Մամուլի ակումբ 

Կառավարության այս ծրագիրը որևէ լուրջ պատասխանատվություն չառաջացնող ծրագիր է. Արշակ Սադոյան

analitik.am

Այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած «Կառավարության 2014-2017 թթ. ծրագրի նախագիծը. Կրկնություններ, բացթողումներ» թեմայով ասուլիսի հյուրն էր ԱԺԿ նախագահ Արշակ Սադոյանը: Հյուրը, թեմային անդրադառնալով, նշեց, որ կառավարության ծրագրերը որոշակի պատասխանատվություն պիտի ունենան, այսինքն, երբ կառավարությունը ծրագիր է ներկայացնում, հարց պետք է առաջանա՝ արդյո՞ք հնարավոր է ստուգել՝ ծրագիրը կատարվում է թե ոչ, և ինչ կլինի, եթե ծրագիրը չկատարվի:


«Հիմա շատ կարևոր ժամանակահատված է, սահմանադրական բարեփոխումներ են նախապատրաստվում, և պետք է հետևողական գտնվել՝ Սահմանադրության մեջ ներառելու այն փոփոխությունը, որ միայն որոշակի հստակ չափանիշներով ծրագիր ունեցող կուսակցությունը կարողանա իր վրա վերցնել կառավարության բեռը և իրավունք ունենա ներկայացնելու ծրագիր»:


«Մենք դեռ 2005թ.-ին սահմանադրական բարեփոխումների ժամանակ առաջարկել ենք նախագիծ այն մասին, որ կուսակցությունը պարտադիր պետք է ունենա իր ծրագրի կատարման ժամանակահատվածը, չկատարման անհաղթահարելի պատճառների չափորոշիչները, և եթե կուսակցությունը չի կատարում իր ծրագիրը, նոր ընտրություններ անցկացվեն»:


Կառավարության ծրագրում էական փոփոխությունների մասին նա նշեց, որ էական տարբերություններ չկան, եթե տարբերություններ էլ կան, ապա միայն ձևական հարցերում ու ձևական սահմանումներում:


«Կառավարության ծրագրում ես լուրջ փոփոխություններ չեմ տեսնում, և այն իրավունք էլ չուներ լուրջ փոփոխություններ ունենալու, որովհետև, եթե ծրագիրը ներկայացնում է նույն քաղաքական ուժը՝ իր ծրագրի հիման վրա, այն չի կարող հիմնովին տարբեր լինել նախորդից: Կառավարության ծրագիրը տարբեր կլինի, եթե կատարման նկատմամբ պատասխանատվություն առաջացնող ակտեր լինեն: Հետաքրքիր է, թե նոր կառավարության ծրագիրը ու՞մ ծրագիրն է ներկայացնում. ՀՀԿ-ի, նախագահի, թե նոր վարչապետի նախասիրությունն է այն»:


Անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ուղղված հայտարարությանը, նա նշեց, որ որոշակի հստակ գործնական հայտարարություն կամ քայլեր չկան. «Խոսվում է փոքր և միջին բիզնեսի մասին, բայց հանդիպումներ է անցկացվում խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ: Կառավարության այս ծրագիրը որևէ լուրջ պատասխանատվություն չառաջացնող ծրագիր է, դա նույնիսկ իրենք են նշում»:


Կառավարության նոր ծրագրում նախատեսվող 5% տնտեսական աճի մասին բանախոսն ասաց. «Ես կարծում եմ, որ դա ոչ միայն հնարավոր, այլ նաև ապահովագրող թիվ է, որը հնարավոր է ապահովել, և դա նշվում է՝ հետագայում ցույց տալու համար, որ մենք հասանք դրված ցուցանիշին»:


Անդրադառնալով նոր վարչապետի գործելաոճին և կառավարության կազմին՝ նա նշեց. «Վարչապետը երկար տարիներ աշխատել է պետական համակարգում, եղել է ԱԺ նախագահ, նրա գործելաոճին բոլորս ենք ծանոթ, իսկ կառավարության կազմի մեջ արտահայտվել են նաև Հովիկ Աբրահամյանի նախասիրությունները, բոլորը ծանոթ դեմքեր են, բոլորին էլ ճանաչում ենք»:


Անդրադառնալով ԱԺ 4 քաղաքական ուժերի՝ կառավարության հրաժարականից հետո միավորվելու փորձերին, նա նշեց, որ ընդհակառակը՝ փորձեր արվում էին մինչև Տիգրան Սարգսյանի հրաժարականը, իսկ այժմ նման բան ինքը չի տեսնում, ավելին արդեն այն իրավիճակն է, որ ԲՀԿ-ն վերադառնում է իր նախկին դիրքերին:


Կառավարության նոր ծրագրում գյուղատնտեսությանն առավել մեծ կարևորություն տալը Պրն Սադոյանի կարծիքով պայմանավորված է միայն նրանով, որ տարին գյուղատնտեսության համար շատ անբարենպաստ է սկսվել, իսկ գյուղատնտեսությունը շարունակում է մնալ մեր տնտեսության համար առաջնահերթություն և դրանով պայմանավորված՝ նոր կառավարությունը ամեն ինչ անելու է՝ այն զարգացնելու համար:


«Ես մեկ անգամ նշում եմ, որ ահագնացող արտագաղթի պայմաններում մեր կառավարության առաջանահերթ խնդիրը պիտի լինի համազգային կառույցների ստեղծումը, արտագաղթի դեմ դրսում պայքարելու ծրագրերի իրականացումը, որով արտագաղթածներին կփրկեն ուծացումից»,-եզրափակեց բանախոսը:

Նույն շարքից