Մամուլի ակումբ 

Տոնավաճառների թիվը տարեց տարի ավելանում է. ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար

analitik.am

«2011 թվականից Երևանում կազմակերպվում են տոնավաճառներ, որոնց թիվը տարեց տարի ավելանում է:  Այս տարի՝  հունիսի 8-ին,  Կասյան փողոցի հարակից  տարածքում,  կմեկնարկի  տոնավաճառը: Մեկնարկը կլինի հանդիսավոր և կուղեկցվի տոնական միջոցառումներով: Այս տարի նույնպես տոնավաճառները կազմակերպվելու են  նույն սկզբունքով՝ լինելու են հարմարավետ վրաններ , հարմար գներ և առանց միջնորդների գյուղամթերքը բնակիչներին է վաճառվելու:  Այն տևելու է մինչև տարեվերջ, իսկ վերջին 10 տոնական օրերին լինելու է շուրջօրյա:  Գործելու է համապատասխան կայք, որպեսզի ցանկացած անձ հնարավորություն ունենա տեսնել, թե ի՞նչ ապրանք է վաճառվում»,-այս մասին այսօր «Անալիտիկ» կենտրոնում  տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց   ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

 

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարը խոսելով  անցած տարվա տոնավաճառի մասին, ասաց, որ այն նույնպես  մեկնարկել էր հունիսի 8-ին՝ Կասյան փողոցի հարակից տարածքում, և կազմակերպվել էր  4 տոնավաճառ:

 

Նա հայտնեց, որ  բոլոր մարզերից  մասնակիցներ են լինելու, անցած տարի  Արցախից նույնպես մասնակից է եղել,  այս տարի ևս լինելու է:

 

Հարցին, թե ինչպե՞ս գյուղացին կարող է մասնակցել տոնավաճառին, Ռոբերտ Մակարյանը պատասխանեց. «Տոնավաճառին մասնակցել ցանկացող գյուղացին գրանցվում է գյուղատնտեսության աջակցության մարզային կենտորնում ,   մեր մասնագետները համոզվում են, որ ունի հողատարծք, զբաղվում է գյուղատնտեսությամբ,   տրվում է սերտիֆիկատ, այնուհետև հեռախոսով գյուղացուն տեղեկացնում են նրա մասնակցության մասին»:

 

Հարցին՝ արդյոք տոնավաճառը չի հեշտացնում վերավաճառողների գործը, փոխնախարարը  պատասխանեց,  որ նման մտավախություն գյուղատնտեսության նախարարությունը չունի.  «Մենք հետևում ենք գներին, մոնիթորինգ է իրականացվում և  աշխատում ենք ամեն ինչ անել, որպեսզի  գյուղացին  առանց միջնորդի ապրանքն իրացնի և եկամուտ ստանա:  Շուկայում գործող գները գյուղացիներին է տրամադրվում, որպեսզի նրանք ծանոթ լինեն շուկային»:

 

Հարցին՝ արդյոք տոնավաճառ կազմակերպելը հետամնաց գործ չէ, փոխնախարարը պատասխանեց. «Եվրոպական զարգացած երկրներում այսպիսի տոնավաճառներ նույնպես գործում են, մենք հետամնաց գործ չենք ձեռնարկել: Նշեմ, որ կառավարության ծրագրում կա   մեծածախ շուկաների զարգացման վերաբերյալ կետ, որոնք   մեծ ներդրումներ են պահանջում, կարծում եմ, որ մենք շուտով նույնպես կունենանք:  Մոտ ապագայում  Ռուսաստան կարտահանվի  23.000 տոննա բանջարեղեն: Նաև  աշխատանքներ են իրականացվում վերամշակող գործարանների,  կազմակերպությունների հետ, որպեսզի պարզ լինի, թե  ո՞ր կազմակերպությունը որքա՞ն գյուղմթերք է մթերում»:

 

ՀՀ  գյուղատնտեսության փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ շուտով միս վերամշակող կազմակերպությունների միություն կլինի, այնուհետև կստեղծվեն  գյուղամթերք արտադրող միություններ. «Նաև արտահանման ապահովագրական ընկերություն է հիմնադրվել, որի նպատակը արտահանման խթանումն է: Գյուղնախարարությունը աշխատում է բոլոր արտահանողների հետ:  Պարզ է, որ արտահանման համար ապրանքը պետք է ունենա համապատասխան  որակական հատկանիշներ և մրցունակ լինի արտաքին շուկայում, այդ իսկ պատճառով գյուղատնտեսային շատ ապրանքներ չեն արտահանվում:

 

Խոսելով այս տարի ծիրանի արտահանման ծավալի մասին, նա նշեց. «Ծիրան կլինի,  այս տարի 10.000 տոննա  ծիրանի բերք ենք սպասում:  Հնարավոր է նաև արտահանում,  ուղղակի ծավալները քիչ կլինեն»,-եզրափակեց փոխնախարարը:

 

 

Նույն շարքից