Անալիտիկ կենտրոն Մամուլի ակումբ 

Վահագն Մադոյանի նկատմամբ վատ են վարվել

analitik.am

Այսօր «Անալիտիկ» կենտրոնում կայացած «Գյումրիի մանկական ավստրիական հիվանդանոցի բժիշկ-գինեկոլոգ Վահագն Մադոյանի նկատմամբ կիրառված գործողությունների օրինականության սահմանը. Բժշկական Ազատ-Անկախ Արհմիությունն ի պաշտպանություն բժիշկ Մադոյանի» թեմայով ասուլիսի հյուրերն էին  «Բժշկական Ազատ- Անկախ Արհմիության» ներկայացուցիչներ՝ բժիշկ-ուռուցքաբան Դավիթ Զոհրաբյանը և բժիշկ-արյունաբան Լուսինե Հակոբյանը: 

Դավիթ Զոհրաբյանը նշեց, որ առհասարակ  ՀՀ քաղաքացին, անկախ նրանից թե ով է մասնագիտությամբ, պետք է վստահ լինի, որ իր շահերը պաշտպանվելու են պետության ու օրենքի կողմից: «Ցավոք, այսօր Հայաստանում օրենքի ուժը այնքան էլ չի գործում և ՀՀ քաղաքացին համարյա ամեն քայլափոխի տուժում է»: Խոսելով բժիշկ Մադոյանի մասին, բանախոսը ասաց. «Այսօր ՀՀ մարզերում շատ քիչ բժիշկներ կան, և պետք չէ նրանց իրավունքներն այսպես ոտնահարել և  հողին հավասարեցնել նրանց անցած ուղին:  Բժիշկ Մադոյանին կալանավորում են այն դեպքում, երբ նրա մեղքը դեռ ապացուցված չէ, երբ որ պարզվի նրա մեղավորությունը, թող նրան պատժեն օրենքի սահմաններում: ԲԱԱԱ-ն բաց նամակ էր պատրաստել և ուղարկել պետական մարմիններին,Մարդու իրավունքների պաշտպանին բայց դեռ պատասխան չկա: Այսօր բժիշկների իրավունքները ՀՀ-ում պաշտպանված չեն, բայց չէ՞ որ բժիշկն  էլ է մարդ  և սխալվելու իրավունք ունի, ուստի նրանց թույլ տված սխալները նույնպես  ներելի  են, բայց գոնե սխալն ապացուցվելուց հետո միայն պատժի ենթարկեն»:

Լուսինե Հակոբյանը համակարծիք լինելով բժիշկ Զոհրաբյանի հետ, նույնպես գտնում է, որ Մադոյանի կալանավորումը արդարացված չէ. «Կալանավորե՞լ մարդուն դեռ չապացուցված մեղքի պայմաններում, անարդար է, մանավանդ մարզում աշխատող բժշկի նկատմամբ չի կարելի այս կերպ վարվել, քանի որ  այդ մարզի հիվանդանոցում  միայն այդ բժիշկը կարող է լինել»: Խոսելով Բժշկական Ազատ-Անկախ Արհմիության մասին, Լուսինե Հակոբյանը նշեց, որ իրենց   դերը  բժիշկների շահերը պաշտպանելն է, քանի որ բժիշկ Մադոյանը որպես բժիշկ շատ լավ է աշխատել և նրա անցած ուղին էլ ապացուցում է, որ նա՝ որպես բժիշկ, պահանջված ու սիրված է գյումրեցիների կողմից, ուրեմն նրա նկատմամբ պետք է լինի լավ վերաբերմունք, ոչ թե այսպիսի:

Դավիթ Զոհրաբյանը խոսելով մարզերում աշխատող բժիկների մասին, ասաց, որ կա բժիշկների խիստ պակաս, և պետությունը պետք է ամեն ինչ անի մարզերում աշխատող բժիշկների համար նորմալ աշխատանքային պայմաններ ստեղծելու համար, պետք է նաև արդյունավետ դարձնել նրանց աշխատանքը և արդարացի մոտենալ նրանց կատարած աշխատանքին:   Զոհրաբյանն անդրադարձավ նաև ԶԼՄ-ների աշխատանքին, որոնք հաճախ իրենց տարածած սխալ ինֆորմացիայով խթանում են  հասարակության մեջ բժիշկների մասին սխալ վերաբերմունքի ձևավորմանը:  «Մեր հասարկությունը շատ վատ է ընկալում բժշկական սխալը, բայց պետք է իմանալ, որ  ամենալավ բժիշկն էլ կարող է սխալվել, քանի որ նա մարդ արարած է: Եվ Աստված մի արասցե, երբ բժշկի որևէ սխալ է անում կամ անգամ սխալը կապ չունի էլ բժշկի մասնագիտական գործունեության հետ, այլ բացարձակ այլ հանագամանքների հետ է կապված, միևնույն է,  ԶԼՄ-ների կողմից այնպիսի աղմուկ է բարձրացվում, որ այդ բժշկի անցած ամբողջ ուղին գետնին է հավասարեցվում՝ խաչ քաշելով նրա բարի համբավի վրա: ԶԼՄ-ների կողմից այսպիսի  խնդիրները պետք է ճիշտ և մասնագիտական մոտեցմամբ լուսաբանվեն»: Բժիշկ Զոհրաբյանը նաև նշեց, որ ԲԱԱ-ն համագործակցում է  մարզային բժիշկների հետ, և  արհմիությունում կա  մոտ 1500 բժիշկ, որոնցից շատերը   մարզերում աշխատող բժիշկներ են:

«Անալիտիկ» կենտրոնի տնօրեն Անի Հովհաննիսյանը վերջում ասաց, որ խոսել է Վահագն Մադոյանի իրավապաշտպան Թամարա Յայլոյանի հետ, ով նոյեմբերի 25-ին կայանալիք դատավարությունից հետո՝ անհրաժեշտության դեպքում կհյուրընկալվի «Անալիտիկ» կենտրոնում:

 

Նույն շարքից