Մամուլի ակումբ 

Վրաստանն ամեն ինչ կանի Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու համար. Ալիկ Էրոյանց

analitik.am

Այսօր «Անալիտիկ» կենտրոնում կայացած «Հայաստան-Վրաստան տնտեսական համագործակցության հեռանկարները, աշխարհաքաղաքական հակադիր (ՄՄ-ԵՄ) դիրքորոշումների պայմաններում» թեմայով ասուլիսի հյուրն էր վրացագետ Ալիկ Էրոյանցը: Բանախոսն անդրադառնալով թեմային, նշեց, որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Վրաստանի քաղաքական կուրսը դեպի Արևմուտք է՝ ԵՄ և ՆԱՏՕ և այդ ուղղությամբ Վրաստանը բավականին ակտիվ քայլեր է ձեռնարկում: Իսկ մեր նախագահն էլ իր հայտարարությամբ փաստեց, որ Հայաստանը ցանկանում է միանալ ՄՄ-ին: Չնայած, որ երկու կողմի համար էլ դեռ վերջնական ոչինչ չկա՝ Վրաստանը դեռ միայն նախաստորագրել է Ասոցացման համաձայնագիրը, մենք դեռ չենք ստորագրել ՄՄ-ին միանալու փաստաթուղթը, բայց Եվրոպական երկրները շահագրռված են Վրաստանի՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրմամբ, հատկապես ուկրաինական դեպքերից հետո:


Այս պարագայում չնայած, որ երկու երկրների ուղղվածությունները լիովին տարբեր են լինելու, այնումենայնիվ լուրջ փոփոխություններ ու ազդեցություն երկու երկրների հարաբերությունների վրա չի լինի: Իհարկե, խնդիրներ կլինեն, քանի որ երկու երկրները տարբեր մաքսային օրենքներով են առաջնորդվելու, իսկ մենք գիտենք, որ ՀՀ բոլոր ապրանքները մտնում են Վրաստանից: Այդ առումով հնարավոր է, որ որոշակի ապրանքներ թանկանան, կամ հակառակը: Հարցին՝ Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան համագործակցությունը ինչ ազդեցություններ կարող է ունենալ, վրացագետը նշեց, որ դրա հիմքում տնտեսական, էներգետիկ համագործակցությունն է ընկած:


«Այսօր Վրսատանի առևտրային գործընկերների թվում Թուրքիան առաջինն է, իսկ Ադրբեջանը՝ երկրորդը: Դեռ Սահակաշվիլիի կառավարման տարիներին Վրաստան- Թուրքիա և Վրաստան-Ադրբեջան հարաբերությունները դաշնակցային բնույթ ունեին, նոր կառավարությունը փորձում է հավասարակշռել հարաբերությունները բոլոր հարևանների հետ»:


Հարցին՝ որքանով է հնարավոր աբխազական երկաթուղու բացումը, նա նշեց, որ երբ «Վրացական երազանքը» եկավ իշխանության, դրա մասին շատ էր խոսվում, սակայն ինքը մոտ ապագայում բացառում է երկաթուղու բացումը, չնայած, որ այն Վրաստանի համար շատ կարևոր է և հավանականությունը, որ կբացվի երկաթուղին, միշտ կա:


Այն հարցին, արդյո՞ք Վրաստանը կարող է ընկրկել Ասոցացման համաձայնագրի ստորագրումից, բանախոսը նշեց, որ դա բացառում է, քանի որ Վրաստանը ընտրել է այդ ուղին և անելու է ամեն ինչ՝ ստորագրելու համար: Անդրադառնալով այսօր տեղի ունենալիք Վրաստան- Թուրքիա- Ադրբեջան գագաթնաժողովին և այն անհանգստությանը, որ քննարկվելու են անվտանգության հարցեր, Ալիկ Էրոյանցը պատասխանեց, որ ինչքան էլ մեզ համար դա ոչ ցանկալի լինի, այնուամենայնիվ այդ պետությունները ընդհանուր շահեր ունեն՝ առաջին հերթին տնտեսական, և քննարկվելու են բոլոր հարցերը, ոչ միայն անվտանգության. «Այնպես չէ, որ այս 3 պետությունները խնդիրներ չունեն միմյանց հետ. Հենց վերջերս վրաց պատրիարքը Թուրքիայում էր և բարձրաձայնեց այն խնդիրը, որ վրացական եկեղեցին իր տեղը չունի Թուրքիայում»:



Խոսելով Ուկրաինական ճգնաժամի մասին, նա նշեց, որ ինչպես Սիրիայի, այնպես էլ Ուկրաինայի դեպքում խնդիրը մեծ տերությունների շահերն են. «Այսօր գերտերությունները խուսափում են կտրուկ քայլերից և զսպվածություն են ցուցաբերում՝ իրենց մեղքի բաժինն ավելի չմեծացնելու համար»:

Նույն շարքից