Մամուլի ակումբ 

Ուորլիքի հայտարարության նպատակն է տարածաշրջանում ուժեղացնել ամերիկյան ներկայությունը. քաղաքագետ

analitik.am

«Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի` Խաղաղության Քարնեգի միջազգային հիմնադրամում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ելույթն ու Խաղաղության համաձայնագրի նրա առաջարկած վեց կետերը մեծ հաշվով առնչություն չունեն ԼՂ հակամարտության հետ»,- այս մասին այսօր «Անալիտիկ» կենտորնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց  քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

 

Խոսելով Ուորլիքի հայտարարության վերաբերյալ  Հաաստանի ԱԳՆ   Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական  պատասխանի մասին, նա նշեց. «Զգուշավոր անհամաձայնություն էր, սակայն ես կարծում եմ, որ այն կարող էր լինել ավելի համարձակ: Ես Ուորլիքի հայտարարությունը դիտարկում եմ մեր տարածաշրջանում  լրացուցիչ ակտիվության կետեր ստեղծելու սկիզբ:

 

Այս հայտարարությամբ ԱՄՆ-ն Հարավային Կովկասի  իր դաշնակիցներին ցանկանում է  հրահրել ավելի  ակտիվ գործողությունների, որն էլ կարող է հանգեցնել պատերազմի:  Կարող եմ ասել, որ Ուորլիքի  հայտարարությունը կարող է լինել  տարածաշրջանում  պատերազմի վերսկսման պատճառ: Մեր տարածաշրջանում արտաքին  գործոնները մեծ նշանակություն ունեն և կարող են ազդել Հայաստան-Ադրբեջան  բանակցային գործողությունների վրա, քանի որ Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական իմաստով, երբ հայտնվում է հակամարտությունների գոտում, հայտնվում է  մեծ վտանգի տակ: Ուկրաինայում հակամարտությունը, որին մենք այսօր ականատես ենք մեր տարածաշրջանի համար մեծ սպառնալիք է: Ցավոք սրտի, հոռետեսական կանխատեսումների առիթ են տալիս այնտեղ տեղի ունեցող զարգացումները:  Քաղաքացիական պատերազմն այնտեղ արդեն իրականություն է, և նոնսենս է, երբ  ՌԴ-ի քթի տակ մորթում են ռուսներին»:

 

Հարցին՝ արդյոք հնարավոր է   Ռուսաստան-Թուրքիա տնտեսական համագործակցությունը վերածվի քաղաքական  համագործակցության, նա պատասխանեց. « Թուրքիան և Ռուսաստանը այս ոլորտում  ավելի շատ մրցակիցներ են և այդ պատճառով էլ նրանց միջև չի կարող լինեն համագործակցություն»:

 

Խոսելով Մինսկի խմբի մեր տարածաշրջանում նշանակության ու դերի  մասին, նա նշեց. «Մինսկի խումբը 20 տարի շարունակ կարողացել է պահպանել խաղաղությունը տարածաշրջանում: Այն արտաքին ազդեցություններց մեր տարածաշրջանը պաշտպանող  զսպաշապիկ է: Մինսկի խումբը ավելի շատ  քաղաքական ակումբ է, որտեղ գերտերությունները համաձայնեցնում են իրենց գործունեությունները մեր տարածաշրջանում: Այստեղ ԱՄՆ- ՌԴ շահերը համընկնում են»:

 

Խոսելով ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի վերջերս արած  հայտարարության մասին, նա ասաց. «Կարծում եմ, որ մեր ԱԳՆ պատասխանը այս հայտարարության վերաբերյալ  համոզիչ էր: Պետք է նշեմ, որ  որևէ քաղաքական հայտարարություն չի կարող սեպ լինել երկու պետությունների հարաբերություններում: Այս հայտարարությամբ ՀՀ-ում ՌԴ դեսպանը ընդամենը բացասական արդյունքների հասավ:  Նա իր այս սխալ քայլից պետք  է դասեր քաղի և այլևս չփորձի այսպիսի հայտարարություններ անել»: 

Նույն շարքից