Համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացրած վիճակագրության՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Երևանում անշարժ գույքի գները գրեթե անփոփոխ են մնացել՝ աննշան 0,5-1 տոկոս շեղումներով: Analitik մամուլի ակումբում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Անշարժ գույքի բորսայի տնօրեն Արտյոմ Պրիբիլսկին:
Նրա խոսքով, Երևան քաղաքի անշարժ գույքի շուկան փոփոխություն չի կրել. միայն 2007 թվականից սկսած՝ երկարձգվել է բնակարանը վաճառքի հանելու և վերջնականապես վաճառելու ժամանակահատվածը: «Անշարժ գույքի շուկայում առկա լճացած վիճակը, ավելին՝ գների նվազումը, առաջին հերթին պայմանավորված են արտագաղթով և տնտեսական վատ վիճակով: Ինչ վերաբերում է ապագային, ապա կարծում եմ արդեն մյուս տարի հնարավոր է գների իջեցում նկատվի՝ իհարկե կախված ռուսական տնտեսության վիճակից և ուկրաինական խնդրի կարգավորումից: Եթե Ռուսաստանից եկող տրանսֆերտները նվազեն, զուգահեռ կիջնի անշարժ գույքի գինը: Միաժամանակ ակնհայտ է, որ հայաստանյան անշարժ գույքի շուկայում ճգնաժամը չի վերացել: Պատճառն այն է, որ նոր շինարարության աճ չունենք»,- ասաց Արտյոմ Պրիբիլսկին:
Անշարժ գույքի բորսայի տնօրենը հատկանշական համարեց, որ Հայաստանում հիպոտեկային վարկավորման պայմաններն այնքան էլ հարմար չեն՝. շատ դեպքերում դրանք անգամ 14-15 տոկոսի են հասնում, այն դեպքում, երբ աշխարհի շատ երկրներում բանկերը մարդկանց հիպոտեկային վարկեր տրամադրում են 2-3 տոկոսով: «Հայաստանում ամեն ինչ ավելի դժվար է: Օրինակ, ես այդպես էլ չեմ կարողանում հասկանալ՝ ինչպես կարող է 1ք/մ 450 դոլար արժողությամբ բնակարանը վաճառվել ք/մ 1500 դոլարով կամ ասենք մեկ բնակարանը վաճառել միանգամից մի քանի մարդու, իսկ վերջում դրա համար գնալ և բանտ նստել»,- տարակուսանք հայտնեց Ա. Պրիբիլսկին: