Մամուլի ակումբ 

Պուտինի կողմից Սարգսյանին և Ալիևին Սամբոյի մրցումներին տանելը մտածված քայլ էր

analitik.am

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն այսօր մամուլի ասուլիսում նկատեց, որ առաջինը ԱՄՆ-ն է արձագանքել Ադրբեջանի սպառնալիքին՝ ասելով, որ այսուհետ սա սառեցված պատերազմ չէ: «ԱՄՆ-ն է շտապում հայտարարել, որ պատերազմը վերսկսվում է»,-ասաց նա և ավելացրեց, որ ԱՄՆ-ի արձագանքը ցույց է տալիս, որ պատերազմը ամենաշատը ձեռնտու է միայն ԱՄՆ-ին և ձեռնտու չէ Իրանին, Ռուսաստանին։

 

Նա գտնում է, որ  սահմանների լարված վիճակը միտումնավոր է ստեղծվել: Ըստ քաղաքագետի՝ Մինսկի խմբում խանգարող երկիրը ԱՄՆ-ն  է։ Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է՝ Մինսկի խմբի ձևաչափում փոփոխություններ լինեն, Սերգեյ Շաքարյանցն ասաց, որ սկզբունքորեն հնարավոր է, սակայն հակամարտող երկրները պետք է պահանջեն, որպեսզի վերանայվի Մինսկի խմբի ձևաչափը։


«Շատ բան հակամարտող կողմերից է կախված»,-ասաց նա։


Ըստ նրա՝ Ռուսաստանը նպատակ չունի խաղաղապահներ ներգրավել գործընթացում, առավել ևս Մինսկի խմբի ձևաչափն է դա բացառում։


«Լավրովը հիշեցրեց, որ միջադեպերի հետաքննության մեխանիզմը դրված է, և դա մեզ շատ բան է ասում: Ադրբեջանը միշտ հետաքննություններից է խուսափել, և ամենաշատը հենց դրանից է վախենում, որովհետև իր արած սադրանքներն ի հայտ կգան»,-ասաց քաղաքագետը։


Չնայած ամեն ինչին, քաղաքագետը գտնում է, որ Ադրբեջանը վերջին պահին կխուսափի միջադեպերը լայնածավալ պատերազմի վերածելուց։

 

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը գտնում է, որ Սոչիի հանդիպմանը Ռուսաստանին հաջողվեց Ադրբեջանից պոկել այն թեզը, թե հակամարտությունը պատրաստ է խաղաղ ճանապարհով լուծել:


Նա անդրադարձավ Սերժ Սարգսյանի գնահատականներին և նկատեց, որ հայկական մարտավարությունը փոփոխություն է կրել. «Իսկ Ալիևը դեռ լռում է, գնահատականներ չի տալիս Սոչիի հանդիպմանը»:


Ըստ քաղաքագետի՝ Ալիևը փորձում էր Սոչի գնալուց խուսափել. «Հանդիպումը պետք է օգոստոսի յոթին կամ ութին կայանար, սակայն չի կայացել, իսկ հետո, Ադրբեջանի աշխատակազմի ղեկավարի կողմից իբրև մեկնաբանություններ էին գալիս, թե Ալիևը կգնա Սոչի, սակայն եռակողմ հանդիպման չի մասնակցի, թեև արդեն մասնակցել էր: Նա պարտադրաբար է մասնակցել այդ հանդիպմանը»։


Ըստ Սերգեյ Շաքարյանցի՝ Սերժ Սարգսյանը տեղին հարց է ուղղել Ադրբեջանի նախագահին, երբ վերջինս հղում է կատարել ՄԱԿ-ի բանաձևերին: Չնայած դրան՝ նա գտնում է, որ այսուհետ ևս սահմանի լարվածությունը, սադրանքները շարունակական կլինեն, թեև ստատուս քվոն կպահպանվի:


Քաղաքագետը գտնում է, որ Ռուսաստանի նախագահի կողմից Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին Սամբոյի մրցումներին տանելը մտածված քայլ էր: «Դա մեսիջ է, որ ով ընկնի, ես եմ բարձրացնելու»,-ասաց նա և հավելեց, որ Ռուսաստանը դրանով ցույց էր տալիս, որ ոչ մի ամերիկացի չի խառնվելու և ամեն ինչ ինքն է անելու:


Նա նկատեց, որ մրցումները դիտելիս Սերժ Սարգսյանը ժպտում էր իսկ Ալիևը մռայլ էր: 

«Քաղաքականությունը հենց սամբո է, մարտարվեստ է»,-ասաց նա:

Նույն շարքից