Մամուլի ակումբ 

Նոր ու շատ կարևոր հայտարարություն Օլանդի այցի ժամանակ չկա. Սարգիս Ասատրյան

analitik.am

Այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած «Ռազմաքաղաքական վերջին զարգացումները տարածաշրջանում. Ֆրանսուա Օլանդի այցը Բաքու և Երևան» թեմայով ասուլիսի հյուրն էր ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը: Խոսելով թեմայի մասին, հյուրը նշեց, որ Օլանդի այցը շատ հետաքրքիր է այն առումով, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ շատ կարևոր ազդեցություն կարող է ունենալ ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում, նա դա ասել է նաև Բաքվում իր այցի ժամանակ: Եվ Օլանդի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ ՄՄ-ին անդամակցությունը չի խանգարի ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը, խոսում է այն մասին, որ արևմտյան երկրները շահագրգռված են Հայաստանի հետ հարաբերությունների սերտացմանը:


Այսօր ՀՀ դիրքորոշումը արդեն պարզ է, մենք ընտրել ենք Մաքսային Միությանն անդամակցելու ճանապարհը, իսկ Արևմուտքի համար շատ կարևոր է պահել սերտ հարաբերույթուններ Հայաստանի հետ: Այնուամենայնիվ նոր ու շատ կարևոր հայտարարություն Օլանդի այցի ժամանակ չի եղել»: Խոսելով վերջին ժամանակներս Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի խախտման և պատերազմի հնարավոր վերսկսման անհանգստության մասին, ադրբեջանագետը նշեց, որ մոտ ապագայում համենայն դեպս պատերազմ չի կարող լինել: «Եթե Ադրբեջանն այսօր ունենար հնարավորություններ կամ ռեսուրսներ պատերազմը վերսկսելու համար, ապա շատ վաղուց նա արդեն արել էր դա: Եկեք չմոռանանք, որ այստեղ նաև գերտերությունների շահերը կան և հենց այդ նկատառումներով նրանք թույլ չեն տա Ադրբեջանին վտանգի տակ դնել էներգակիրների հարցը»:


Խոսելով Ուորլիքի վերջին հայտարարության մասին՝ բանախոսն ասաց, որ շատ լուրջ վերաբերել այդ հայտարարությանը պետք չի, նման հայտարարությունները երբեմն նպատակ ունեն ստուգելու մարդկանց տրամադրվածությունը՝ արտաքին և ներքին լսարանի կարծիքը: Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք ՌԴ-ի շահերից չի բխում ղարաբաղյան հակամարտության սրացումը՝ ուշադրությունը ուկրաինական դեպքերից այստեղ տեղափոխելու համար, նա պատասխանեց, որ ՌԴ-ի համար հավասարապես կարևոր է պահել իր ազդեցությունը և՛ Ուկրաինայում, և՛ Անդրկովկասում, և նրա համար շատ դժվար կլինի երկու կետում պահել զգոնություն, այդ առումով Ռուսաստանի համար նպատակահարմար չի ղարաբաղյան հակամարտության սրացումը: Անդրադառնալով այն անհանգստությանը, որ մեր իշխանությունների կողմից էլ երբեմն հնչում են այնպիսի հայտարարություններ, որ ղարաբաղյան հարցի վերջնական լուծումը երկկողմանի զիջումներ է պահանջում և արդյո՞ք հնարավոր է, որ հաղթանակած երկրին ստիպեն զիջումների գնալ, ադրբեջանագետը պատասխանեց, որ զիջումները կարող են տարբեր լինել, օրինակ թույլ տալ ադրբեջանցիներին մուտք գործել ԼՂՀ և այլն. «Զիջումներ ասելով պետք չի միանգամից հասկանալ տարածքներն Ադրբեջանին հանձնելը, զիջումները տարաբնույթ կարող են լինել, այդուհանդերձ, մեր դիրքորոշումն այդ հարցում հստակ է՝ տարածքային ոչ մի զիջում»:



Անդրադառնալով Ֆրանսուա Օլանդի՝ Ֆրանսիայում հայ լրագրողների հետ հանդպման ժամանակ հնչեցրած այն կարծիքին, որ Ցեղասպանության ժխտումն օրինականացնող նախագծի ընդունման համար պետք չի անընդհատ հույս դնել հայ-ֆրանսիական բարեկամության վրա, այլ պետք է աշխատել, որ ՀՀ- Ֆրանսիա շահերը մեկտեղվեն: Նա նաև ասաց, որ ՀՀ-ն պետք է հասցնել տնտեսական զարգացման այն մակարդակին, որ Արևմուտքի համար կարևոր լինի ՀՀ-ի հետ համագործակցությունը. «Այսօր Ֆրանսիան Թուրքիայի հետ այնպիսի տնտեսական հարաբերություններ ունի, որ վտանգի տակ չի դնի դրանք: Անժխտելի է նաև, որ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը Ֆրանսիան մահակի պես պահում է Թուրքիայի գլխին»,-եզրափակեց նա:

Նույն շարքից