Մամուլի ակումբ 

«Թանգարանային գիշեր». ի՞նչ է սպասվում այս գիշեր

analitik.am

Այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած  «Մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրը: Հայաստանում գործող թանգարանների հիմնախնդիրը, ի՞նչ է ցույց տալիս այցելուների վիճակագրությունը» թեմայով ասուլիսի հյուրերն էին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը,  Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը և Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը:

 

 

Գագիկ Գյուրջյանը խոսելով Էրեբունի թանգարանում առկա խնդիրների մասին, նշեց. «Նշեմ, որ  Էրեբունին հնագիտական թանգարան է և այդտեղ  ցուցադրվում են  հնագիտական գտածոներ, որոնք գտնվել են մեր  արգելոցի տարածքից:  Էրեբունին արգելոց- թանգարան է և այդ պատճառով էլ այստեղ ավելի շատ են խնդիրները,  սակայն կամաց-կամաց դրանք լուծվում են:  Օրինակ՝ չունեինք ջեռուցում, սակայն քաղաքապետարանի օգնությամբ այդ հարցը լուծվեց: Թանգարանի արդիականացման խնդիր ունենք, նաև  միջնաբերդի վերականգման խնդիրը, մենք  առաջիկա տարիներին պետք է ամեն ինչ անենք այն վերականգնելու համար»:

 

Խոսելով «Թանգարանային գիշերի» շրջանակներում Էրեբունի թանգարանում կազմակերպվող միջոցառումների մասին, Գյուրջյանը նշեց. «Այս տարի փորձել ենք բազմազան միջացառումներ կազմակերպել: Թանգարանների միջազգային օրը վաղն է և դրան նախորդող գիշերը լինում է «Թանգարանային գիշերը», որը նշվում է ամբողջ աշխարհում:Այս տարի միջոցառման  կարգախոսն է «Թանգարանային ցուցանմուշները ստեղծում են կապեր»:  Այս միջոցառումը  համակարգող հատուկ կառույց կա Եվրոպայում, և այդ կառույցը նախկինում ուներ մեկ ցուցանմուշ շարք, որին մենք նույնպես  մասնակցում էինք, սակայն այս տարի այդ շարքը չի լինելու»:

 

Էրեբունի թանգարանի տնօրենը նշեց, որ  այսօր թանգարանում գլխավոր միջոցառումը 45 րոպեանոց  ֆիլմի ցուցադրությունն է, որը Բրիտանական թանգարանի ցուցանմուշների մասին է.  «Թանգարանում տեղի ունեցող միջոցառումները ընդհատվելու են «Վան»  ազգագրական համույթի կենդանի երգերի ու պարերի կատարմամբ: Մենք ունենք պատանի հնագետի դպրոց, և այդ դպրոցի սաները  ուսումնական պեղավայրում իրականացնելու  են ցուցադրական պեղումներ: Քանի որ այս տարվա կարգախոսն է՝  «Թանգարանային ցուցանմշուները ստեղծում  են կապեր»,  մենք  փորձեցինք Կ. Դեմիրճյան թանգարանի հետ կապ ստեղծել: Առանձնացրինք մեր թանգարանից վեց որմնանկրաների պատճեններ, որոնք Դեմիրճյան թանգարանում են ներկայացվելու: Դիմել ենք քաղաքապետարանին, որպեսզի մեզ ավտոբուսներ տրամադրեն, որով այցելուները կայցելեն մեր թանգարան:  Ժամը 19:00-23:00 Հանրապետության հրապարակից  այդ ավտոբուսն  այցելուներին տեղափոխելու է  մեր թանգարան: Միայն այս երկու օրվա համար մեր պահոցից հանել ենք մեկ ցուցանմուշ, որը ագաթից մի կոճակ է  և հայտնաբերվել է  Կոտայքի մարզի ուրարտական դամբարաններից մեկում, շատ լավ է պահպանվել  և այս ցուցանմուշը ներկայացնելու են   «Մի ցուցանմուշ մի պատմություն» խորագրով»:

 

Հարցին՝ արդյոք թանգարանները նպաստում են զբոսաշրջության զարգացմանը, Գյուրջյանը պատասխանեց. «Թանգարաններն առաջին հերթին զբոսաշրջության թիրախներ են լավ իմաստով: Դրանք նույնիսկ հանդիսանում են որպես «կատալիզատոր», պարզելու համար՝  Հայաստանում ինչքան զբոսաշրջիկներ կան: Հետաքրքիր է, որ մեր թանգարան այցելում են շատ իտալացիներ, ովքեր միշտ հետաքրքրվում են հնագիտական գտածոներով: Երբ պարսիկների հոսքը շատ էր, մեզ մոտ մեծ թվով պարսիկ այցելուներ ևս  կար: Ավելի շատ գալիս են Ռուսաստանի հայերը, երեխաներ, որոնք դպրոցահասակ են, ովքեր ուզում են ճանաչել իրենց հայրենիքը: Սակայն նշեմ, որ տեղացիների քանակը գերակշռում է, սկսել են թանգարաններ ավելի շատ այցելել: Սակայն, պետք է ցավով նշեմ, որ    ԽՍՀՄ-ի ժամանակ ավելի շատ էին այցելում, քան այսօր: Անկախության տարիներին մի քիչ սառեց, սակայն փորձում ենք տարբեր ձևերով այսօր թանգարանի նկատմամբ  հետաքրքրությունն ավելացնել: Ամսվա մեջ մի օր անվճար մուտք ունենք դպրոցականների, ուսանողների, թոշակառուների և վետերանների համար: Անվճար օրերին այցելուների  մեծ հոսք կա նաև մարզերից»:  

 

Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը խոսելով թանգարանում առկա խնդիրների մասին, նշեց.  «Հիմնական խնդիրը շենքն է: Մենք գտնվում ենք բնակելի շենքի առաջին հարկում և դա առաջացնում է մեծ խնդիրներ: Այժմ մենք ունենք միայն տարածքի խնդիր, որի լուծմամբ  էլ կլուծվեն մնացած հարցերը: Թանգարանի  շենքը պետք է համապատասխանի թանգարանային պահանջներին»:

 

«Թանգարանային գիշերի» շրջանակներում Ժամանակակից արվեստի թանգարանում  ներկայացվելու է   երեք իսպանացի երիտասարդի ցուցահանդեսը, ովքեր փորձել են վերաներկայացնել այսօրվա Հայաստանն իրենց պատկերացմամբ:

 

Նունե Ավետիսյանի կարծիքով՝ թանգարանը կարող է տուրիզմի զարգացման համար դառնալ խթան և դրա վառ ապացույցը իրենց թանգարանի այցելուների շրջանակներում զբոսաշրջիկների  քանակի  ավելացումն է:  Նա նշեց, որ տարեց տարի թանգարանի նկատմամբ մեծանում է հետաքրքրությունը և այցելուների թիվն ավելանում:

 

 

Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն  Արմինե Սարգսյանը նշեց, որ  թանգարանային առարկաների պահպանության համար շատ կարևոր է  ջերմախոնավային ռեժիմի առկայությունը և   այժմ Երևանի պատմության թանգարանում  այդ խնդիրը առկա է. « Այս 10 տարիների ընթացքում պետության ուշադրությունը թանգարանների նկատմամբ մեծացել է: Մեր թանգարանը շենքային առումով նոր թանգարան է և այժմ փորձում ենք լուծել առկա խնդիրները»:

 

 Արմինե Սարգսյանը նաև նշեց, որ «Թանգարանային գիշերի» շրջանակներում Երևան քաղաքի պատմության թանգարանում  ստեղծվել է ավանդական հայկական գորգ, որի  վրա խորհրդանշական տոհմածառ է  պատրաստվել, որտեղ այցելուները իրենց տոհմի լուսանկրաները կարող են բերել  և փակցնել  դրա վրա: Այնուհետև այդ նկարները կհամակարգվեն  և կհամալրվեն թանգարանային հավաքածուի մեջ.            «Ուսանողների հետ նույնպես միջոցառում ենք անցկացնելու՝ «Ջութակի հեղափոխություն» խորագրով և հնչելու է ժամանակակից  երաժշտություն : «Թանգարանային գիշեր» միջոցառումների  գագաթնակետը մեր թանգարանում կազմակերպված երկու միջոցառումներն են,  որոնք իրականացվելու են նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ: Երևանի մեծ մանրակերտը մի քանի րոպեով այցելուին տանելու է հին Երևան: Այցելուն տեսնելու է Երևանի անցուդարձը, լսելու է մեքենաների ձայնը, անցորդների ձայները և այլն: Այնուհետև ներկայացվելու է  ժամանակակից Երևանը, այցելուն վիրտուալ ճանապարհորդելու է ժամանակակից Երևանով»:

 

Երևանի պատմության թանգարանի տնօրենը նաև հույս հայտնեց, որ մեզ մոտ մշակույթ կձևավորվի, և մարդիկ ընտանիքներով կսկսեն այցելել թանգարաններ, և դա կդառնա նրանց  առօրյայի մի  մասը: 

Նույն շարքից