Մամուլի ակումբ 

Հայաստանի փոքր ՀԷԿ-երի՝ հրատապ լուծում պահանջող խնդիրներն ու լուծման ճանապարհները

analitik.am

Այսօր «Անալիտիկ»  կենտրոնում տեղի ունեցած   «Հայաստանի փոքր ՀԷԿ-երի՝ հրատապ լուծում պահանջող խնդիրներն ու լուծման ճանապարհները» թեմայով ասուլիսի  հյուրերն էին  Համահայկական բնապահպանական ճակատի անդամ (ՀԲՃ) Լևոն Գալստյանը և Գյումրու «Օրհուս» կենտրոնի համակարգող Գևորգ Պետրոսյանը:

 

 

Գևորգ Պետրոսյանը խոսելով  Հայաստանի փոքր ՀԷԿ-երի առաջացրած խնդիրների մասին, ասաց. «Այսօր պետական քաղաքականությամբ աշխատում են Հայաստանում  անպայաման զարգացնել փոքր ՀԷԿ-երը՝ անկախ հաշվի առնելու այդ գետերի  ներկայիս  վիճակը: Փոքր ՀԷԿ-երը միջավայրի վրա  շատ վատ են ազդում,  շատ անգամ դրանց կառուցումը անգամ բիզնես ոլորտին էլ ձեռնտու չէ, քանի որ նրանք չեն կարողանում  հստակ իմանալ,  թե գետում իրականում ինչքան ջուր կա: Ե՛վ բիզնես տեսակետից է  անթույլատրելի ՀԷԿ-երի կառուցումը,  և՛  էկոլոգիական»:

 

 Բանախոսը նշեց, որ այժմ  գետը դիտվում է  որպես մի օբյեկտ, որից կարելի է  ստանալ էներգիա, այլ ոչ թե որպես ամբողջական էկոհամակարգ. «Պետք է հաշվի առնել գետում ապրող բույսերի, կենդանիների կարիքները:  Եղեգիս, Հրազդան գետի շատ հատվածներ, Ախուրյան գետը և այլ գետեր համարյա վերացված են, քանի որ էլոլոգիական հաշվարկ չի եղել ՀԷԿ-եր կառուցելիս: Յուրաքանչյուր գետային ավազան պետք է ունենա գետավազանային կառավարման պլան, այսինքն՝ ըստ  դրա պետք է որոշել արդյոք կարելի է տվյալ գետի վրա ՀԷԿ կառուցել, թե ոչ»:

 

 

Գևորգ Պետրոսյանը նշեց, որ այսօր  Հայաստանում ՀԷԿ-երի հարցը լուրջ հիմնախնդիր է. «Այսօր ամեն իրեն «հարգող»  բիզնեսմեն պետք է ՀԷԿ ունենա, դա դարձել է ստատուսի հարց: Եվ հենց այս վիճակն է,որ  հանգեցրել է մեր էկոհամակարգի քայքայմանը:  Այսօր մենք չունենք բնապահպանական ոլորտի զարգացման  լուրջ ռազմավարություն, ունենք շրջակա միջավայրի պահպանման ազգային ծրագիր, որը ողջ աշխարհին ցույց տալու համար է, ոչ թե մեր էկոհամակարգի բարելավման,  այն չի բխում նաև մեր էկոհամակարգի շահերից»:

 

 

Լևոն Գալստյանը խոսելով  Հայաստանում վերջին շրջանում  փոքր Հէկ-երի արագ զարգացման և դրանց առաջացրած էկոլոգիական խնդիրների մասին, ասաց. «ՀԷԿ-երի ագրեսիվ ձևով զարգացման պատճառով վերջիններս   էկոլոգիական տեսանկյունից խնդիրներ առաջացնող օբյեկտների են վերածվել: Առանց հետագա խնդիրները, պրոբլեմները հաշվի առնելու այսօր փոքր ՀԷԿ-երը շահագործվում են և էկոհամակարգի վրա դրանք լուրջ ազդեցություններ են ունենում: Մենք մի քանի անգամ դիմել ենք մեր կառավարությանը,  որպեսզի այս խնդրին լուծում տրվի, սակայն միայն մեկ բան հասկացանք, որ  նրանք ցանկություն չունեն այս խնդիրը լուծելու, քանի որ ծրագիր ունեն, որի համաձայն  Հայաստանում պետք է կառուցեն  մոտ  300 փոքր ՀԷԿ, այժմ ունենք 150 գործող փոքր ՀԷԿ»:

 

Բանախոսը նաև նշեց, որ այսօր  մեծ հնարավորությւոն կա  արևային էներգիա ստանալու համար. «Եթե այս նույն ջանասիրությամբ սկսենք այդ ուղղությամբ աշխատել, ապա մեծ հաջողություններ կունենանք,  չնայած,  որ արևային էներգիա ստանալու համար լուրջ ներդրումներ են անհրաժեշտ»,-եզրափակեց բանախոսը:  

Նույն շարքից