և օրհնություն Ցեղասպանության բոլոր զոհերի հիշատակին՝ տիրոջ սերն ու օրհնությունը լինեն ամենքիս հետ այսօր և միշտ և հավետյանս, ամեն»,-եզրափակեց կաթողիկոսը:

 

Հսկման կարգի ընթացքոււմ աղոթքին զուգահեռ մասունքարանների մեջ են զետեղվում Հայոց ցեղասպանության նահատակների մասունքները, որոնք արդեն վաղը` ապրիլի 23-ին, ներկայացվելու են սրբադասման կարգին` հարգանքի ու խոնարհումի համար:  Մասունքները 1965 թվականին Դեր Զորից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է բերվել Վազգեն Վեհափառի կողմից և պահվել մայր տաճարի մոտ` ուխտի խաչքարի տակ: Մյուս մասն էլ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարանի Սրբոց Նահատակաց մատուռում պահված մասունքներն են:

Նույն շարքից