Մամուլի ակումբ 

Հայկական CityBugs նախագիծը առաջինն է Եվրոպայում

analitik.am

Հայաստանի քաղաքներում խնդիրների վերհանման եւ լուծման համար ստեղծված CityBugs նախագիծը Ավստրիայում տեղի ունեցած Երիտասարդական եվրոպական մրցանակաբաշխությունում շահել է առաջին մրցանակը: Այս մասին այսօր «Անալիտիկ» կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ X-TECH ընկերության հիմնադիր տնօրեն, CityBugs-ի համահիմնադիր Արման Աթոյանը:


Մրցանակաբաշխությունը, որն այս տարի ուներ մոտ 200 մասնակից, նախատեսված է հենց սոցիալական խնդիրներ լուծող ծրագրերի համար: Մրցանակաբաշխությանը ներկայացված էր 7 անվանակարգ: CityBugs նախագիծը այդ 7 անվանակարգերից ներկայացվել է «Future Living» անվանակարգում, որի մրցանակն էլ շահել է: CityBugs-ը, ներբեռնելով Android եւ IOS օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսների մեջ, օգտատերը կարող է իր արձանագրել ցանկացած խնդիր, որը տեղի է ունենում քաղաքում եւ ստանալ դրանց լուծումները: CityBugs նախագիծը համագործակցում է Երեւանի քաղաքապետարանի հետ: 2009 թվականից CityBugs-ի միջոցով գրանցվել է 500 խնդիր, որոնց 25 տոկոսն արդեն լուծվել է:


Խնդիրների մեծ մասն արդեն ուղղված են աղբահանությանը, ճանապարհային եւ տրանսպորտի հետ կապված հարցերին: «Կարեւորը, որ այս ծրագիրն ունենա կիրառում, այսինքն` քաղաքացիները պահանջեն իրենց խնդրի լուծումը քաղաքապետարանից եւ ոչ թե միայն նկարեն եւ գցեն այդ խնդիրը իրենց ֆեյսբուքյան էջ»,-նշեց Արման Աթոյանը: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը, որը ներկա էր ասուլիսին կարեւորեց այն, որ նման հաջողություն է գրանցել հենց հայկական ընկերությունը եւ որ նախագիծը կնպաստի հայկական բրենդի տարածմանը.


«Մենք պետք է մեր տեսակը դիրքավորենք աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա: Կարեւորը նաեւ հենց գաղափարն է, որի միջոցով մենք սոցիալական խնդիր ենք լուծում: Այս նախագիծը հասարակության դաստիարակության գործում մեծ հեռանկարներ ունի»: Բանախոսները նաեւ անդրադարձան այն հարցին, թե ինչ դերակատարում պետք է ունենա պետությունը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում. «Պետությունը պետք է ավելի շատ միջոցներ ներդնի, որպեսզի խոսվի ՏՏ ոլորտի մասին: Ես շատ ուրախ կլինեի, որ հեռուստատեսությամբ ավելի շատ խոսվեր ՏՏ ոլորտի մասին»,-կարծում է Արման Աթոյանը:


Նա վստահ է, որ ոլորտում երիտասարդների զարգացման ծրագրերը, օրինակ «Թումոն», պետք է բազմապատկվեն: Հայկ Չոբանյանն էլ վստահ է, որ ՏՏ ոլորտը կարեւոր դեր է խաղում Հայաստանի համար, քանի որ երկրում այլ ոլորտների այլընտրանք չկա, որոնք տնտեսական զարգացման համար կարող են ապագա հանդիսանալ. «Ակնհայտ է, որ պետության դերը այստեղ մեծ պետք է լինի: Չենք կարող ասել, որ բավարարված ենք պետության աջակցությունից: Սակայն հետ գնալով՝ կարող ենք ասել, որ մեծ փոփոխություններ են կատարվել»:


ՏՏ ոլորտի մասնագետների արտագաղթի հոսքը, ըստ Հայկ Չոբանյանի, ամենափոքրն է Հայաստանում, համեմատած այլ մասնագիտությունների. «Սակայն դա բավականին լուրջ խնդիր է եւ անգամ դրա առաջ կանգնած են զարգացած եվրոպական երկրները: Այս միգրացիոն հոսքերը միշտ էլ լինելու են»: Ըստ նրա՝ արտագաղթի հոսքը նվազեցնելու նպատակով, առաջինը, պետք է բարձրացնել կրթության որակը:

 

Նույն շարքից