Մամուլի ակումբ 

Կարիերան շատ ավելին է, քան զուտ աշխատանքը. ոլորտի ներկայացուցիչ

analitik.am

Կարիերան շատ ավելին է, քան զուտ աշխատանքը. այն անձին օգնում է մրցունակ լինել աշխատաշուկայում և իրապես կայանալ որպես բարձրակարգ մասնագետ: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը:


«Կենտրոնի հիմնական խնդիրն է երիտասարդներին կողմնորոշել մասնագիտություն ընտրելու հարցում: Մենք օգնում ենք երիտասարդին՝ ընտրելու այնպիսի մասնագիտություն, որը նրան կօգնի ինքնորոշվել և ճիշտ մասնագիտություն ընտրել, դիմանալ աշխատաշուկայի մրցակցությանը, փնտրել և գտնել աշխատանք: Սակայն հատկանշական է, որ հայ երիտասարդների մեծ մասը սոցիալական պասիվ դրության մեջ է և տանը նստած՝ նույնիսկ աշխատանք փնտրելու փորձ չի անում, չի գրանցվում կարիերայի կենտրոններում և այլն»,- ասաց նա:


Հայկուհի Գևորգյանի խոսքով, եթե հինգ-տասը տարի առաջ երիտասարդներն ընտրում էին առավելապես բժշկի, իրավաբանի և տնտեսագետի մասնագիտությունները, ապա այսօր զգալիրոնե իրենց դիրքերը բարելավվել են ՏՏ ոլորտի մասնագիտությունները՝ չնայած նրան, որ երիտասարդները ՏՏ ոլորտը նույնացնում են միայն մեկ՝ ծրագրավորողի մասնագիտության հետ: Նախարարության ներկայացուցիչը նաև նշեց, որ դեպքեր են եղել, երբ երեխայի ձռքը բռնած և խորհրդատվության ակնկալիքով իրենց մոտ եկած ծնողը հայտարարել է՝ իր երեխան պետք է տնտեսագետ դառնա, մինչդեռ կենտրոնի ուղղորդմամբ երեխան սովորել է ոսկերչի մասնագիտությունը և այժմ էլ բավական հաջող աշխատում է այդ մասնագիտությամբ:


Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2012 թվականին հավանության էր արժանացրել Հայաստանում մասնագիտական կողմնորոշման համակարգի ներդրման հայեցակարգը: Այն ենթադրում է անձի՝ մասնագիտական կողմնորոշման քառաստիճան համակարգ՝ սկսած դպրոցից մինչև բուհական և հետբուհական կրթություն:

Նույն շարքից