Անալիտիկ կենտրոն Մամուլի ակումբ 

Վիլնյուս կամ հրաժարական. Պարույր Հայրիկյան

analitik.am

Այսօր «Անալիտիկ» կենտրոնում կայացած «Նոյեմբերի 29-ին կայանալիք հանրահավաքը. Նոր մանրամասներ և նպատակներ» թեմայով ասուլիսի ընթացքում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ասաց, որ այսօրվանից  «Վիլնյուս կամ հրաժարական» կարգախոսով եռօրյա նստացույց կանցկացվի Բաղրամյան 26-ի մոտ: Նստացույցը անցկացվելու է  աշխատանքային ժամերին:

Ասուլիսի ընթացքում ԱԻՄ առաջնորդը  հայտարարեց, որ  Հայաստանի բնակչության ընդամենը 23%-ն է կողմ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալուն, և Սերժ Սարգսյանը պետք է գնա Վիլնյուս` ստորագրելու ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը: Հակառակ դեպքում, Հայրիկյանի խոսքով, Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա:

«Եթե Սերժ Սարգսյանն անձամբ չգնա Վիլնյուս և չստորագրի Ասոցացման համաձայնագիրը, մեզ բոլորիս և առաջին հերթին ինքն իրեն, կկանգնեցնի անհեթեթ իրավիճակի առաջ: Հայաստանը պարտավոր է իր՝ տարիներ շարունակ կատարած հայտարարությունների համաձայն, այսօր մեկնել Վիլնյուս և ստորագրել Ասոցացման համաձայնագիրը»:

 ԱԻՄ առաջնորդն անհեթեթ համարեց այն , որ ընտրության հնարավորություն ունենալով հանդերձ, երբ մի կողմում 27 ժողովրդավար երկրներից բաղկացած
 դաշինքն է, իսկ մյուս կողմում դեռևս զրոյական վիճակում գտնվող երեք բռնապետերի միությունը, բռնապետությունն ընտրելը: «Ինչպե՞ս պատահեց, որ Հայաստանն ընտրեց դա: Մեր ժողովուրդն արդեն մեկ անգամ «ոչ» է ասել ԽՍՀՄ-ներին և ՄՄ-ներին»:

Պարույր Հայրիկյանը նշեց, որ նախագահական նստավայրի մոտ նոյեմբերի 29-ին կայանալիք հանրահավաքի նպատակն այն է, որ  տանն ու գրասենյակներում նստած, բայց Մաքսային միությանը դեմ մարդիկ, ովքեր չեն արտահայտվում, դուրս գան փողոց ու հնարավորություն ունենան անձամբ արտահայտելու իրենց կարծիքը: «Հիմա մենք պարզել ենք, որ Հայաստանի բնակչության 77 %-ը կամ դեմ է Մաքսային միությանը, կամ չի կողմնորոշվել: Նրանք հնարավորություն ունեն իրենց անձնական մասնակցությամբ ցույց տալ, որ մենք ստրկամիտ, ծախված, փչացած ժողովուրդ չենք: Հայաստանում մեկ իշխանություն ու մեկ իշխանավոր կա, ինչպես բոլոր ստրկատիրական երկրներում: Ուկրաինայում Յանուկովիչի կողմնակիցների մի մասը հրաժարվեցին սատարել նրան, երբ նա ընտրեց ՄՄ-ն, բայց Հայաստանում դա տեղի չունեցավ»: Հայրիկյանի խոսքով, եթե մենք ստորագրենք Ասոցացման համաձայնագիրը, կլինենք շահեկան վիճակում:

Պարույր Հայրիկյանը նաև անդրադարձավ Ուկրաինայի ժողովրդի բուռն արձագանքին բողոքի ակցիաներին՝ նշելով, որ Ուկրաինայի ժողովուրդը նախապատրաստված էր, իսկ Հայաստանը հայտնվեց շոկային վիճակում: Ըստ Հայրիկյանի՝ Հայաստանում հանկարծակի կարծես արևի խավարում տեղի ունեցավ, և մարդիկ համատարած փողոց դուրս չեկան, քանի որ ամեն մեկը մտածեց՝ երևի ինքը ինչ-որ բան լավ չի հասկանում: «Բացի այդ, մեջ ընկան Լևոն Տեր-Պետրոսյանի նման դավաճաններ, ովքեր ասացին, որ Մոսկվայի պայամանագիրը չպետք է չեղյալ համարվի: Այսինքն՝ առաջին նախագահն ասում է, որ սա տնտեսական հարց է, և չպետք է Հայաստանի անկախությունը հանձնելու պայմանագիրը չեղյալ համարվի»:

Հայրիկյանի խոսքով՝ ՄՄ-ն հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Նա նշեց, որ  Ռուսաստանն ամենևին էլ Հայաստանի անվտանգության երաշխավորը չէ: Հայաստանում գործող ռուսական ռազմաբազան Պարույր Հայրիկյանը պորտաբույծ  անվանեց: «Մենք ռուսական բազային գումար ենք վճարում, բայց դուք գոնե մեկ անգամ լսե՞լ եք ռուսական կողմից հայտարարություն, որ Հայաստանի վրա կրակոցները  Ռուսաստանի  համար  նույնպես վտանգ են ներկայացնում, և մենք այստեղ ենք, որ վտանգը կանխենք: Հայաստանի անվտանգության հետ նրանք կապ չունեն, պորտաբույծներ են: Կամ պետք է ռուսական ռազմաբազան գործի պայմանագրի սահմաններում, կամ պետք է վերջ տան մեր հարկատուների հաշվին սնվել:

Մաքսային միության կողմնակիցների լեզվով ասած՝ ռուսական ռազմաբազայում դարմայեդներ են»,- նշեց Հայրիկյանը:


Ինչ վերաբերում է ՄՄ մտնելու վերաբերյալ տարբեր կուսակցությունների դիրքորոշմանը, ապա բանախոսն ասաց, որ միայն «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն է հստակ հայտարարել,  որ դեմ է Մաքսային Միությանը: Ըստ նրա՝ դեմ լինելու մասին իր անդամների միջոցով վախվորած հայտարարություններ է արել Ժառանգություն կուսակցությունը: «Իրենց անհասկանալի են պահում, այսպես կոչված, ՀԱԿ-ը և մյուս կուսակցությունները: Լևոն Տեր-Պետրոսյանը Մաքսային Միության մասին դիրքորոշում չի հայտնում ու ասում է, որ դա տնտեսական հարց է: Դաշնակցությունը երեկվա կոմսոմոլիկների կուսկացություն է, չնայած այնտեղ մի քանի լավ անհատներ կան` Արծվիկ Մինասյան և այլոք: Իշխող կուսակցությունը, լինելով Եվրոպայի Ժողովրդական կուսակցության անդամ, ընդհանրապես ոչ մի դիրքորոշմամբ հանդես չեկավ»: 

Նույն շարքից