Մամուլի ակումբ 

«Ուսանողների հիմանխնդիրները և լուծման տարբերակները»

analitik.am

«Անալիտիկ» վերլուծական կենտրոնում ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ քննարկում «Ուսանողների հիմանխնդիրները և լուծման տարբերակները» թեմայով: Քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ, ՀՊՏՀ, ԵՊԲՀ, ՀՊՃՀ, ՀՀ ՊԿԱ, ՀՊՄՀ, ՀՀ ԳԱԱ, ԳՊՀ ՈՒԽ նախագահները, Երիատասարդական խորհրդարանի «Կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի» մշտական հանձնաժողովի նախագահը և պարզապես ուսանողներ: Քննարկման ժամանակ մասնակիցները անդրադարձան ուսանողների համար շատ կարևոր 3 խնդրի՝ ուսման վարձավճարներ, ԲՈՒՀ-երում գործող կարիերայի կենտրոնների աշխատանքի արդյունավետություն և գործատու-ԲՈՒՀ կապ:

Անդրադառնալով բարձրացված խնդիրներին` ԵՊՀ ՈՒԽ նախագահ Ռաֆֆի Քարամյանը նշեց, որ վարձավճարների հետ կապված խնդիրը գլոբալ խնդիր է, որը բխում է հանրության սոցիալական խնդիրներից: Ուսանողության կողմից, իհարկե, բողոքներ կան վարձավճարների բարձրացման հետ կապված և պետք է տարբերակներ գտնել և անել ամեն ինչ, որպեսզի ուսանողների համար կրթությունը լինի հասանելի» ,-նշեց Ռաֆֆի Քարամյանը: Խոսելով կարիերայի կենտրոնների մասին, նա նշեց, որ ԵՊՀ-ում կարիերայի կենտրոնը գործում է 2006թ.-ից, Կարիերայի կենտրոն - ՈՒԽ համագործակցություն կա և ուսանողները շատ հաճախ դիմում են կարիերայի կենտրոն՝ աշխատանք գտնելու համար: «Աշխատանքային խնդիրը մեծ պրոբլեմ է յուրաքանչյուր ԲՈՒՀ-ի համար, այդ խնդիրը կարելի է լուծել սերնդափոխությամբ, այսինքն, եթե լավ ուսանողը ավարտում է ԲՈՒՀ-ը, նա աշխատանք պետք է ունենա» ,- եզրափակեց Ռաֆֆի Քարամյանը:

ՀՊՏՀ ՈՒԽ նախագահ Սևակ Խաչատրյանը, անդրադառնալով խնդիրներին, նշեց, որ բոլոր ժամանակներում ու բոլոր երկրներում ուսանողներըը ամենախոցելի խմբերից մեկն են եղել: «Կրթությունը հանրային բարիք է, և այն պետք է անվճար լինի, սակայն այսօր շատ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով դա անհնար է, քանի որ պետությունից տրված գումարը բավական չէ դա անելու համար: ԲՈՒՀ-ի բյուջեի 98%-ը ձևավորվում է ուսանողների վարձավճարներից: 2013թ.-ին ամենաշատը ՀՊՏՀ-ում են բարձրացել վարձավճարները, և ԲՈՒՀ-ի ՈՒԽ-ն առաջինն է դեմ եղել դրան, և հենց այդ պատճառով էլ մենք մշակեցինք սոցիալական փաթեթ, և մեր առաջարկը ընդունվեց ԲՈՒՀ_ի ղեկավարության կողմից: Մենք ունենք ուսանողական հանրակացարան, բայց այսօր շատ քիչ ուսանողներ են ցանկություն հայտնում ապրել այնտեղ՝ ընդամենը հինգ կամ տասն հազար դրամով, մինչդեռ ավելի շատ են վճարում վարձով բնակարանների համար» ,- նշեց նա: Սևակ Խաչատրյանը նաև ավելացրեց, որ ԲՈՒՀ-ում կան շատ սոցիալական փաթեթներ, որոնք ուսանողների համար նախատեսում են անվանական կրթաթոշակներ, որոնցով ոգևորում են առաջադեմ ուսանողներին: Անդրադառնալով կարիերայի կենտրոնի գործունեության արդյունավետությանը՝ ՀՊՏՀ ՈՒԽ նախագահը ասաց, որ վերջին 2-3 տարվա ընթացքում կարիերայի կենտրոնի և պետական գերատեսչությունների կողմից իրականացվում են պիլոտային ծրագրեր և կարիերայի կենտրոնը արդեն լիարժեք գործում է: «Համալսարան-գործատու կապի մասին խոսելիս անհրաժեշտ է մի բան հաշվի առնել, որ գործատուն այսօր հստակ չափորոշիչներ չի սահմանում, իսկ տրված չափանիշներն էլ չեն համապատասխանում բարձրագույն բուհական կրթությանը» ,- եզրափակեց Սևակ Խաչատրյանը:

ԵՊԲՀ ՈՒԽ ներկայացուցիչ Վազգեն Մկրտչյանը նշեց, որ ԵՊԲՀ-ն այն ԲՈՒՀ-երից մեկն է, որտեղ վարձավճարները 2013թ.-ին չեն բարձրացել: «Համալսարանում վարձավճարները բարձր են, բայց դա պայմանավորված է ԲՈՒՀ-ի մասնագիտությունների առանձնակի կարևորությամբև յուրահատկությամբ: Միաժամանակ մշտապես քննարկումներ են կազմակերպվում ռոտացիայի միջոցով վարձավճարների խնդիրը կարգավորելու նպատակով» ,- նշեց նա: Կարիերայի կենտրոնի հարցը դիտարկելիս Վազգեն Մկրտչյանը նշեց, որ ԵՊԲՀ-ում կարիերայի կենտրոնը նոր է հիմնադրվել՝ կապված աշխատաշուկայում առաջացած ավելցուկի հետ: Անրադառնալով գործատու-ԲՈՒՀ խնդրին՝ ՈՒԽ ներկայացուցիչը ավելացրեց, որ ԵՊԲՀ-ում այդ խնդիրը չկա, և ԵՊԲՀ-ն ավարտած մասնագետները կարողանում են աշխատանք գտնել: Խնդիրը, որը առկա է ԵՊԲՀ-ում, կապված է մարզերի հետ, քանի որ շատ հաճախ, չնայած որ պահանջարկը կա, բայց ԲՈՒՀ-ի օրդինատուրայի ուսանողների մի մասը չեն ցանկանում իրենց օրդինատուրան, իսկ հետագայում նաև աշխատանքը, շարունակել մարզերի բժշկական կենտրոններում:

ՀՊՃՀ ՈՒԽ նախագահ Գոռ Վարդանյանը նշեց, որ ՀՊՃՀ-ում վարձավճարների թանկացում տեղի է ունեցել 20%-ով, քանի որ ԲՈՒՀ-ը յուրահատուկ մասնագետներ է պատրաստում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում և դրա համար անհրաժեշտ են սարքավորումներով հագեցածլաբորատորիաներ և բարձր վարձատրվող դասախոսական անձնակազմ: Միևնույն ժամանակ լիարժեք շարունակական կրթություն ստանալու համար պետք է նաև դասախոսների սերնդափոխություն լինի: Անդրադառնալով կարիերայի կենտրոնի գործունեությանը՝ ՈՒԽ նախագահը նշեց, որ կարիերայի կենտրոն առաջինը ՀՊՃՀ-ում է ստեղծվել, և բավականին արդյունավետ գործում է: Գործատու – ԲՈՒՀ հարցին պատասխան՝ Գոռ Վարդանյանը նշեց, որ կազմակերպությունները դիմում են ԲՈՒՀ-ին և ընտրում համապատասխան մասնագետներ:

ՀՀ ՊԿԱ ՈՒԽ ներկայացուցիչ Նորայր Մելքումյանը նշեց, որ գիտելիքը ամենակարևոր ռեսուրսն է, և գիտելիքով զինված ուսանողը պետության համար մեծ ներուժ է: ՀՀ ՊԿԱ-ն առանձնանում է մյուս ԲՈՒՀ-երից, քանի որ իրականացնում է միայն մագիստրատոսական և ասպիրանտոսական կրթություն: Վարձավճարների ավելացում եղել է, բայց շատ փոքր չափով: Կարիերայի կենտրոն ԲՈՒՀ-ում չի գործում, քանի որ ԲՈՒՀ-ը կադրեր է պատրաստում անմիջապես պետական համակարգի համար: Կառավարման ակադեմիան տարբերվում է նաև մյուս ԲՈՒՀ-երից ուսանողների քանակով՝ անհամեմատ քիչ են, ընտրվում են առավել մոտիվացված ուսանողները՝ այն անձինք, ովքեր նպատակ են դրել իրենց կրթությունը շարունակել կառավարման ոլորտում:

ՀՊՄՀ ՈՒԽ ներկայացուցիչը ասաց, որ ԲՈՒՀ-ում վարձավճարների հետ կապված բողոքներ չկան, քանի որ վարձավճարները չեն բարձրացել, կարիերայի կենտրոնը և շատ լավ է աշխատում ու ամեն ինչ անում է ԲՈՒՀ- գործատու հարաբերությունները կարգավորելու և ավարտած ուսանողների աշխատանքի խնդիրը լուծելու համար:

Գավառի պետական համալսարանի ՈՒԽ նախագահ Պայծառ Քոչարյանը ասաց, որ ԳՊՀ-ում վարձավճարները ընդամենը 6%-ով են բարձրացել, սակայն մարզային ԲՈՒՀ-երը առանձնանում են նրանով, որ այստեղ առավել մեծ թվով ուսանողներ են սովորում տարբեր բարեգործական հիմնադրամների ու կազմակերպությունների ֆինանսավորման շնորհիվ: Ինչ վերաբերում է կադրային կենտրոնի գործունեությանը, ապա այն գործում է 2009թ.-ից և արդյունավետ գործում ու ապահովում է ուսանողներին աշխատանքով միայն մարզի սահմաններում, դրանից դուրս կադրային կենտրոնը գործունեություն չի ծավալում:

ՀՀ ԳԱԱ ՈՒԽ Ալբերտ Ռուբենյանը նշեց, որ ԳԱԱ-ն նույնպես մագիստրատոսական ու ասպիրանտոսական կրթություն է իրականացնում: ԳԱԱ-ում վարձավճարները չեն թանկացել, ԲՈՒՀ-ում կարիերայի առաջխաղացման կենտոն կա և այն գործում է, նաև գործում է գիտակրթական կենտրոն, որը բաշխում է ուսանողներին ըստ մասնագիտությունների ինստիտուտների վրա և, եթե լավ մասնագետ կա, ապա նա ընդունվում է աշխատանքի:

Երիտասարդական խորհրդարանի «Կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի» մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Գրիգորյանը նշեց, որ այս խնդիրների շարքին անհրաժեշտ է ավելացնել նաև սիրիահայ ուսանողների՝ համալսարանների ՈՒԽ աշխատանքներինինտեգրման խնդիրը: Անհրաժեշտ է ԵՊԲՀ և ՀՊՏՀ օրինակով դեսպանատների ու այլ կառույցների միջոցով ներկայացնել ՀՀ համալսարանները և ուսանողների փոխանակման ծրագրեր իրականացնել: Նաև անհրաժեշտ է ստեղծել կառույց, որը ուսանողին կուղղորդի, թե ինչպիսի մասնագիտության պահանջ կա և ինչ մասնագետ դառնալ:

Նույն շարքից