Մամուլի ակումբ 

Մեր երեխաների 65%-ը չունի հստակ պատկերացում՝ ինչ է ուզում. սոցիոլոգ

analitik.am

Այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած «Մասնագիտական կողմնորոշումը հայկական դպրոցներում: Ի՞նչ հոգեբանական խնդիրների առաջ են կանգնում հայ դպրոցականները մասնագիտություն ընտրելիս» թեմայով ասուլիսի հյուրերն էին  «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն Անուշ Ալեքսանյանը և Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:


Ահարոն Ադիբեկյանը, խոսելով մասնագիտական կողմնորոշվածության մասին, նշեց, որ իրականում այն շատ կարևոր է, ինչը մենք այնքան էլ չենք գիտակցում: «Շրջանավարտների մասնագիտական ճիշտ կողմնորոշվածությունը երկու խնդիր է լուծում՝ նախ դու կարող ես քեզ ամբողջությամբ իրացնել այդ մասնագիտության մեջ, և երկրորդ՝ դու ծանոթանում ես քո աշխատանքին ու այն պարտականություններին, որոնք քեզ վրա դրվելու են:  Դրսում շատ հետաքրքիր սովորություն կա՝  ուսանողները լրացնում են թերթիկներ, որոնց  հիման վրա քեզ ուղղորդում են ոչ թե ուր դիմել,  այլ որտեղ դու կարող ես դիմել»:


Սոցիոլոգի խոսքով՝ իրենք դեռ ԽՍՀՄ տարիներին ուսումնասիրություններ են իրականացրել, որը ցույց է տվել, որ ամենաճիշտ ընտրությունը կատարում էին  «Զովետ ինստիտուտի»  և Կոնսերվատորիայի ուսանողները, որոնց 90%-ը աշխատում էր իր մասնագիտությամբ, ամենավատ ընտրությունը  Պոլիտեխնիկի ուսանողներինն էր, ովքեր գրեթե երբեք չէին աշխատում իրենց մասանգիտությամբ: Վատ վիճակում էին նաև Բրյուսովի ուսանողները, ովքեր մի քանի տարի աշխատում էին, հետո թողնում աշխատանքը. «Շատ հետաքրքիր էր, որ այդ ժամանակ մեր կառավարության մեծամասնությունը կազմում էին ՀՊՃՀ մեքենաշինության ֆակուլտետն ավարտած մարդիկ, ովքեր կառավարման ոչ մի հմտություն չեն անցել: Ստացվում է, որ կառավարման համակարգ էին մտնում դիլետանտները՝ կյանքից ուսում ստացածները»:


«Ես, հասկանալով այս ամենը, փորձեցի թեստավորման համակարգ մտցնել մի քանի տարբերակով ու դա կիրառելի դարձնել նաև դպրոցներում՝ առաջինը թեստը անցկացնում ենք 4-5-րդ դասարաններում՝ պարզելու երեխայի  բնավորության գծերը, հաջորդը՝  սեռական հասունացման ժամանակ, որի ընթացքում դեռահասների մոտ փոփոխություններ են լինում, հաջորդ թեստն անցկացվում է  դպրոցն ավարտելիս՝ մասնագիտական ուղղվածության թեստը, որով որոշվում է, թե ինչ ուղղություն է նախընտրում դպրոցն արդեն ավարտած անձը:


Ադիբեկյանի խոսքով՝ թեստերի կարևորությունը կայանում է նրանում, որ եթե նույնիսկ մասնագիտության սխալ ընտրություն կա, ապա հնարավոր է ուղղորդել, որովհետև թեստերը միայն գիտելիքները չեն ստուգում, այլ նաև շատ այլ մարդկային որակներ: «Օրինակ, 2 դիվանագիտության ուղղությունն ընտրած ուսանողներ, որոնցից մեկը ակտիվ է և գործունակ, մյուսը ինտրովերտ է, բայց նրանք երկուսն էլ ընտրել են դիվանագիտությունը: Այս դեպքում նրանցից մեկը կլինի պրակտիկ դիպլոմատ, իսկ մյուսը՝ դիվանագիտության տեսության մեջ մեծ ներդրում ունեցող անձ»:


«Մասնագիտակության  ընտրությունը 2 ձևով է արտահայտվում մեր շրջանավարտների մոտ. երեխաների վրա շատ մեծ է ծնողների ազդեցությունը, այսինքն երեխաները միշտ ընտրում են կամ իրենց ծնողների մասնագիտությունը կամ ծնողների խորհուրդ տված մասնագիտությունը և այն մասնագիտությունները, որտեղ կամ ավելի փոքր կամ ավելի մեծ է դիմելիությունը (վերջինս ավելի հաճախ է հանդիպում): Մեր երեխաների 65%-ը չունի հստակ պատկերացում՝ ինչ է ուզում, իսկ մյուս 35%-ը ավանդական մոտեցումներով է առաջնորդվում՝ ինչ-որ մասնագիտություն ընտրեմ, հետո ամուսնանամ.... Ճապոնական կառավարությունը շատ ճիշտ քայլ է արել այս առումով՝  յուրաքանչյուր քաղաքում կամ գավառում նա ունի մասնագիտական կողմնորոշման կենտրոններ, որտեղ երեխաները պարտադիր հաճախում են փոքր տարիքից և հետագայում արդեն մասնագիտության ճիշտ ընտրություն կատարում:


Սոցիոլոգի խոսքով՝ մենք տարեկան ունենում ենք միլիոնավոր հաշվապահներ, հաշվետարներ, տնտեսագետներ, իրավաբաններ ու նաև  քաղաքագետներ, ովքեր  չգիտենք ինչով պիտի զբաղվեն, երբ մենք չունենք քաղաքականություն:

 

Նրա բնորոշմամբ՝ մեզ մոտ այսօր ավելի շատ միջին մասնագիտացված մասնագետների ու սպասարկման ոլորտի մասնագետների կարիք կա.              


 «Սպասարկման ոլորտի մասնագիտությունը մի ամբողջ գիտություն է, որը ուսուցանում է ինչպես անել, որ հաճախորդը, այցելուն հոգեբանական կոմֆորտում լինի ու հաջորդ անգամ էլ ցանկություն ունենա գալու: Այսօր մեզ մոտ ամենապահանջվածներից մեկը խառատի մասնագիտությունն է, որը մենք չունենք»:


Կարիերայի համար շատ կարևոր  է, որ մարդ իմանա իր կարողությունները, հավակնությունները և կարողանա համապատասխանեցնել իր մասնագիտությանը:  «Մենք ունենք 90 չափանիշ, որոնք չափում են կարողությունները,  ունենք թեստ, որը չափում է չգիտակցված մղումները:


Ադիբեկյանի խոսքով՝ դպրոցներում հրաժարվել են ընդունել իրենց ծառայությունները, քանի որ դրանք վճարովի են, իսկ դպրոցում վճարովի ծառայություններ չեն թույլատրվում:


Հոգեբան Անուշ Ալեքսանյանը խոսելով մասնագիտության ընտրության հոգեբանական ասպեկտի մասին՝ ասաց, որ մեզ մոտ երեխաները մասնագիտություն են ընտրում ծնողների խորհրդով. «Մեզ մոտ երեխաները մասնագիտությունների մասին պատկերացում չունեն, նույնիսկ պատկերացում չունեն, թե ինչ հմտություններ են պետք այդ մասնագիտության համար, չգիտեն մասնագիտությունների պահանջարկը»:


Նա նաև նշեց, որ բացի հոգեբանական խնդրից մենք ունենք նաև պետական խնդիր, չկա հատուկ պետական քաղաքականություն, որը ուղղված կլինի երեխաների մասնագիտական ճիշտ կողմնորշմանն օգնելուն:


«Հոգեբանական խնդիրը նրանում է, որ մեր երեխաներն ունակ չեն ինքնավերլուծության, ինքնաքննադատության և հասկանալ, թե ինչ հմտություններ է  պետք ունենալ այդ մասնագիտության համար: Մեր դպրոցն ու կրթական համակարգը շեշտը դնում է միայն մեխանիկական հիշողության վրա»,-նշեց նա:


Անուշ Ալեքսանյանը նշեց, որ տարբեր տարիքի երեխաների շրջանում կատարած իրենց վերլուծությունները ցույց են տվել, որ երեխաները դպրոց են գնում ավելի մեծ վերլուծական ունակություններով, բայց ավելի վատ ունակություններով դուրս են գալիս դպրոցից: Պարոն Ադիբեկյանը չհամաձայնեց՝ նշելով, որ դպրոցի դերը  ընդամենը 5 % է, մինչդեռ ընտանիքինը՝ 80%, իսկ շրջապատինը 15%:

 

Մասնագիտության սխալ ընտրության հոգեբանական ազդեցության մասին հոգեբանը նշեց, որ դա կարող է բերել մասնագիտության մեջ չկայացմանը, այսինքն, երբ դու համապատասխան չես այդ մասնագիտությանը, պաշտոնին,  դու դառնում ես կյանքից դժգոհ, չբավարարված մարդ և հայտնվում դեպրեսիվ վակուումում. «Մենք հաճախ աշխատանքից ազատվելու պատճառները դնում ենք աշխատավարձի մեջ, սակայն հիմնական խնդիրը իրականում նրա մեջ է, որ մենք մեզ չենք տեսնում այդ մասնագիտության մեջ»:


Խոսելով այն մասին, արդյոք շրջանավարտները դիմում են հոգեբանի մասնագիտության ընտրության ժամանակ, նա նշեց որ դեպքեր ունեն, բայց մասնագիտական կողմնորոշման խնդիրը երկար ժամանակ է պահանջում և հնարավոր չէ դպրոցն ավարտելուց 2 ամիս առաջ ամբողջությամբ օգնել՝  ճիշտ որոշում կայացնել:

Նույն շարքից