Մամուլի ակումբ 

«Գորգագործությունը մեր իշխանությունների խելքի բանը չէ». Աշխունջ Պողոսյան

analitik.am

 «Պատմական Հայաստանը գորգագործական մշակույթի ձևավորման բնօրրաններից մեկն է եղել: Մինչև հիմա պահպանված բազելիք գորգը իր ամեն ինչով հնարավորություն է տալիս պնդելու, որ այն գործել են Վանա լճի շրջակայքում և այն հայկական է» -, այս մասին այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց պատմական գիտությունների թեկնածու, գորգագետ Աշխունջ Պողոսյանը:

 

«Միջնադարյան աղբյուրներում շեշտվում է, որ ամբողջ Արաբական խալիֆաթի տարածքում հռչակված էին հայկական գորգերը: Այժմ մենք ինչ ունենք, հասկանալի է, ոչինչ չունենք, նման բան գոյություն չունի: Գորգագործության արվեստի զարգացման վրա, իհարկե, ազդում է նաև այն, որ 6-7 դար է անցել և այդ ժամանակաշրջանն ազդել է գորգագործության զարգաման վրա: Հիմա Հայաստանում 3 գորգագործության խոշոր ձեռարկություններ կան: Որոշ բաներ արվում է այդ երեք ձեռնարկությունների միջոցով: Տեխնիկական, տեխնոլոգիական առումով այդ գործարանները առաջնակարգ են, արտադրանքի մեծ մասը գործվում է բնական ներկանյութերով: Մեզ մոտ գորգի ինքնարժեքը չափազանց բարձր է ստացվում և այդ պատճառով արտերկրում դրա վաճառքի կազմակերպումը շատ դժվար է, իսկ մեր երկրում չափազանց սահմանափակ է պահանջարկը»,- շեշտեց գորգագետը:

 

Նա հիշեցրեց, որ Սովետական միության ժամանակ որոշում է կայացվել Էջմիածնում գորգերի թանգարան ստեղծել, հավաքվել է 2000-ից ավել գորգ, սակայն որոշ խնդիրների պատճառով թանգարանի ստեղծման հարցը հետաձգվել է և այդ ծրագրի մասին այսօր մոռացվել է, ու ոչինչ չի արվում այդ ուղղությամբ: «Հայտնի է, որ այսօր աշխարհում ընդունված է տարանջատել գորգերը, սակայն հայակական գորգի մասին հայ ժողովուրդը՝ որպես գորգագործության մշակույթ կրող ազգ, շատ հազվադեպ է հիշատակվում: Հայստանի իշխանությունները, պետք է որ շահագրգռված լինեին, որպեսզի գորգագործությունը զարգանար, սակայն, ինչպես տեսնում ենք, այն մեր իշխանությունների խելքի բանը չէ»,- ասաց Ա. Պողոսյանը:

 

 Բանախոսը նշեց, որ այսօր շատ անհրաժեշտ է ունենալ գորգի թանգարան և պետք չէ մոռանալ, որ հայ ազգը եղել է ամենաառաջին ազգը, որը զբաղվել է գորգագործությամբ և այսօր պետք է ամեն ինչ անենք, որ գորգագործության արվեստը զարգանա:

Նույն շարքից