Մամուլի ակումբ 

«Տեղական սնունդը շատ ավելի որակյալ է, քան ներկրված արտադրանքը». մասնագետներ

analitik.am

Հայաստանում առանց պոլիմերների ոչ մի սննդամթերքի փաթեթավորում չի լինում։ Գազավորված ըմպելիքները, քաղցրավենիքները, հացամթերքը, մսամթերքը եւ շատ այլ արտադրանքներ պոլիմերային փաթեթավորմամբ են ներկայացվում սպառողին, սակայն արտասահմանյան շատ երկրներում արդեն անցնում են առողջության համար ավելի օգտակար՝ ստվարաթղթի փաթեթավորման։

 

Այսօր «Անալիտիկ» կենտրոնում այս մասին ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը՝ անդրադառնալով հայկական շուկայում սննդամթերքի փաթեթավորման խնդիրներին: «Պոլիմերներից պետք չէ վախենալ, սակայն պոլիմերները կարող են խթանել տարբեր հիվանդությունների զարգացմանը: Փաթեթավորման համար ավելի նախընտրելի կարող են լինել նաեւ ապակե տարաները, որոնք ավելի քիչ թունավոր նյութեր են պարունակում իրենց մեջ»,- նշում է բանախոսը: Մելիտա Հակոբյանը տեղեկացրեց, որ բոլոր պոլիմերային տոպրակները պետք է ունենան սանիտարական նորմերին համապատասխան սերտիֆիկատներ:

Այսօր շուկայում առկան են մի քանի գույնի պոլիմերային տոպրակներ, և բանախոսները հարկ համարեցին հիշեցնել, որ սննդի համար պետք է օգտագործել միայն սպիտակ գույնը: «Սակայն տաք հացը չի կարելի դնել տոպրակի մեջ, քանի որ գոլորշին պոլիմերի արտադրական փոշիները կլանում է իր մեջ և թափվում հացի վրա»,- տեղեկացրեց բանախոսը:

 

Վերջինս նկատեց, որ ստուգումների ժամանակ որոշ խանութների աշխատակիցներ ցույց են տալիս համապատասխան սերտիֆիկատը, որոշներն էլ ասում են, որ տնօրենի մոտ է, իսկ տնօրենը ներկա չէ: Իսկ Սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ և մոնիթորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանն էլ ընդգծեց, որ այսօր սպառողների առևտուր անելու մակարդակը բավականին գրագետ է դարձել: «Ի ուրախություն մեզ` այսօր շատ սպառողներ իրենք են պահանջում համապատասխան սերտիֆիկատներ կամ սննդի ժամկետի մասին հստակ տեղեկություններ: Ինչպես նաև պետք է նկատենք, որ ժամկետնաց սննդի քանակը տարեց տարի նվազում է»,-եզրափակեց Ռուբեն Հայթյանը:

 

Ռուբեն Հայթյանը վստահեցրեց, որ տեղական արտադրանքը շատ ավելի որակյալ է, քան ներկրված արտադրանքը, քանի որ արտասահմանից ներկրված արտադրանքի մեջ շատ են օգտագործվում հավելանյութերը, մինչդեռ, մեր տեղական շուկայի փոքր լինելով պայմանավորված, մթերքի պահպանման խնդիր չկա, այդ իսկ պատճառով էլ դրանք չեն պարունակում տարբեր հավելանյութեր եւ գունանյութեր։ 


 

Նույն շարքից