Մամուլի ակումբ Տնտեսություն 

ՌԴ-ին այլընտրանքային շուկաներ են հարկավոր. ՀՀ-ն կարող է մեծացնել արտահանման ծավալները

analitik.am

 Եվրամիությունն ու Ռուսաստանը Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերներն, են և այդ երկրներում առաջացած  տնտեսական  խնդիրները չեն կարող ազդեցություն չունենալ ՀՀ-ի տնտեսության վրա: «Անալիտիկ» մամուլի ակումբում այսօր տեղի ունեցած ասուլիսին նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Նա վերլուծեց ԱՄՆ և ԵՄ-ի տնտեսական պատժամիջոցների և Ռուսաստանի պատասխան պատժամիջոցների դերն ու ազդեցությունը:


Ըստ տնտեսագետի՝ սեպտեմբերին արդեն Հայաստանում կզգացվեն այդ պատժամիջոցների բացասական հետևանքները: Դրանք կլինեն տրանսֆերտների կրճատման տեսքով: «Հայաստան եկող տրանսֆերտների մեծամասնությունը Ռուսաստանից, ԱՄՆ-ից ու եվրոպական մի շարք երկրներից են: Եվ եթե այդ երկրներում տնտեսական դրությունը վատանա, ապա  Հայաստան եկող տրանսֆերտների ծավալները կնվազեն, իսկ դա արդեն վատ է մեր տնտեսության համար»,- ասաց Կ. Խաչատրյանը:


Բայց քանի որ մեդալը միշտ երկու կողմ է ունենում, Կ. Խաչատրյանը ներկայացրեց նաև, թե այս պատժամիջոցների հետևանքով Հայաստանի տնտեսությունն ինչ կարող է շահել: Քանի որ Ռուսաստանը մեկ տարով իր դեմ պատժամիջոցներ կիրառած երկրներին արգելել է մի շարք սննդամթերքների ներմուծումը իր երկիր, ապա կստեղծվի մի իրավիճակ, երբ Ռուսաստանը պետք է ուղիներ գտնի պահանջարկը բավարարելու համար: Դրա համար պետք է սկսի այլ երկրներից ավելի շատ սնունդ ներմուծել: «Եվ Հայաստանի կառավարությունը պետք է ուղիներ գտնի դեպի Ռուսաստան արտահանման ծավալները ընդլայնելու համար, քանի որ հիմա Ռուսաստանը կարող է ավելի շատ սննդամթերք ներմուծել Հայաստանից»,- ասաց նա:


Միաժամանակ Կ. Խաչատրյանը նշեց, որ Հայաստանի շուկան փոքր է և չի  կարող նույնիսկ 25 տոկոսով բավարարել դեպի Ռուսաստան արտահանվող գյուղմթերքների ծավալը: Դա է պատճառը, որ Ռուսաստանը հիմա ավելի շատ կենտրոնանում է խոշոր շուկաներ ունեցող երկրների վրա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ից, Եվրոպական Միության երկրներից, Կանադայից, Ավստրալիայից ու Նորվեգիայից որոշ ապրանքների ներմուծումը ՌԴ մեկ տարով արգելվել է այս տարվա օգոստոսի 7-ից: Մասնավորապես՝ Ռուսաստան այժմ արգելվում է ներմուծել մսամթերք, պանիր ու կաթնամթերք, մրգեր ու այլ ապրանքատեսակներ:


Այս կերպ ռուսական կողմը պատժամիջոցների լեզվով պատասխանում է իր դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանած կամ այս որոշմանը միացած երկրներին: Ըստ Ռուսաստանի դեմ որոշման՝ պատժամիջոցներ են սահմանվել Банк Москвы-ի, ВТБ-ի, Россельхозбанк-ի, ինչպես նաև՝ Միացյալ նավաշինական կորպորացիայի նկատմամբ:

Նույն շարքից