Մամուլի ակումբ 

Ի՞նչ իրավունքով են մեծահարուստները ռեստորանային համալիրներում և խոշոր օբյեկտներում արջ կամ այլ կենդանիներ պահում

analitik.am

Սիլվա Ադամյանը կարծում է, որ գիտնականները,  ովքեր զբաղվում են որևիցե կենդանու ուսումնասիրությամբ, պետք է հատուկ եզրակացություն տան, արդյոք կարելի է ինչ-որ կենդանու պահել տան պայմաններում, թե՞ ոչ:  

 

Այս մասին այսօր «Անալիտիկ» կենտրոնում «Վայրի կենդանիները՝ անազատության մեջ: Ի՞նչ իրավունքով են մեծահարուստները ռեստորանային համալիրներում և խոշոր օբյեկտներում արջ կամ այլ կենդանիներ պահում. բացահայտում, պատասխանատվություն» թեմայով ասուլիսի ժամանակ ասաց Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող, բնապահպան Սիլվա Ադամյանը:

 

««Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում, որն ընդունվել է 2010 թվականին,  նշվում է, որ անազատության մեջ պահվող կենդանիներին կարելի է օգտագործել որպես կերակուր, սա շատ տարօրինակ և սխալ հոդված է, որը պետք է անհապաղ վերանայել և փոխել: Ամբողջ  աշխարհում բոլոր այն կազմակերպությունները, ովքեր զբաղվում են կենդանիների պաշտպանությամբ թույլ չեն տալիս, որպեսզի կենդանիների միսը մատուցվի ռեստորաններում, իսկ մեզ մոտ կան ռեստորաններ, որոնց ճաշացանկում գրված է լինում, օրինակ՝ «արջի խորոված»»,-ասաց բնապահպանը:

 

 

 

Սիլվա Ադամյանը հայտնեց, որ Հայաստանում  կա «Sietes» անունով մի կազմակերպություն, որը որոշ անձանց ինչ-որ կենդանու պահելու հարցում  թույլտվություններ է տալիս. «Այն մարդիկ, ովքեր փորձում են Հայաստան բերել ինչ-որ կենդանի և պահել նրանց անազատության մեջ, այդ կազմակերպությունն է թույլտվությունը տալիս և ոչ  միշտ է, որ օրենքի սահմաններում է լինում նրանց տված թույլտվությունը: Օրինակ, երբ դելֆիններ էին բերել և պահում  ոչ ճիշտ պայմաններում, հենց այդ կազմակերպությունն էր տվել դրա թույլտվությունը: Այդ դելֆինները ընդգրկված էին «Կարմիր գրքում» և կոնվենցիայում գրված է,  որ այդ դելֆիններին չի կարելի պահել ոչ ծովային ջրում»:

 

 

 

Բանախոսը նաև ասաց, որ այն մարդիկ, ովքեր իրենց հաճույքի համար վայրի կենդանիներին փակի տակ են պահում, հոգեբաններն ասում են, որ լուրջ հոգեբանական խնդիրներ  ունեն, նաև՝ ինքնահաստատվելու կարիք. «Մեր երկրում այս ոլորտում լուրջ խնդիրներ կան, և մեր նոր բնապահպանության  նախարարին կոչ եմ անում լրջորեն զբաղվել այս հարցով, մենք պատրաստ ենք այս հարցում նրան օգնել և աջակցել: Պետք է լուրջ մոտենանք այս խնդրին և պահանջենք, որպեսզի օրենքում փոփոխություններ արվի և հանվի այդ հոդվածը»:

 

 

Խոսելով  կենդանիների անօրինական վաճառքի մասին,  Ս. Ադամյանը հայտնեց, որ սպիտակապոչ արծիվը ամբողջ աշխարհում արժե 8000 դոլար և Հայաստանում այդ արծիվը նույնպես կա, որոնց բռնում են հատուկ նպատակով`վաճառելու:

 

Բանախոսը նաև մտահոգություն հայտնեց, որ Հայաստանում այս իրավիճակը կարող է բերել կենդանիների այն տեսակների  ոչնչացմանը, որոնք ըդգրկված են «Կարմիր գրքում» և ՀՀ ԲՆ նոր նախարարը պետք է լրջորեն զբաղվի այդ խնդրով` հետագայում այդպիսի դեպքերը կանխարգելու և  բացառելու համար:

 

Նույն շարքից