Մամուլի ակումբ 

Հայկական ռադիոյի զարգացման խնդիրներն ու հեռանկարները

analitik.am

Այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած «Ռադիոյի միջազգային օր. Հայկական ռադիոյի զարգացման խնդիրներն ու հեռանկարները» թեմայով ասուլիսի ժամանակ    Հանրային ռադիոյի «Երևան» ծրագրի ղեկավար Գայանե Մարկոսյանը ասաց. «Հանրային ռադիոն զարգանալու, տեխնիկապես հագենալու խնդիր ունի,որը մենք փորձում ենք լուծել: Այսօր խնդիր ունենք՝  մեր ռադիոյի հասանելիությունը մեծացնել և  օգտագործել ժամանակակից տեխնոլոգիայի բոլոր միջոցները: Ռադիոյի ամբողջ հմայքը ձայնային  էֆեկտն  է, և  ես դեմ եմ տեսատարբերակին»:

 

Գայանե Մարկոսյանը նաև ցավով նշեց, որ  այսօր  հարցականի տակ է լարային ռադիոյի գոյությունը, որը   ևս ունի ունկնդիրների մեծ բանակ:  

 

Խոսելով Հանրային ռադիոյի ֆինանսական վիճակի մասին, բանախոսը նշեց.« Մենք ՓԲԸ ենք (Փակ բաժնետիրական ընկերություն), Հանրային ռադիոն շուկայում տեղ գրավելու խնդիր չունի,  մենք փորձում ենք աշխատել և մեծ  ցանկություն ունենք դառնալ այն լրատվամիջոցը, որը կսերմանի  հայրենասիրություն և կկրթի մեր ժողովրդին»:

 

 

Ռադիո Վանի ներկայացուցիչ   Լուսինե Բադալյանը,  խոսելով մասնավոր ռադիոների դեմ ծառացած խնդիրների մասին, նշեց. «Շատ գովազդ ունենալու միակ միջոցը շատ ծրագրեր, բարձր ռեյտինգ, ճանաչված հաղորդավարներ ունենալն է: Այսօր ֆինանսական խնդրի պատճառով  կանգնում ենք երկընտրանքի առջև, որի լուծման համար մեր տնօրենի կողմից հետաքրքրիր տարբերակներ են մշտապես առաջարկվում»:

 

 Լուսինե Բադալյանը խոսելով ռադիոյի դերի և նշանակության մասին, շեշտեց.«Ռադիոն դաստիարակող ֆունկցիա է կատարում, և մենք մեր սկզբունքները չենք դավաճանում և փորձում ենք մեր ունկնդիրներին կրթել, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի խելացի տարբերակով գործենք:  

 

Լուսինե Բադալյանը կարծում է, որ  ռադիո հաղորդավարները  պետք է անցնեն Հանրային ռադիոյի դպրոցը: Բանախոսի կարծիքով՝  ռադիո-լսարանը փոխվում է ռադիոյի ստրատեգիայի հետ. «Այսօր ամեն ինչ տեղափոխվել է ինտերնետ տիրույթ, և մենք նույնպես ստիպված տեղափոխվել ենք օնլայն հեռարձակման: Ռադիոն այնպիսին, ինչպիսին եղել է սկզբնական շրջանում, այլևս չկա»:

 

 

 Ժակն իր գործընկերներին շնորհավորելով ռադիոյի միջազգային օրվա առթիվ, ասաց. «Ռադիո Վանը մասնավոր ռադիո է, այդ պատճառով էլ մենք այսօր ունենք  ֆինանսական խնդիրներ: Այդ խնդիրները փորձում ենք լուծել  գովազդների միջոցով, որը հնարավորություն է տալիս պահել թիմը և այլ տեխնիկական հարցեր լուծել, պետք է ասեմ, որ հեշտ չէ»:

 

 Բանախոսը խոսելով   ռադիոկայանների մասին, որոնք վերահսկողության տակ չեն, նշեց. «Պետք է վերահսկվեն, քանի որ նրանք գնում են ամենահեշտ ճանապահով, որը ցածր է ցանկացած նիշից, սակայն հնարավորություն է տալիս ֆինանսական հոսքեր ունենալ: Ի՞նչ կարող է անել ՀՀ քաղաքացին, ով  լսում է վատ երաժշտություն և վաղը ի՞նչ պետք է սպասենք մեր երեխաներից, ովքեր լսում են այդ ցածրորակ երաժշտությունը, պետք չէ աղբ տալ հասարակությանը: Ռադիո Վանում աշխատում են մարդիկ, ովքեր մտածում են իրենց հայրենիքի ապագայի մասին: Մեր շատ գործընկերներ կարծում են, որ ռադիոյի վրա դաստիարակման ֆունկցիա դրված չէ, սակայն դա այդպես չէ»:

 

Խոսելով   Ռադիո Վանի ձեռք բերած հաջողությունների մասին, Ժակը նշեց. «Այսօր մեր ռադիոն մասնակցում է միջազգային բազմաթիվ մրցանակաբաշխությունների, որոնք համազոր են «Օսկարին»: Ես շնորհակալ եմ մեր տնօրենին, ով երբեք մեզ չի ստիպում անել քայլեր, որոնք դեմ են մեր սկզբունքներին»:

 

Նույն շարքից