Մամուլի ակումբ 

Ձկնային և խեցգետնային պաշարների վիճակը Հայաստանում

analitik.am

Այսօր «Անալիտիկ»  կենտրոնում տեղի ունեցած «Ձկնային և խեցգետնային պաշարների վիճակը Հայաստանում» թեմայով ասուլիսի  հյուրերն էին ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և Հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը և ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և Հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը:

 

 

 

Բարդուխ Գաբրիելյանը նշեց, որ շատ բան չի փոխվել և այս տարի ավելացնելու շատ բան չկա, քանի որ դրությոոնը համարյա նույնն է, ինչպիսին էր  անցած տարիներին. «Սիգ ձկնատեսակի պաշարների ավելացում կա, երկու-երեք տարիների ընթացքում այս ձկնատեսակը ձվադրելու հնարավորություն ունեցավ:  Սակայն երբ այդ պաշարները ի հայտ եկան, միանգամից որսը ավելացավ և մենք մեծ կասկածներ ունենք այս տարվա սիգի պաշարների  վերաբերյալ: Պարզ հասկանալի է, որ հսկողությունն այս տարի էլ պատշաճ մակարդակում չէ, այլապես մենք շուկաներում ու խանութներում չէինք տեսնի արգելված ձկնատեսակների վաճառք: Այս տարվա տվյալները տարվա վերջին պատրաստ կլինեն,  2010-2012 թթ.-ին սիգ ձկնատեսակի պաշարի քանակի  խիստ նվազում է  նկատվել՝ 6-8  տոննա, Սևանում առկա լճածածանը  նշեմ, որ լճի համար ոչ ցանկալի ներմուծված ձկնատեսակ է:  Նաև ունենք վերջին տարիներին ներմուծված Սևանի համար ոչ արժեքավոր ամորիան չեբաչոքը և հայկական մորեխը: Եթե մենք իշխանի մեծ պաշար ունենանք, պարզ է, որ իշխանի գինը կընկնի, մարդիկ կկարողանան ձուկն առնել ավելի մատչելի գներով: Հուսամ, որ նոր նախարարի գալով այս վիճակը մի քիչ կշտկվի»:

 

 

Բանախոսը նաև մտահոգություն հայտնեց Հայաստանի գետերի իրավիճակի վերաբերյալ, որոնք հանդիսանում են ձկնատեսակների գոյատևման կարևոր վայրերը. «Գետերի վերաբերյալ, որոնք արժեքավոր ձկնատեսակների ձվադրման համար հիմնական բարենպաստ վայրեր  են, վերջին արդյունքների հիման վրա, անբավարար վիճակում են գտնվում: Շատ գետեր չորանում են և բերում էկոհամակարգերի դեգրադացման: Այն, որ Սևան է բաց թողնվում իշխանի մանրաձուկ, շատ ավ է»:

 

 

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և Հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը նաև հայտնեց, որ  վերջին տարիներին բնապահպանության նախարարության ոչ մի որոշում իրենք չեն ստացել և տեղյակ չեն եղել՝  ի՞նչ որոշումներ են հենց իրենց  առաջարկների հիման վրա կայացվել:  Նա հույս հայտնեց, որ գիտաարտադրական խորհուրդի ստեղծումը թույլ կտա ծանոթանալ այդ որոշումներին:

 

 

Ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը նույնպես մտահոգություն հայտնեց Հայաստանի գետերի ներկյաիս իրավիճակի վերաբերյալ. «Շատ է անհանգստացնում այն, որ գետերի  ափերին կան տնտեություններ, որոնք ձուկ, խեցգետին են աճեցնում, և այդ տնտեսությունների  կեղտը բաց է թողնվում գետերի մեջ: Խեցգետինը շատ զգայուն կենդանի է և հսկայական վնասներ կարող են հասցվել նրանց պոպուլյացիային»:

 

Բանախոսը նշեց, որ  խեցգետնի պաշարների կրճատում չի նկատվել, անգամ մի-փոքր պաշարի աճ կա, սակայն ընդհանուր միտումը աճի չէ,  քանի որ որսը լավ չի կառավարվում և դրա պատճառով  խեցգետնի պաշարների նվազման միտում է նկատվում: Նա հայտնեց, որ  նոր կառավարությունը այժմ քայլեր է ձեռնարկում կենսառեսուսների ճիշտ  օգտագործմանը   լուծում տալու համար:   

Նույն շարքից