Մամուլի ակումբ 

«Սեռական դաստիարակությունը սեքսի մասին խոսելը չէ». Վրեժ Շահրամանյան

analitik.am

Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ հայկական ընտանիքներում սեռական առողջության խնդիրների վերաբերյալ Analitik.am-ի հետ զրույցում սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը նշեց, որ ժամանակակից ընտանիքն ավելի պահանջկոտ է սեռական հարցերում, չնայած որ շատ դանդաղ ենք առաջ գնում, բայց նկատելի է այն միտումը, որ բոլորը սկսել են ավելի շատ  վերաիմաստավորել և կարևորել սեռական առողջության խնդիրը:

 

«Ընտանիքի դերը հսկայաական է այն առումով, որ միշտ պետք է ուշադրություն դարձնել, թե ինչ ընտանիքում է մեծացել երեխան: Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ միակողմանի ծնողազուրկ ընտանիքներում մեծացած երեխաներն ունենում են բազմաթիվ հեգաբանական և սեռական  խնդիրներ: Նրանցից շատերը միշտ կախյալ են լինում, ոչ լիարժեք ինտեգրված, սեռական ոչ ճիշտ դաստիարակության հետևանքով նրանք բարդութավորված են: Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ ընտանիքի հակասեքսուալ դիրքորոշման հետևանքով սեռական կյանքի հետ կապված ամեն ինչ երեխաներին ներկայացվում է քննարկման համար ոչ ենթակա, ոչ հարիր: Կան մի շարք սեռական խնդիիրներ, որոնք առաջանում են հենց ընտանիքի պատճառով: Մենք ունենք սեռական մի խնդիր՝ վագինիզմը, որը ավելի շատ բնորոշ է մեր ազգին և որի գերակշռող պատճառը սխալ սեռական դաստիարակությունն է, որն էլ  աղջկա հոգեկանի վրա ունենում է մեծ ազդեցություն՝ պատճառ դառնալով նրա հետագա ընտանիքում բազմաթիվ խնդիրների առաջացմանը:

 

Նա նաև անդրադարձավ  Եվրատեսիլ երգի մրցույթից հետո վերջին ժամանակներս անընդհատ քննարկումների պատճառ դարձած հաղթողի սեռական կողմնորոշմանը և   նշեց, որ  ցանկացած քննարկում պետք է չափի մեջ լինի. «Ողջունելի է, երբ քննարկվում են արդյունքները, հաղթանակը, բայց ցավալի է, որ դա տեղափոխվում է հաղթողի անձնական կյանք: Որպես մասնագետ՝ ես իմ մտահոգությունն եմ հայտնում, որ անընդհատ համացանցում են հայտնվում հաղթողի սեռական կյանքի մանրամասները, անձնական արխիվները հրապարակելը կարող է վտանգավոր լինել հատկապես երեխաների համար:  Ցանկալի կլինի նվազեցնել այդ արշավը՝ նման նյութերի հրապարակման, որովհետև տարիներ հետո նույնիսկ կարող են բավականին խնդիրներ առաջացնել»:

 

Անդրադառնալով դպրոցներում սեռական առողջության դաստիարակության խնդիրներին Վրեժ Շահրամանյանը նշեց. «Հարցն այդ առումով կնճռոտ է, որովհետև նման դասընթաց դպրոցներում չկա, հիմնականում առողջ ապրելակերպ դասընթացի շրջանակներում մի քանի թեմա է ընդգրկված,  և դասընթացն անցկացնում է ֆիզկուլտուրայի ուսուցիչը: Կան մի քանի դպրոցներ, որոնք ունեն պայմանավորվածություն և հստակ սահմանված ծրագիր, որով ավագ դպրոցի երեխաներն անցնում են մասնագետի վարմամբ դասընթաց»:

 

Հաճախ ես լսում եմ, որ պետք չի պղտորել երեխային՝ խոսելով նման թեմաների մասին, բայց պետք է հասկանալ, որ սեռական դաստիարակությունը սեքսի մասին խոսելը չի: Չէ՞ որ մենք երեխային սովորեցնում ենք էթիկայի կանոնները, նույնն էլ սեռական դաստիրակության դեպքում է»: 

 

 

Նույն շարքից