Մամուլի ակումբ 

Արմատացած է արդյոք մեր երկրում հոգեբանին դիմելու մշակույթը

analitik.am

Այսօր «Անալիտիկ» կենտրոնում  տեղի ունեցած  «Հոգեբանի և հոգեբանական ծառայությունների պահանջարկը Հայաստանում: Արմատացած է արդյոք մեր երկրում հոգեբանին դիմելու մշակույթը» թեմայով ասուլիսի հյուրերն էին «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի խորհրդի նախագահ Վարուժան Մելքոնյանը, գլխավոր մասնագետ, գիտական բաժնի ղեկավար Ռուբեն Պողոսյանը և հոգեբան, խորհրդատու Լիլիթ Բաղդասարյանը:

 

 

«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի խորհրդի նախագահ Վարուժան Մելքոնյանը խոսելով Հայաստանում հոգեբանական ծառայությունների պահանջարկի մասին, նշեց. «Մեր ազգը անցել է  բազմաթիվ խնդիրների միջով՝  երկրաշարժ, սով , մութ տարիներ, որոնք  հոգեբանական խնդիրների առաջացման պատճառ կարող են լինել: Այժմ   մեր հասարակության մեջ աղոտ են հոգեբանության մասին պատկերացումները, սակայն ժամանակի ընթացքում այս խնդիրը նույնպես կլուծվի»:

 

Վարուժան Մելքոնյանը նաև նշեց, որ այժմ Հայաստանում  հոգեբանի մասնագիտություն  99 տոկոսը աղջիկներ են ընտրում,  պատճառն այն է, որ այս մասնագիտությամբ քիչ են կարողանում վաստակել,  իսկ հայերի մոտ արմատացած է այն գաղափարը, որ տան տղամարդը պետք է փող վաստակի. «Սակայն մեր փորձից ելնելով կարող եմ վստահեցնել, որ  այժմ տղամարդ հոգեբանները շատ պահանջված են»:

 

«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի խորհրդի նախագահ Վարուժան Մելքոնյանը խորհուրդ տվեց հոգեբանական խնդիրներ ունեցողներին անպայման դիմել հոգեբանի, քանի որ  կուտակված հոգեբանական խնդիրները տանում են դեպի հոգեբուժական խնդիրների: Պետք է տարբերել այն հոգեբուժությունից, որն հասարակության կողմից մերժված անհատներին է վերաբերում»:

 

«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի  գլխավոր մասնագետ, գիտական բաժնի ղեկավար Ռուբեն Պողոսյանը  նշեց. «Ցավով պետքէ նշեմ, որ շատ հաճախ չեն նկատում, որ մարդը ի սկզբանե անընդհատ զարգացող էակ է, և զարմանալի մի փաստ կա, որ մեզ ավելի հաճախ դիմում են կանայք, ոչ թե տղամարդիկ: Կանայք իրենց այնքան էլ  ինքնաբավ չեն զգում, նրանք միշտ ձգտում են կատարելագործման, որը տղամարդկանց մոտ չի նկատվում: Որքանով մարդը իր մեջ աճի տենդենց է զգում, այնքանով նա մշտապես առաջ գնալու տեղ ունի»:

 

Հոգեբանը նաև նշեց, որ երկրաշարժի ժամանակ ծնված երեխաները այժմ ունեն հետտրավմատիկ սթրեսներ. «Գյումրիում, Վանաձորում ունեցել ենք դեպքեր, երբ երկրաշարժից տուժածները դիմել են մեզ տարբեր հոգեբանական խնդիրներով: Այդ մարդիկ երկրաշարժի ժամանակ ընդամնեը եղել են նորածին երեխա կամ երկու -երեք տարեկան և մանկության աշխարհի կիսագնդում այդ երևույթը թողել է իր բացասական ազդեցությունը: Կա նաև ներարգանդային հիշողություն, եղել են շատ դիմողներ, երբ մենք պարզել ենք, որ նրանց հոգեբանական խնդիրը կախված է հենց ծննդյան պատմության հետ: Բոլոր որդեգրված  երեխաները, որոնք հետագայում ընտանիք են կազմում, նույնպես ունենում են խեղումներ, դժվարություններ, հոգեբանական խնդիրներ»:

 

Ռուբեն Պողոսյանը նշեց, որ տարբեր պայմաններում հոգեբանը կարողանում է օգնել հոգեբանական խնդիրներ ունեցող մարդկանց: Նա նաև շեշտեց, որ  հոգեբուժությունը և հոգեբանությունը երբեմն նույնացվում են, սակայն պետք է հասկանալ, որ հոգեբուժությունը կապված է բժկության հետ. «Եթե խոսքը հոգեկան առողության մասին է, ապա այն ոչ միայն կենսաբանական բնույթ է կրում»: 

 

Հարցին, ինչից կարող են առաջանալ հոգեբանական խնդիրները,  բանախոսը պատասխանեց. «Օրինակ՝ եթե մարդը կորցնում  է իր մտերիմ մարդուն, բոլորը չեն, որ այդ սթրեսը կարողանում են հաղթահարել: Լինում են դեպքեր, որ չեն կարողանում  հանգուցյալին բաց թողնել, թաղել և ընկնում են դեպրեսիայի մեջ: Այդպիսի դեպրեսիան կարող է տանել ինքնասպանության, մելանխոլիայի: Նրանց Եսը նույնականանում է այն օբյեկտի հետ ում կորցրել են, որը շատ վտանգավոր է: Այսպիսի դեպքրում մենք աշխատում ենք նաև հոգեբույժների հետ:  Հոգեբանական խնդիրները կարող են առաջանալ նաև ամուսնալուծության ժամանակ,  կամ նորապսակների մոտ սթրես է առաջանում, երբ նրանք մտածում են, որ պատրաստ չեն այդ պատասխանատվությանը և սխալ են արել, որ ամուսնացել են, կան մանկական փսիխոսներ, նևրոզներ, մեծահասակների մոտ՝  կպչուն սևեռուն նևրոզներ»:

 

«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի  հոգեբան, խորհրդատու Լիլիթ Բաղդասարյանը խոսելով Հայաստանում հոգեբանի և հոգեբանական ծառայությունների պահանջարկի մասին, ասաց. «Ցավոք, բայց այսօր հոգեբանին դիմում են միայն ամենածայրահեղ դեպքում, սակայն հուրախությամբ պետք է նշեմ, որ  կա այսպիսի օրնաչափություն, յուրաքանչյուր այցելու հետագայում միշտ իր մտերիմներին, ովքեր ունեն հոգեբանական խնդիրներ,  խորհուրդ է տալիս դիմել հոգեբանի: Մեր այցելուները  ձեռք են բերում իմունիտետ, որով կարողանում  են  հետագայում  դիմակայել իրենց առջև ծառացած  խնդիրներին: Շնորհիվ հեգաբանական աջակցութան,  կարելի է ո՛չ միայն հաղթահարել հոգեբանական խնդիրը, այլև ունենալ անձնային աճ»:

 

Հոգեբանը տեղեկացրեց, որ այժմ Հայաստանում նկատվում է հոգեբանության զարգացման աճ.  «Լինենք լավատես և հասկանանք,  որ որքան շուտ և շատ  դիմենք հոգեբանին, այնքան շատ կտարածվի հասարակության մեջ հոգեբանական առողջությունը: Ես կոչ չեմ  անում յուրաքանչյուր հեգեբանական խնդրի դեպքում դիմել հոգեբանի, սակայն, այն դեպքերում, երբ  ինքներս չենք կարող գտնել մեր առջև ծառացած հարցերի պատճառները և լուծում տալ դրանց, պետք է հաղթահարել հոգեբանի օգնությամբ»:

 

 

Նույն շարքից