Մամուլի ակումբ 

ՀՀ-ն ունի բոլոր նախադրյալները՝ մեղվաբուծության զարգացման համար. Հայաստանի մեղվաբույծների միության նախագահ

analitik.am

Այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած «Ի՞նչ է «խոստացել» գարունը մեղվաբույծներին: Մագնիսական դաշտի ազդեցությունը մեղուների վրա. նոր հետազոտություն» թեմայով ասուլիսի հյուրերն էին Հայաստանի մեղվաբույծների միության նախագահ Թելման Նազարյանը ու Հայկական տեխնոլոգիական ակադեմիայի նախագահ Վանուշ Դավթյանը:

 

Հայաստանի մեղվաբույծների միության նախագահ Թելման Նազարյանը թեմայի վերաբերյալ ասաց, որ ԽՍՀՄ տարիներին մենք ունեցել ենք ավելի քան 300 000 մեղվարտադրողներ, որոնք այս 20-25 տարիների ընթացքում դադարեցրել են իրենց գործունեությունը, չնայած որ վերջին տարիներին որոշակի առաջընթաց է նկատվում:

 

«Մենք այսօր ունենք բոլոր նախադրյալները՝ մեղվաբուծությամբ զբաղվելու համար, հանրապետությունը աշխարհագրական այնպիսի դիրքում է գտնվում, որ ունենք մեղվաբուծության համար անհրաժեշտ 4 գոտիները՝ դաշտավայրային, նախալեռնային, լեռնային և ալպիական, սակայն  տարեկան արտադրում ենք մինչև 800տ մեղր, այն դեպքում, երբ ճապոնացիները այդ քանակությամբ մեղրն օգտագործում են միայն իրենց երեխաներին կերակրելու համար, որի շնորհիվ էլ Ճապոնիան այսօր առաջինն է կյանքի միջին տևողությամբ և մահացության ամենափոքր ցուցանիշն ունի:


Հայաստանում մեղվաբուծության զարգացման խնդիրներին անդրադառնալով՝ պրն Նազարյանը նշեց, որ ցանկացած բնագավառի զարգացման համար պետք է, որ արտադրողը կարողանա վաճառել իր արտադրանքը. «Մենք այսօր չենք կարողանում արտահանելմեր արտադրանքը Եվրոպա, էլ չենք խոսում մեղուների «բախտի» մասին: Մեղուները շատ հիվանդություններ ունեն, որոնց դեմ փորձում ենք ինչ-որ չափով պայքարել»:


Նա նաև ավելացրեց, որ նախորդ տարի իրենք ստացել են 2000տ մեղր, բայց չեն կարողացել արտահանել Եվրոպա, քանի որ մեր մեղրը եվրոպական ստանդարտներին չի բավարարում. «Քիմիկատներ են օգտագործվում, նաև ստանդարտ կա, որ մեղրը պիտի ստացվի ալպիական գոտիներից, ինչի հետևանքով էլ ստացված մեղրը չենք կարողանում իրացնել դրսում: Այսօր մենք փորձում ենք մեղվաբուծությունը տեղափոխել ալպյան գոտիներ: Էկոլոգիապես մաքուր մեղրն այսօր  արժի  ավելի քան 40 դոլարին համարժեք դրամ»:


Լրագրողների այն դիտարկմանը, որ դեռ անցած տարի կառավարության որոշմամբ մեղրը պետք է արտահանվեր եվրոպական երկրներ և  կա արդյո՞ք որևէ առաջընթաց այդ առումով,  նա նշեց, որ արտահանում չունենք, բայց  համագործակցում ենք եվրոպական երկրների ու Չինաստանի հետ: «Նախորդ տարվա 2000տ մեղրի մի մասը  իրացվել է Հայաստանում, իսկ 6տ-ն էլ  գնացել է ՌԴ»:


Հարցին արդյո՞ք բերքի քիչ լինելը պայմանավորված է տեղումներով, նա պատասխանեց, որ անձրևը խնդիր չի, եթե տեղում է գիշերը, իսկ առավոտյան արևային եղանակ է լինում, ուղղակի մեզ մոտ մայիսին լինում է օժանդակ բերքը, իսկ հունիսի կեսերից՝ գլխավոր բերքը, այս առոմով մայիսի՝ անձրևային լինելը կարող են ազդել բերքի վրա:

 

ՀՀ-ում մեղվաբուծության համար ամենաբարենպաստ շրջանների մասին նա նշեց, որ Գեղարքունիքի մարզում ունենք դաշտավայրային գոտիներ, այնուհետև Սևանում նախալեռնային, իսկ ալպյան գոտիներ ամբողջ Հայաստանում կա: «Մենք հանրապետությունում ունենք 200 մեղվաընտանիք, որոնցից ավելի քան 40-ը Գեղարքունիքի մարզում են գտնվում»:


«Հայկական մեղրը իր որակով առաջինն է ամբողջ աշխարհում՝ որպես պոլիֆերային մեղր՝ (ստացվում է բազմաթիվ ծաղիկների նեկտարից) ուղղակի քիմիկատների օգտագործումը թույլ չի տալիս արտահանել Եվրոպա»:


Հայկական տեխնոլոգիական ակադեմիայի նախագահ Վանուշ Դավթյանը խոսեց մագնսիական դաշտի մասին և նշեց, որ մագնիսական որոշակի հաճախականություն կա, որը խանգարում է մեղուներին և նրանք թողնում հեռանում են: «Դաշտերում այսօր ավելի քան 160 կվտ հզորությամբ մագնիսական դաշտ կա, իսկ մեղուն, ընկնելով այդ մագնիսական դաշտի մեջ, կորցնում է իր կողմնորոշումը: Ամբողջ աշխարհում մեղուները վերանում են, բայց աշխարհը դրան ուշադրություն չի դարձնում»:


Նրա խոսքով՝ այսօր Չինաստանում ստեղծել են արհեստական փոշոտիչներ՝ մեղվաբուծության զարգացման համար: «Խնդիրը ոչ միայն նրանում է, որ մեղուները կվերանան, նույնիսկ ծառերը չեն փոշոտվի, իսկ դա արդեն էկոհամակարգի խախտում է»,- եզրափակեց բանախոսը:

Նույն շարքից