Մամուլի ակումբ 

Օլանդի այցի հետ պետք չէ շատ հույսեր կապել. Սերգեյ Մինասյան

analitik.am

Այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած «Տարածաշրջանային զարգացումներ. Թուրքիայի՝ տարածաշրջանում առաջնորդ դառնալու նպատակները, ազդեցությունը ՀՀ-ի վրա» թեմայով ասուլիսի հյուրն էր քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Հյուրն անդրադարձավ ԼՂՀ հակամարտության կարգավորման խնդրին և նշեց 2 կետ. «Չնայած արդեն 20 տարի է ԼՂՀ հակամարտության հարցով հրադադարի ռեժիմ է սահմանված, այնուամենայնիվ Ադրբեջանը պարբերաբար խախտում է այն, նաև անընդհատ ավելացնում սեփական բանակի սպառազինությունների ծավալը, որն արդեն տարածաշրջանային անվտանգության սպառնալիք է:


Երկրորդ կարևոր կետը ԵԱՀԿ Մինսկի խմբի 3 համանախագահների գործունեությունն է՝ ուղղված ԼՂՀ հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»: «ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր հայտարարության մեջ ևս նշեց, որ հակամարտության կարգավորման 3 հնարավոր տարբերակ կա՝ ստատուս-քվո, պատերազմ, փոխզիջումային բանակցությունների տարբերակը: Այսօր պատերազմի տարբերակը ձեռնտու չի ո՛չ Հայաստանին, ոչ էլ առավել ևս Ադրբեջանին՝ չնայած նրա կողմից՝ պատերազմը վերսկսելու վերաբերյալ անընդհատ հնչող սպառնալիքներին: Փոխզիջումային տարբերակը, որի մասին շատ են խոսում բոլոր 3 համանախագահները, անհնար է, քանի որ ինչպես մենք ենք տեսնում փոխզիջումային տարբերակի վրա աշխատող բոլոր մարդիկ Ադրբեջանում դատապարտվում են: 3 տարբերակը, որը անցանկալի է և՛ Ադրբեջանի, և՛ համանախագահների համար, ինչպես նաև անկանխատեսելի է, թե ինչ արդյունք կունենա, ստատուս-քվոն է, որն, ինչքան էլ անցանկալի լինի, անհրաժեշտություն է այսօր»:


Հարցին, թե արդյոք համագործակցային էթիկայի խախտում չի այն, որ ստատուս-քվոյի մասին հայտարարությունից ընդամենը 2 օր անց Ուորլիքը հանդես է գալիս հայտարարությամբ, որ տարածքները պետք է վերադարձնել Ադրբեջանին, նա պատասխանեց, որ Ուորլիքն իր հայտարարության մեջ նշել է, որ պետք է պահպանվեն Մադրիդյան բոլոր սկզբունքները, իսկ դա ենթադրում է, որ տարածքները վերադարձնելու մասին խոսք չի կարող լինել, միաժամանակ, Ուորլիքի հայտարարությունը նաև պայմանավորված էր ՌԴ- Արևմուտք ներկայիս հարաբերություններով:


Այն հարցին՝ ինչպես է քաղաքագետը գնահատում ՀՀ ԱԳՆ պաշտոնական պատասխանը կապված Ուորլիքի հայտարարության հետ, նա պատասխանեց, որ Ուորլիքի հայտարարությունը ոչ միայն Հայաստանին էր վերաբերում, այլ նաև Ադրբեջանին: «Հայտարարության մեջ Ադրբեջանի համար էլ շատ անցանկալի կետեր կան, իսկ մեր ԱԳՆ պատասխանում չափազանց կարևոր էր նշված այն փաստը, որ բանակցային գործընթացը ընթանում է 3 համանախագահների ներգրավվածության պայմաններում: Շատ լավ է, որ ԱՄՆ-ն փորձում է քայլեր անել հակամարտության կարգավորման համար, բայց որոշումներ կայացվում են միայն 3 համանախագահների մասնակցությամբ: Ուորլիքի հայտարարությունից առաջ 3 համանախագահները հանդես էին եկել հայտարարությամբ, որը վերաբերում էր հակամարտության շփման գծում անվտանգության ապահովմանը: Միաժամանակ շատ պարզ ու հստակ պատասխան է տրվել ԼՂՀ և մեր պաշտպանության նախարարության կողմից»:


Անդրադառնալով այն խնդրին, որ նախկինում ԱՄՆ-ն միշտ առաջ էր քաշում այն խնդիրը, որ հակամարտության կարգավորմանը անմիջական մասնակցություն պիտի ունենա նաև ԼՂՀ-ն, իսկ այս հայտարարությունը կարծես շրջանցեց այդ փաստը, նա պատասխանեց. «Ուորլիքի հայտարարությամբ հստակ շեշտվում էր, որ հակամարտության մեջ պետք է ներգրավված լինեն շահագրգիռ կողմերը, իսկ շահագրգիռ կողմ է նաև ԼՂՀ-ն»: Խոսելով այն մասին, թե ինչ ազդեցություն կունենան Ղրիմի իրադարձությունները ՀՀ-ի վրա, նա պատասխանեց, որ ՀՀ-ն՝ որպես ՌԴ դաշնակից, որպես ՀԱՊԿ անդամ, որպես միջազգային հանրության անդամ, պետք է կարողանա իր հարաբերություններում բալանս պահպանել բոլոր պետությունների հետ. «Վլադիմիր Պուտինի կողմից հնչել է այն հայտարարությունը, որ Ղրիմի հանրաքվեն կարող է նախադեպ լինել ԼՂՀ խնդրի կարգավորման համար, բայց շատ մեծ հույսեր կապել դրա հետ պետք չի»:


Խոսելով տարածաշրջան Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցի մասին, նա ասաց, որ ամենակարևոր մեսիջը, որ կա այցի մեջ հասարակական դիվանագիտության մեջ ազատության ապահովումն է. «Բոլորս գիտենք, որ Ադրբեջանում այսօր դատապարտված են մի շարք մարդիկ, ովքեր ցանկանում էին փոխզիջման տարբերակով համագործակցել ՀՀ-ի հետ՝ ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցով, այնուհետև երբ նրանց նկատմամբ սկսվեցին հալածանքները, այդ մարդիկ փորձեցին լքել երկիրը, և դա տեղի էր ունենում Ֆրանսիայի դեսպանի աջակցությամբ: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ այս այցի հետ կապված մեծ հույսեր կապել պետք չի, քանի որ վերջին տարիներին Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունները, հենց թեկուզ Ռամիլ Սաֆարովի հերոսացումից հետո միջազգային հանրության անտարբերությունը վկայում է այդ մասին»:


«Անկախ այն հանգամանքից, որ ժամանակ առ ժամանակ թե՛ ԱՄՆ, թե՛ Ֆրանսիայի և թե ՌԴ համանախագահների հայտարարությունները անհասկանալի են լինում, այնուամենայնիվ ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացը Մինսկի խմբի շրջանակներից դուրս չի գալիս», -եզրափակեց քաղաքագետը:

Նույն շարքից