Բարի օր 

Ի՞նչ կարդալ այս կիրակի

analitik.am

ՌՈԲԵՐՏ ՄՈՒԶԻԼ

 

 

Նշանավոր մարդ դառնալու երեք փորձերից առաջինը

Այդ մարդը, որ տուն էր վերադարձել, չէր կարող հիշել իր կյանքի մի այնպիսի ժամանակաշրջան, որը ոգեշնչված չլիներ նշանավոր մարդ դառնալու ցանկությամբ. Ուլրիխը, պետք է կարծել, հենց միայն այդ ցանկությամբ էլ ծնվել էր: Ճիշտ է նաև, որ նման անտեղիտալի ցանկությունը փառամոլության և հիմարամտության մասին կարող է վկայել: Եվ սակայն, պակաս ճշմարիտ չէ նաև, որ այն մի շատ գեղեցիկ ու ճշմարիտ ձգտում է, առանց որի աշխարհիս երեսին հավանաբար ոչ այնքան շատ նշանավոր մարդիկ կլինեին:

 

Ճակատագրական դժբախտությունն այն է միայն, որ նա ոչ գիտեր, թե ինչպես այդպիսին դառնալ, ոչ էլ` թե ինչ ասել է նշանավոր մարդ: Դպրոցական հասակում նա այդպիսին Նապոլեոնին էր համարում: Մասամբ դա բացատրվում էր պատանիների շրջանում ոճրագործության հանդեպ հույժ բնական հիացական վերաբերմունքով, մասամբ էլ, քանի որ ուսուցչական անձնակազմը ամենայն հստակությամբ մատնանշում էր հենց այդ բռնակալին, ով փորձել էր Եվրոպան գլխիվայր շրջել, որպես մարդկության պատմության մեծագույն չարագործի: Դրա արդյունքը եղավ այն, որ Ուլրիխը, դպրոցի հետ հաշիվները մաքրելուն պես, դարձավ հեծելազորային գնդի ենթասպա: Հավանաբար նա այն ժամանակ, հարցին, թե ինչու ընտրեց հենց ա’յդ մասնագիտությունը, այլևս այնպես չէր պատասխանի, թե` բռնակալ դառնալու համար: Սակայն նման ցանկությունները ճիզվիտներ են: Նապոլեոնի հանճարը զարգանալ սկսեց այն բանից հետո միայն, երբ նա գեներալ դարձավ, և ինչպե՞ս կարող էր Ուլրիխը, ենթասպա լինելով, համոզել իր գնդի հրամանատարին իր այդ պայմանի անհրաժեշտության մասին: Արդեն հեծելազորային զորավարժությունների ընթացքում ոչ հազվադեպ էր բացահայտվում, որ գնդապետն այլ կարծիքի էր, քան ինքը: Համենայնդեպս Ուլրիխը չէր անիծի զորավարժանքների հրապարակը, որի խաղաղ մակերևույթին հնարավոր չէր տարբերել ինքնահավանությունը կոչվածությունից, եթե այդքան պատվախնդիր չլիներ: ՙԺողովրդին զենքով դաստիարակելու մասին՚ խաղաղասիրականների լեզվական արտահայտություններին նա այն ժամանակ որևէ նշանակություն չէր տալիս, այլ լիուլի համակված էր հերոսականության ոգու` ռազմական բարեկամության, բռնության և հպարտության դրսևորումների մասին հիշատակություններով: Նա մասնակցում էր ձիարշավների, մենամարտում էր սրա-նրա հետ և մարդկանց միայն երեք տարատեսակ էր տարբերակում. սպաներ, կանայք և քաղաքացիական անձինք. վերջիններս ֆիզիկապես թերզարգացած, հոգեմտավոր կարողությունների առումով արգահատելի մի դասակարգ էին ներկայացնում, որոնց կանաք ու աղջիկները սպաների կողմից որսացու էին ծառայում: Նա անձնատուր էր եղել հիասքանչ հոռետեսությանը. նրան թվում էր, որ քանզի զինվորի մասնագիտությունը մի ինչ-որ սուր ու հրաբորբոք գործիք էր, ուրեմն և այդ գործիքով հարկավոր է վառել ու պատառոտել աշխարհը` ի բարօրություն հենց այդ նույն աշխարհի:
Չնայած, ի բարեբախտություն իրեն, այդ ընթացքում իր հետ ոչ մի անախորժություն տեղի չունեցավ, օրերից մի օր, սակայն, նա մի հայտնագործություն արեց:

 

Հավաքույթներից մեկի ժամանակ մի փոքրիկ թյուրիմացություն տեղի ունեցավ իր մի ծանոթ ֆինանսիստի հետ, որը նա ուզում էր հարթել իր համար շատ սովորական տպավորիչ եղանակով, սակայն պարզվեց, որ քաղաքացիական հասարակության մեջ էլ կան տղամարդիկ, որոնք ընդունակ են պաշտպան կանգնելու իրենց ընտանիքի կին անդամների պատվին: Ֆինանսիստը զրույց ունեցավ ռազմական նախարարի հետ, որին նա անձամբ էր ճանաչում, և հետևանքն այն եղավ, որ Ուլրիխը երկարատև խոսակցություն ունեցավ իր գնդապետի հետ, որի ընթացքում նրան պարզաբանվեց էրցհերցոգի և սովորական սպայի միջև տարբերությունը: Այդ պահից ի վեր նրան այլևս ուրախություն չէր պատճառում ռազմիկի մասնագիտությունը: Նա սպասում էր, որ ոտք կդնի աշխարհացունց արկածախնդրությունների բեմահարթակը, և հանկարծ ականատեսն եղավ այն բանի, թե ինչպես էր լայնարձակ ու ամայի հրապարակում հաբած մի երիտասարդ ձայնը գլուխը գցել, որին լոկ քարերն էին պատասխանում: Հասկանալով դա, նա հրաժեշտ տվեց այդ անշնորհակալ ասպարեզին, ուր միայն վերջերս էր նրան շնորհվել լեյտենանտի աստիճանը, և լքեց ծառայությունը:

Նույն շարքից