Մամուլի ակումբ 

Կուտակային կենսաթոշակային ֆոնդի բացասական ազդեցությունները

analitik.am

Այսօր «Անալիտիկ» կենտրոնում կայացած «Կուտակային կենսաթոշակային ֆոնդի բացասական ազդեցությունները» թեմայով ասուլիսի հյուրն էր ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Բանախոսի խոսքով միջազգային փորձում կենսաթոշակային համակարգի բարեփոխումները միշտ էլ ցավոտ են և երկարատև: Աշխարհում բազմաստիճան կենսաթոշակային համակարգի մի քանի մոդելներ գոյություն ունեն, որոնք ընտրել են երկրների 80%-ը , բայց դրանց մեջ կան բազային մոդելներ, որոնք առավել ընդունելի և կիրառելի են: «Հայաստանի ընտրած մոդելն աշխարհում նախադեպը չունեցող մոդել է: Այն առաջարկում է չորս մակարդակի կենսաթոշակային համակարգ` 0 մակարդակ կամ սոցիալական ապահովության նվազագույն շեմ, երկրորդը` հիմնական կամ աշխատանքային պետական կենսաթոշակային համակարգ, որի դեպքում նվազագույն կենսաթոշակին գումարվում է աշխատանքային կենսաթոշակը, երրորդ մակարդակը պարտադիր կենսաթոշակային համակարգն է և չորրորդը` կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգ»: 
Արծվիկ Մինասյանի համոզմամբ` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը քննադատության է ենթարկվում, քանի որ կոչված է ոչ թե բարեփոխումներ իրականացնել սոցիալական ոլորտում իրավիճակը բարելավելու համար, այլ ֆինանսական շուկայում նոր ռեսուրսներ ավելացնելու: Պարտադիր կուտակային համակարգի քննադատները առաջ են քաշում հետևյալ ռիսկերը. առաջինը Ֆինանսական շուկայի ռիսկն է, որը արտահայտվել է 2008-2009թթ. ֆինանսական ճգնաժամի ժամանակ, երբ կենսաթոշակային շատ արխիվներ ոչնչացվեցին, քանի որ շատ ընկերություններ սնանկ հայտարարվեցին: 
Երկրորդ ռիսկը աշխատանքային շուկայից բխողն է, քանի որ պարտադիր կենսաթոշակային համակարգի մոդելը ցածր վարձատրության համակարգի պայմաններում հնարավորություն չի տալիս նոր մարդկանց մտնել աշխատաշուկա: Սա խթանում է արտագաղթը, քանի որ այդ պայմաններում նոր աշխատատեղեր չեն ստեղծվում:
Երրորդ ռիսկը ծնելիության նվազման ռիսկն է, քանի որ պարտադիր կենսաթոշակային համակարգը ծնելիության խրախուսման քաղաքականություն իրականացնել թույլ չի տա: «Եթե կինը երեխա ունենա և գնա արձակուրդ, նրան չեն վճարելու, այսինքն` կինը ընտրության առաջ է կանգնում` ունենալ երեխա, թե աշխատանքի գնալ: Մեր երկրում կանայք կընտրեն երկրորդ տարբերակը և կհետաձգեն երեխա ունենալու որոշումը»: 
ԱԺ պատգամավորը գտնում է, որ ֆինանսական շուկային տիրապետելը մեծ հմտություններ է պահանջում, և մեր քաղաքացիների մեծ մասը ֆինանսական շուկաների մասին ինֆորմացիա չունի, չի տիրապետում և այդ պատճառով էլ չի կարելի նման որոշումներ կայացնել: Եթե պարտադրվում է, որ քաղաքացին կատարի վճարում, ուրեմն այդ վճարը պետք է դառնա պետական բյուջեի մաս և պետությունը պատասխանատվություն կրի այդ հարցում: 
Խոսելով «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքի նախագծի մասին` բանախոսը նշեց, որ Սահամանադրության հետ անհամապատասխանություններ կան, օրենքի նախագծում սեփականության իրավունքի խնդիր կա, եթե սա հարկ, տուրք չէ, ուրեմն սեփականության իրավունքի սահմանափակում է տեղի ունենում: ՀՀ Սահամանադրության 31-րդ հոդվածը հանրային գերակա շահի մասին է, ուրեմն, եթե հանրային գերակա շահ է սա, ապա պետությունը իր սեփականությունը պետք է համարի և վճարի փոխհատուցումները: Մնացածներն իրավունքից դուրս են, պետք չէ հակասահամանադրական վարքագիծ դրսևորել: 
«Երկրորդ սահամանադրական անհամապատասխանությունը տարիքային խտրականությունն է: Սահմանադրական անհամապատասխանության մեկ այլ դրույթ վերաբերում է «Սերունդների համերաշխության» ոտնահարմանը: Սահմանադրությամբ ամրագրված է, որ զավակը պարտավոր է հոգ տանել իր ծնողների մասին, այսինքն յուրաքանչյուր սերունդ պետք է վճարի իր նախորդ սերնդի համար: Այս դեպքում ստացվում է, որ ցանկացած սերունդ աշխատում և վճարում է իր համար, այլ ոչ թե նախորդի: 
Սահմանադրության 117-րդ հոդվածում ամրագրված է, որ սահմանադրական փոփոխություններից հետո ձեռք բերված սոցիալական իրավունքների ծավալները նվազեցնել արգելվում է, այսինքն մինչև 2005թ նոյեմբերի 27-ը գոյություն ունեցող սոցիալական պաշտպանության համակարգով երաշխավորված իրավունքների ծավալը պետք է պահպանվեր»:
Բանախոսը նաև նշեց, որ կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգի մասին կարող է խոսք լինել, եթե պետությունը բավարարում է տնտեսության չորս պայմաններ, սակայն այժմ այդ պայմաններից որևէ մեկը կարգավորված չէ, և դրա հետ կապված դաշնակցականների ու ժառանգության ներկայացուցիչների կողմից այս համակարգի դեմ պայքար է գնացել: 
Արծվիկ Մինասյանի կարծիքով պետք է մեկ տարով հետաձգել օրենքի նախագծի ընդունումը, կազմակերպել հանրային քննարկումներ, ռիսկերը վերհանել և եթե նպատակահարմար լինի նոր ուժի մեջ մտցնել: 
«Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի մեր պետությունը մահվան հասնի ու մեր երկրում ավելանա արտագաղթը: ՀՀ իշխանությունները վարում են «կույրի քաղաքականություն»: Սա այն կառավարությունն է, որը ոչնչացրեց փոքր բաժնետերերին` հանելով փոքր բաժնետերերի պաշտպանության մասին օրենքը: Արժեթղթերի թողարկողները սնանկացան և ստացվեց, որ ֆոնդի ակտիվը նույնպես սնանկացավ: Մի կառավարություն, որը ոչնչացրել է փոքր բաժնետերերի համակարգը, արժեթղթերի համակարգը, որն ունի օլիգարխիկ գործունեություն, կարող է հասնել ոչնչացման եզրին»: 
Արծվիկ Մինասյանը վերջում անդրադարձավ նաև ՀՅԴ-ի գործունեությանը և ասաց, որ այն ազգային կուսակցություն է, որն ունի հստակ տարբերակումներ և համագործակցում է երկրի իշխանությունների հետ այն դեպքում, երբ գտնում է, որ նրա վարած քաղաքականությունը ի շահ երկրի է:

Նույն շարքից