Մամուլի ակումբ 

«Ոլորտի առաջատարները Հայաստանում կայացած նորաձևության շաբաթի մասին»

analitik.am

Նոյեմբերի 14-ին «Անալիտիկ» կենտրոնում կայացած «Ոլորտի առաջատարները Հայաստանում կայացած նորաձևության շաբաթի մասին» թեմայով ասուլիսի ժամանակ առաջատար դիզայներներն իրենց վրդովմունքը հայտնեցին «Հայաստանի նորաձևության շաբաթ» միջոցառման վերաբերյալ: 
«Ատեքս» նորաձևության տան տնօրեն Կարինա Դմոյանն ասաց, որ Հայաստանի առաջատար դիզայներները չեն մասնակցել «Հայաստանի նորաձևության շաբաթ»-ին, և ինքը հրավիրված է եղել այնտեղ միայն որպես հյուր. «Դա ընդամենը սովորական միջոցառում էր, որտեղ երիտասարդ դիզայներները ցուցադրում էին իրենց աշխատանքները: Բոլորը մեզ հարցնում են, թե ինչու՞ չենք մասնակցում նորաձության շաբաթին, ես ասում եմ, որ մենք, ինչպես նաև շատ հայ կայացած դիզայներներ, հրավիրված չենք եղել՝ որպես մասնակից»: Կարինա Դմոյանը խոսեց նաև այն պայմանների մասին, որում հայ դիզայներները ստիպված են աշխատել, նրա խոսքով՝ մեր դիզայներները հերոսներ են, որ կարողանում են աշխատել այսչափ ծանր պայմաններում, քանի որ թեթև արդյունաբերությունը, ինչպես նաև նորաձությունը չի ֆինանսավորվում պետության կողմից»: Կարինա Դմոյանն ավելացրեց նաև, որ Մոսկվայից եկած հյուրերը շատ վատ կարծիք են հայտնել «Հայաստանի նորաձևության շաբաթ»-ի վերաբերյալ, ուստիև վատ կարծիք են կազմել Հայաստանում նորաձևության ոլորտի վերաբերյալ, այնինչ Հայաստանյան նորաձևությունը բավականին երկարամյա և որակյալ պատմություն ունի: 

«Շադոյան» բրենդի դիզայներ Գևորգ Շադոյանը նշեց, որ ինքը հրավիրված է եղել «Հայաստանի նորաձևության շաբաթ»-ին, սակայն հրաժարվել է մասնակցել, քանի որ պետք է մասնակցեր «Ուկրաինայի նորաձևության շաբաթին» : «Այս միջոցառմանը պետք էր մեր երկրի նորաձևությունը ներկայացված լիներ, սակայն շատ վատ կարծիք կազմվեց մեր երկրի նորաձևության մասին: Եթե շախմատի, ֆուտբոլի և այլնի համար ֆինանսներ են հատկացվում, պետք է նորաձևության համար նույնպես ֆինանսական միջոցներ հատկացվեն, որպեսզի այս ոլորտն էլ զարգանա»: 

Դիզայներ Լիլիթ Մարգարյանը շատ հիասթափված է հայ առաջատար դիզայներների նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքից: «Հայաստանում չի գնահատվում կայացած դիզայների աշխատանքը, և ոչինչ չի արվում նորաձևությունը զարգացնելու համար: Հայաստանում դիզայներներն արհամարված են բոլոր առումներով, և քաջ են այն դիզայներները, ովքեր այս պայմաններում կարողանում են ստեղծագործել և կազմակերպել իրենց հավաքածուների ցուցադրությունները: Դիզայների մասնագիտությունը ինտերնետից արտատպելը չի, այն պահանջում է երկար տարիների փորձ ու աշխատանք: Մենք չունենք մոդելավորողների միություն, որը կզբաղվեր այս ոլորտի կարգավորմամբ ու նման անարդար պահերին կարգի կբերեր ամեն ինչ»: 
Դիզայներ Արամ Նիկոլյանի կարծիքով նորաձության շաբաթ լինել չի կարող այն երկրում, որտեղ չկա թեթև արդյունաբերություն: «Ծիծաղելի է ուղղակի նորաձության շաբաթ անելը: Այն ունի մեծ անուն և պետք է մոտենալ շատ մեծ պատասխանատբությամբ»: 
«Հարմոնի Երևան» բրենդի դիզայներ Միքայել Դանիելյանի կարծիքով այս խնդիրը ստեղծել են հենց իրենք դիզայներները, քանի որ պետք է համախմբվել ու փորձել հանրությանը թելադրել հայկական նորաձևությունն ու թույլ չտալ, որ օտարները թելադրեն այն»:
«Ատեքս» նորաձևության տան փոխտնօրեն Օլգա Լավրինենկոն նույնպես իր վրդովմունքը հայտնեց «Հայաստանի նորաձևության շաբաթ>>-ի վերաբերյալ. «Այն ինչ տեսա նորաձության շաբաթի շրջանակներում լուրջ չէր: Ես վրդովված եմ, որ որոշ մարդիկ ուղղակի խաղում են Հայաստանի նորաձության անվան հետ: Ինձ հրավիրել էին որպես հյուր, բայց մյուս ոճաբաններին ուղղակի արհամարհել էին, որը շատ վատ վերաբերմունք էր բոլորիս նկատմամբ»:
Դիզայներ Լիլիթ Մարգարյանն էլ կես կատակ կես լուրջ ավելացրեց. « Մենք որոշել ենք ոճաբանններով ստեղծել մի երգչախումբ և երգել, որպեսզի երգիչները լսեն ու հասկանան, թե ինչքան վատ ենք երգում և ինչ է լինում, երբ ամեն մարդ իր գործով չի զբաղվում»:

Նույն շարքից