Մամուլի ակումբ 

«Նոյեմբերի 10-ի՝ գիտության միջազգային օրվա նկատմամբ անտարբերությունը Հայաստանում. գիտության նկատմամբ անընդունելի վերաբերմունք»

analitik.am

Ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը նոյեմբերի 13-ին «Անալիտիկ» կենտրոնում կայացած «Նոյեմբերի 10-ի՝ գիտության միջազգային օրվա նկատմամբ անտարբերությունը Հայաստանում. գիտության նկատմամբանընդունելի վերաբերմունք» թեմայով ասուլիսի ժամանակ խոսեց Հայաստանի իշխանությունների կողմից Գիտության միջազգային օրվա կապակցությամբ ցուցաբերած անտարբերության ու գիտության ֆինանսավորման ավելացման անհրաժեշտության մասին: 
«Գիտության միջազգային օրվան նվիրված որևէ միջոցառում չկազմակերպվեց, կատարյալ անտարբերություն ցուցաբերվեց երկրի իշխանությունների կողմից, այն դեպքում, երբ նրանք տեղեկացված էին, և գիտական հանրության բազմաթիվ ներկայացուցիչներ առաջարկել են իշխանություններին անդրադառնալ այդ միջոցառմանը: Գիտության միջազգային օրվան ոչ մի անդրադարձ չեղավ, գոնե հասարակ շնորհավորանքների կամ ուղերձի տեսքով: Մենք փորձում ենք պայքարել գիտության ֆինանսավորման ավելացման համար, սակայն առայժմ ոչ մի տեսանելի արդյունքի չենք հասել: Ֆեյսբուքում արդեն երկու տարի է հանդես ենք գալիս «Պահանջում ենք գիտության ֆինասավորման ավելացում» նախաձեռնությամբ: Պետության ղեկավարությունը սրա մասին լավ տեղյակ է, եղել են բազմաթիվ հանդիպումներ իշխանության ներկայացուցիչների հետ, և այս խնդիրը բազմաթիվ անգամներ բարձրաձայնվել է: Իհարկե, շարունակելու ենք փորձել հասնել որևէ արդյունքի, սակայն առայժմ առաջընթաց չկա։ Այժմ ընթանում է 2014 թ-ի ՀՀ բյուջեի ընդունման գործընթացը, մասնակցել եմ քննարկումներին, և որևիցե փոփուխություն չի ակնկալվում»: 
Արթուր Իշխանյանը խոսեց նաև ԽՍՀՄ շրջանում Հայաստանի գիտական ձեռքբերումների մասին՝ համեմատական տանելով այժմյան Հայաստանի գիտության վիճակի հետ: Փաստերը վկայում են, որ գիտության նկատմամբ վերաբերմունքի տեսակետիից այսօր մեր երկիրն աշխարհում զբաղեցնում է վերջին հորիզոնականներից մեկը, մինչդեռ Խորհրդային շրջանում այն գտնվում էր առաջին հորիզոնականներում: «Բոլոր երկրներում մեծ ուշադրություն է ցուցաբերվում գիտության նկատմամբ, իսկ Հայաստանում հակառակն է: Այժմ Հայաստանում գիտնականների միջին տարիքը 60-ից բարձր է, և գիտությունը գտնվում է, այսպես ասած, կենսաթոշակի նախաշեմին: Երիտասարդ գիտնականներն այսօր շատ քիչ են, իսկ նրանց արտահոսքն էլ օրեցօր ավելանում է: Հայաստանում գիտությունը ծերանում է, ինչը շատ լուրջ վտանգ է»: 

Իշխանյանի խոսքով՝ մենք գործ ունենք շատ լուրջ դեմագոգիկ իրավիճակի հետ, իշխանությունների տված խոստումները միայն խոսքեր են, որոնք չեն վերածվում գործի: «Մշտապես հնչում են ամպագոռգոռ հայտարարություններ, որ գիտությանը ՀՀ-ում կարևոր տեղ է հատկացվում, որ այն Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն: 2011 թ. օգոստոսի 29-ին Ծաղկաձորում կայացավ հանդիպում ՀՀ Նախագահի և 50 երիտասարդի միջև, որտեղ ես էլ էի ներկա և անդրադարձա գիտության ֆինանսավորման ավելացման խնդրին, սակայն ՀՀ Նախագահն ասաց, որ մերձակա ժամանակահատվածում դա հնարավոր չէ, քանի որ միջնաժամկետ ծրագրերն արդեն կազմված են, ուստի այս խնդրին անդրադարձ կկատարվի ավելի ուշ: Այդ օրվանից արդեն բավականին ժամանակ է անցել, և այսօր արդեն երրորդ բյուջեի քննարկումն է, 2014 թվականինը, որի նախագծում և նույնիսկ հաջորդ երկու տարիների` 2015-2016 թ.թ.միջնաժամկետ ծրագրերով նախատեսված է ֆինանսավորման նույն մակարդակը, ինչ եղել է անցած երեք տարիներին, և որևէ փոփոխություն չկա»:
Իշխանյանի կարծիքով՝ փաստերը կարող են ենթադրության տեղիք տալ, որ գիտական ոլորտում գիտակցաբար դրական փոփոխություններ չեն իրականացվում, որ գործ ունենք քաղաքականության հետ, որի նպատակն է ոչնչացնել գիտությունը: 
Անհրաժեշտ է նաև քայլեր կատարել գիտության նկատմամբ հասարակության վերաբերմունքի փոփոխման ուղղությամբ: Գիտության ֆինանսավորման ցածր մակարդակը ռեսուրսների բացակայությամբ պայմանավորելն անընդունելի է, քանի որ, օրինակ, այսօր լայնածավալ եկեղեցաշինարարություն է կատարվում, ասֆալտապատում, որոնք այս պահին այդքան էլ հրատապ չեն, ավելի շատ ճոխություն են, որոնք կարող էին սպասել»: 
Արթուր Իշխանյանն անդրադարձավ նաև այն տարածված կարծիքին, որի համաձայն հայերը դեռ հին ժամանակներից են «գիտության ազգ» եղել. «Գիտությունը, բառի ժամանակակից իմաստով, ամբողջ աշխարհում ունի ընդամենը 400 տարվա պատմություն, մինչ այդ տեղի ունեցածը չի համարվում գիտություն՝ անգամ, եթե պարունակում է գիտական տարրեր: Գիտությունը ձևավորվել է միջնադարի վերջին շրջանում Եվրոպայում, և հետագայում էլ ակտիվ կերպով զարգացել Եվրոպայում, ԱՄՆ-ում, ինչի մասին են վկայում արդեն 1900-ականներին Եվրոպական երկրներում և Ամերիկայում գոյություն ունեցող ինքնաթիռները, ռադիոն և այլն: Արիստոտելյան «գիտությունը» համարվում է մետաֆիզիկա, որը նույնպես գիտություն չէ: Առաջին անգամ Գալիլեո Գալիլեյն է շարադրել գիտության բնորոշումը համապարփակ ձևով: Հայաստանում գիտությունն առաջացել է Խորհրդային ժամանակաշրջանում, իսկ մինչ այդ անգամ գիտական լուրջ տարրեր պարունակող աշխատությունները հաճախ արգելված են եղել՝ օրինակ Անանիա Շիրակացու աշխատությունները, որոնք մի քանի դար կալանքի տակ են պահվել, իսկ Շիրակացին էլ հալածվել է: Սա վկայում է այն մասին, որ գիտությունը չի եղել մեր ապրելակերպի մի մասը, իսկ եկեղեցին էլ այն խրախուսելու փոխարեն հալածել է »:
Իշխանյանը համաձայն չէ նաև այն պնդման հետ, որ Հայաստանում Եկեղեցին է եղել գիտության պահպանողը։Իրականում Եկեղեցին գիտության զարգացման հարցում եկեղեցին համակարգային մակարդակով որևիցե քայլ չի կատարել, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով այն մշտապես գիտական գործընթացներից դուրս է եղել և այդ վիճակում էլ շարունակում է մնալ: «Կոչ եմ անում Եկեղեցուն հայացքն ուղղել դեպի գիտությունը, եթե Եկեղեցին գիտության հետ համագործակցելու քայլեր կատարի, ապա անպայման կհասնենք հաջողության»: 
Իշխանյանն անդրադարձավ նաև գիտնականների չնչին վարձատրությանը. «Այսօր ԱԺ-ն ընդունում է տխրահռչակ աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ օրենքը, սակայն նվազագույն քայլ անգամ չի կատարվում գիտնականների աշխատավարձը բարձրացնելու համար: Այս պատճառով էլ տարեց տարի կրճատվում է գիտնականների թիվը: Հայաստանում կան մոտ 4000 գիտնականներ, ինչը նշանակում է, որ նրանց աշխատավարձի բարձրացումն աստղաբաշխական գումարների հետ կապված չէ: Հայաստանի զարգացման նախապայմաններից մեկը հենց գիտության զարգացումն է, ուստի չի կարելի գիտնականներին այսչափ անուշադիր վերաբերմունք ցույց տալ: Նույն հաստատությունում գիտնականն ավելի քիչ է վաստակում, քան հավաքարարը, վարորդը, բանվորը: Դոկտոր-պրոֆեսորի մաքուր աշխատավարձը կազմում է 60-70 000 ՀՀ դրամ, հասկանո՞ւմ եք»:

Նույն շարքից