Մամուլի ակումբ 

«Ընդվզում» շարժումը լինելու է անհանդուրժող. Կարեն Թումանյան

analitik.am

Հայաստանում առանձին սոցիալական խնդիրների լուծման համար պայքարող տարբեր խմբեր են ստեղծվում, սակայն դրանք մնում են տվյալ խնդրի շրջանակներում, իսկ մեր երկրին պետք է հզոր շարժում, որի ուշադրության կենտրոնում կլինի խնդիրների համախումբ: «Ընդվզում» շարժման ղեկավար, հրապարակախոս Կարեն Թումանյանը հուլիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ իրենց շարժումը նպատակ ունի հենց այդ խնդիրը լուծել:

 

Թումանյանի խոսքով` չնայած եզակի երևույթին, որ կուտակային կենսաթոշակների դեմ պայքարող երիտասարդները կարողացան ՍԴ միջոցով հարաբերական հաջողության հասնել, բայց, ինչպես տեսանք, կառավարությունն ավելի հնարամիտ գտնվեց, և հարցն այնպիսի հարթություն տեղափոխեց, որ ռուսական հայտնի`« խոտելի կակ լուչշե, պոլուչիլոս կակ վսեգդա» տարբերակը գործեց:

 

«Եկավ մի պահ, որ ասում ենք` կուտակային լիներ, երևի ավելի լավ լիներ, հիմա գրեթե ամբողջ հանրությունն է ընդգրկված այստեղ: Շարժումներից ամեն մեկն իր առջև դրել էր շրջանակների մեխ, կաղապարի մեջ էին` պայքարում էին միայն կոնկրետ խնդրի դեմ, հիմա մենք հասկացանք, որ պետք էր ստեղծել մի շարժում, որը պետք է արձագանքի նմանատիպ որոշումներին` հակասահմանադրական, մենք պետք է զսպաշապիկ հասցնենք ռոբերտնազարյանական , կոնկրետ նրան նկատի չունեմ, բայց նմանատիպ դուքյաններին: Ի՞նչ է նշանակում` մասնավոր հիմնարկը ճեղքվածք ունի, և այն պետք է փակենք մենք, ինչու՞ պիտի նրա վատ կառավարման համար մենք տուժենք: Մենք, աշխատելով հանդերձ, աղքատ ենք, անձամբ ես երկու տեղ եմ աշխատում և հազիվ ծայրը ծայրին եմ հասցնում: Ինչու՞ դուք պետք է փրկեք Բիբինի հիմնարկը, լավ, նա մեզ համար ո՞վ է, եկել է` փող աշխատի, ինչու՞ է գործուղում գնում հինգաստղանի հիմնարկներում»,- նշեց նա:

 

Թումանյանի խոսքով` հիմա ջրի թանկացման հարցն է քննարկում, որ նույնպես իրենց ուշադրության կենտրոնում է: Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ իրենք ակցիաներ են արել, հիմա էլ կոչ են անում բոլորին` հուլիսի 18-ին մասնակցել ՕԵԿ-ի հանրահավաքին: Սա, ըստ Թումանյանի, թերևս միակ քաղաքական ուժն է, որ լծվել է այս խնդրի լուծմանը` թե դատական կարգով, թե հանրահավաքների միջոցով: Ըստ բանախոսի` այս հարցն ՕԵԿ կողմից մեծ հնչեղություն է ստանում, դա միակ հնարավոր տարբերակն է որով կկարողանան մինչև օգոստոսի սկիզբ այս անօրինական որոշումը բեկանել:

 

Թումանյանը նշում է, թե այս հարցում ՕԵԿ-ի կողքին լինելը դեռ չի նշանակում, որ իրենք ՕԵԿ-ական են, եթե նրանց փոխարեն այլ ուժ բարձրացներ այս հարցը, շարժումն այլ ուժի կպաշտպաներ: Ըստ բանախոսի` եթե ՕԵԿ-ին հաջողվեց հաղթել իրենց միջոցով, ապա կգա մի պահ, որ նույն հանձնաժողովները, կառավարությունը կհասկանան` պետք չէ արկածախնդիր ճանապարհով գնալ: Նա համոզված է` սա լուրջ մարտահրավեր է ժողովրդին:

 

Նոր կառավարությունից Թումանյանը սպասելիքներ չունի, նշում է, որ սին էին սպասումները, թե լավ է լինելու. ոչ մի լավ բան էլ չի լինելու, քանզի այս կառավարությունը ոչ մի գնահատական չտվեց նախկինին, դա արեց, որ նախադեպ ստեղծի, որ հաջորդ կառավարությունն իրեն չքննադատի, և իրենք գործեն ապօրինաբար: «Այս կառավարությունը նախորդից ոչ մի բանով չի տարբերվում: Ես հակված չեմ մտքին, որ պետք է հարյուր օր հետո գնահատական տալ, ի սկզբանե, երբ ծրագիրը ներկայացվեց, ես ասացի` սա դեպի պռավալ տանող կառավարություն է: Ի՞նչ տարբերություն, Գագիկ Բեգլարյանը փոխվե՞ց, սոցապնախարարը փոխվե՞ց. ոնց որ աշխատել էին, տենց էլ աշխատելու են»,- ասաց նա:

 

Թումանյանը նշեց, թե արդեն իսկ դերասաններ Տիգրան Ներսիսյանը, Նելլի Խերանյանը և այլ մշակութային գործիչներ ողջունել են այս շարժման գաղափարը, բայց ուրախալի է հատկապես այն, որ արդեն սկսվել են այս շարժմանը միանալու կոնկրետ քայլեր: Նա զգուշացնում է` շարժումն անհանդուրժող է լինելու, քանի որ հանդուրժողականության գաղափարը կործանում է մեր երկիրը:

Նույն շարքից