Մամուլի ակումբ 

Մեր ժամանակ տղաների համար ամոթ էր բանակ չգնալը, իսկ այսօր... Արշակ Զաքարյան

analitik.am

Այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած «Հայրենասիրության աստիճանը հայ երիտասարդների մոտ. Ի՞նչ կարելի է անել նոր սերնդի մեջ հայրենասիրական ոգին բարձրացնելու համար» թեմայով ասուլիսի հյուրն էր ռեժիսոր Արշակ Զաքարյանը:

 

Հյուրը, խոսելով թեմայի մասին, ասաց, որ իր ըմբռնմամբ հայրենասիրությունը միշտ տարբեր կերպ է դրսևորվում: «Ես այն մարդկանց թվին եմ պատկանում, ով գտնում է, որ հայրենասիրությունն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում. Ես իմ ձևով, իմ հոլովակներով փորձում եմ հայրենասիրություն զարգացնել մարդկանց մեջ:

 

Հայրենասիրության դրսևորումներից ամենաառաջնայիններից մեկը բանակում ծառայելն է, դա յուրաքանչյուրիս պարտքն է: Հայրենասիրություն է նաև սեփական ժողովրդին սիրելը, հայրեանասիրություն է, երբ դու պայքարում ես ոչ միայն քո համար, այլ նաև դիմացինիդ:

 

Բանախոսի խոսքով՝ ցավոք սրտի, այսօր կա նաև կեղծ հայրենասիրություն, որն ավելի շատ արտահայտվում է սոցցանցերում: «Համակարգչի առջև բոլորը հայրենասեր են, բայց  երբ ժամանակը գալիս է իրական հայրենասիրության, որևէ մեկը չի կանգնում ու պայքարում: Եթե դու տաքուկ անկյուն ունես ու ապահովված ես, բայց շարունակում ես պայքարել քո հայրենակցի համար, որ ինքն էլ ունենա այդ անկյունը, դա ևս հայրենասիրություն է»:

 

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ կարելի է անել մեր երիտասարդների շրջանում հայրենասիրության մակարդակը ավելի բարձրացնելու համար, նա նշեց, որ ճիշտ դաստիարակություն է պետք, որը պիտի սկսվի ընտանիքից, մանկապարտեզից, հետո շարունակվի դպրոցում, ԲՈՒՀ-ում և իհարկե մեծ նշանակություն ունի բանակը: «Մենք պիտի այնպիսի բանակ ունենանք, որ մեր տղաները հաճույքով գնան ծառայելու: Մեր ժամանակ տղաների համար ամոթ էր բանակ չգնալը, իսկ այսօր...»:

 

Խոսելով Ուորլիքի վերջերս արված հայտարարության մասին, նա ասաց, որ դրա մեղավորը մենք ենք, որ թույլ ենք տվել ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Եվրոպային՝ մեր փոխարեն որոշելու, թե ինչ պիտի լինի մեր արյունով ազատագրած մեր պապենական հողերի հետ: «Որտե՞ղ էր Ուորլիքը, երբ ադրբեջանցին սպանում էր մեր երեխաներին Գետաշենում: Նորից եմ ասում՝ մենք ենք մեղավոր, որ հաղթական բանակը, ում 1994թ.-ին խնդրում էին դադարեցնել պատերազմը, այսօր պահանջում են հետ վերադարձնել հողերը: Սա մեր արտաքին սխալ քաղաքականության արդյունքն է, որ Ռուսաստանը կարողանում է ասել սա արե՛ք, ԱՄՆ-ն՝ այն մյուսը...Մենք այսօր Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քան Ռուսաստանը մեզ: Եթե մենք Ռուսաստանի հետ այդ դիրքից խոսենք, որպես հավասարը՝ հավասարի, ամեն ինչ ուրիշ կլինի»,-եզրափակեց բանախոսը:

 

Անդրադառնալով այն մտահոգությանը, որ հայի հոգին այսօր մնացել է միայն ֆեյսբուքում, դա արտահայտվում է նաև հակահայ հայտարարությունների ժամանակ, նա պատասխանեց, որ հայրենասիրական ոգին մեր երկրում թուլացրեց հենց դրսից պատվիրված ու ֆինանսավորվող դրածո ընդդիմությունը. «Մարդիկ հոգնել են հավատալ, պայքարել, իսկ այդ դրածո ընդդիմությունն իշխանություն ու աթոռ ունենալուց հետ կրկին մոռանում է ժողովրդի մասին: Մեր ժողովուրդը շատ կարճ հիշողություն ունի, մենք կարող ենք շատ արագ մոռանալ մեզ դավաճանած մարդու արարքի մասին, եթե վերջինս հայտարարի, որ ընդդիմություն է դառնում: Չի կարելի այդպես, պետք է տեսնենք, թե ինչ քայլեր է արել նա ժողովրդի համար, այլ ոչ թե միանգամից մոռանանք ամեն ինչ միայն այն բանի համար, որ ասում է այսօրվանից ընդդիմություն են:  Այդ մարդիկ ուղղակի կամակատարներ են, որոնց կանչում ասում են՝ այսօր իշխանություն ես աշխատելու, վաղը՝ ընդդիմություն, դա իրենց համար աշխատանք է, ինչը շատ ցավալի է»: 

Նույն շարքից