Մամուլի ակումբ 

«Մենք այն ազգն ենք, որ պետք չունենք հատուկ ընտանիքի միջազգային օր նշանակել». ազգագրագետ

analitik.am

«Այսօր աշխարհի շատ երկրների համար  հայկական ընտանիքը կարող է օրինակ ծառայել, քանի որ հայկական իդեալական ընտանիքի մոդելը, չնայած որ որոշակի փոփոխությունների է ենթարկվել, սակայն  մինչև այժմ պահպանել է իր գլխավոր արժեքները»,- այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց   ազգագրագետ Սվետլաննա Պողոսյանը:  

 

 

Նա, խոսելով հայկական ընտանիքի մոդելի մասին,  նշեց.  «Եթե ընտանիքի արժեհամակարգը ամուր է, ես չեմ կարծում, որ ինչ-որ խնդիրներ կարողանան հայկական ընտանիքը խարխլել:

 

Պետք է նշեմ, որ հայկական իդեալական ընտանիքն այժմ ունի որոշակի խնդիրներ, որոնք կարող են վատ ազդեցություն ունենալ հայկական ավանդական ընտանիքի պահպանման հարցում:  Մենք ունենք ծնելիության խնդիր. այսօր եթե գյուղական միջավայրում հանդիպում ենք ընտանիքների, որոնք ունեն 3 կամ 4 երեխա, նրանց անվանում ենք բազմազավակ ընտանիք: Սակայն իրականում այս ընտանիքները բազմազավակ չեն, սա մեր ազգի համար լուրջ խնդիր է, և պետական կառույցները պետք է ուշադրություն դարձնեն սրան և, աջակցելով ընտանիքներին, խրախուսեն բազմազավակությունը: Մեր երկրում կան նաև շատ  կարիքավոր ընտանիքներ, որոնք պետական կառույցների աջակցությամբ պետք է դուրս գան ցավալի վիճակից, քանի որ ազգի հիմնասյունը ամուր ընտանիքն է:


  Կա միգրացիա, որը լավ ազդեցություն չի ունենում ընտանիքի վրա, սակայն այժմ հաճախ ընտանիքներով են գնում, որը ընտանիքի փրկության համար լավ է, բայց պետության համար՝ ոչ»:


Ազգագրագետը գտնում է, որ ընտանիքի նկատմամբ ավանդական մոտեցումները պետք է անպայման պահպանել. «Մենք այն ազգն ենք, որ պետք չունենք հատուկ ընտանիքի միջազգային օր նշանակել: Միջանձնային հարաբերությունները հայ ընտանիքներում ավելի ջերմ են, քան այլ հասարակություններում է, բայց դա մեզ չպետք է հանգստացնի եւ մենք պետք է օրինակելի դարձնենք մեր ավանդական մոտեցումները»: Պողոսյանը գտնում է, որ մենք պետք է զգուշանանք նմանակելուց, քանի որ այն լավ բանի չի հանգեցնի: Բացի այդ` պետք է հնարավորինս պահպանել ավանդականը, մասնավորապես մեծին հարգելու, ավագության սկզբունքը: 

 

ԱՎԾ-ի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը խոսելով այժմ Հայաստանում  գրանցված ամուսնությունների և ամուսնալուծությունների մասին, նշեց. «Ամուսնալուծությունների թվաքանակի աճ է նկատվում այժմ:  2012-ի ամփոփված տվյալներով 1000 բնակչի հաշվով 1 ամուսնալուծության դեպք է գրանցվել, իսկ նախկինում 1000 բնակչի հաշվով գրանցվում էր 0,4 տոկոս:  

 

Այժմ  1000 գրանցված ամուսնության համար 190 ամուսնալուծություն է գրանցվում:   Պետք է նշեմ, որ առաջին ամուսնության միջին տարիքը 23,3 է եղել,  իսկ տղաների համար 25,3: Այժմ ամուսնության միջին տարիքը աղջիկների համար 25-ն է, 27-ը՝ տղաներինը:

 

Սովորաբար տնային տնտեսության մասին տեղեկատվությունները մարդահամարի միջոցով են կատարվում, պետք է նշեմ, որ  վերջին մարդահամարը կատարվել է  2011  թվականին:   Մարդահամարի ծրագրով առանձնացրել են ընտանիքներ,  որոնք բաղկացած են ամուսնական զույգից,  կամ միայն մայրիկից և  երեխայից (ներից) , կամ  էլ ընտանիք, որը բաղկացած է հորից և երեխայից (ներից), սրանք կոչվում են  նուկլիար ընտանիքներ: Յուրաքանչյուր տարի տեղեկատվություն է ստացվում ծնվածների մասին, ինչ տարիքում են ծննդաբերել և այլն: 2011-ին 15-ից  բարձր կանանց շրջանում 12 տոկոսը կազմել են 1 երեխա ծնած կանայք, 24 տոկոսը՝  երբևէ երեխա չի ծնել»:

 

Բանախոսը նաև նշեց, որ քաղաքային կանանց շրջանում գերակշռում են 1 կամ 2 երեխա ծնած կանայք, այն դեպքում,   երբ գյուղական ընտանիքներում  3-4 երեխա ծնած կանայք են:

 

 

 

Հոգեբան Աննա Բադալյանը նշեց, որ այժմ  հայ ընտանիքի մոդելը ենթարկվել է որոշակի  փոփոխությունների, սակայն այս փոփոխություններին  միայն բացասկան տեսանկյունից պետք չէ նայել, քանի որ այս փոփոխությունները նաև դրական կողմեր ունեն. «Այժմ հայկական ընտանիքը, ունենալով ներքին հայկականը և ընդունելով նորը,   ավելի հետաքրքիր և ամուր ընտանիքի է վերածվել,  ավելի ճկուն և  զարգացած: Պետք է նշեմ, որ  Հայաստանում ընտանեկան հոգեբանության իսնտիտուտը կայացած է, այժմ ամուսնական զույգը ընտանիքում առաջացած խնդիրների դեպքում դիմում է հոգեբանի և ցանկանում ամեն գնով   պահպանել ընտնիքը:

 

Հոգեբանը նաև շեշտեց, որ եթե առաջ ամուսնական զույգերը ամաչում էին բարձրաձայնել իրենց ընտանիքում առկա խնդիրները և չէին դիմում հոգեբանի, ապա այսօր մարդկային մտածելակերպը  փոխվել է  և մարդիկ  առանց որևիցե ամոթի,  դիմում են մասնագետի: 2001-2003 թվականների  համեմատ  այժմ տղամարդիկ նույնպես դիմում են հոգեբանների, քանի որ տղամարդկանց շրջանում  հոգեբանի դիմելու բարդույթը նույնպես վերացել է: 

Նույն շարքից