Վերլուծական Քաղաքականություն 

Ռուս –թուրքական աշխարհաքաղաքական պայքարը և Հայաստանի դիրքորոշումը

analitik.am

    Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին նորից վեր հանեց ռուս-թուրքական աշխարհաքաղաքական շահերի հակասությունները: Հիասթափվելով Բրյուսելի հետ վարվող երկարատև և անպտուղ բանակցություններից, որի վերջնական նպատակն էր Թուրքիայի Եվրամիության ամդամագրումը,  Անկարան իր հայացքն ուղղեց դեպի Արևելք և իսլամական աշխարհ: Էրդողանի օրոք Թուրքիան վերածվեց տարածաշրջանի հզոր տերության, որի շնորհիվ Անկարայի քաղաքական կշիռը մեծացավ ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլ նաև Բալկաններում և Միջին Ասիայում: Թուրքիայի ինքնուրույն և ակտիվ արտաքին քաղաքականությունն անհանգստության առիթ հանդիսացավ ինչպես Արևմուտքում, այնպես էլ Ռուսաստանում:


Անկարայի քաղաքական էքսպանսիայի տարածումը կրում է բացահայտ և անթաքույց բնույթ, թուրքական թերթերում մասնավորապես Մելիեթում, 2013թ. ապրիլին տպագրված Թուրքիայի քարտեզում ներառված էին Նախիջևանը, Աջարիան, Սիրիայի և Իրաքի հյուսիսային հատվածները` Հալեպ, Մոսուլ Քիրքուկ, ինչպես նաև Թրակիայի սահմանամերձ բուլղարական ու հունական տարածքները: Նույն թվականի հոկտեմբերի վերջին Էրդողանն այցելելով Կոսովոյի մայրաքաղաք  Պրիշտինա հայտարարեց, որ Կոսովոն Թուրքիա է, իսկ Թուրքիան Կոսովո, և երկուսն էլ ունեն միևնույն պատմությունը: Այս հայտարարությունը, որը բացասական արձագանք գտավ Սերբիայի կառավարական շրջանակներում, աննկատ չմնաց ռուսական լրատվական միջոցներից, քանզի այն ավելի շուտ ուղղված էր ոչ թե Արևմուտքին, այլ Ռուսաստանին: Էրդողանը հասկացնել էր տալիս, որ Բալկաններում ոչ մի քաղաքական հարց չի կարող լուծվել առանց Թուրքիայի մասնակցության: Ռուսաստանը մինչ օրս ցավագին ընդունելով իր մերձավորագույն դաշնակից Սերբիայի մասնատումը, լավ գիտակցում է, որ Անկարան ամեն գնով կխոչընդոտի Մոսկվայի քաղաքական դիրքերի ամրապնդմանը Բալկաններում: Էրդողանը փորձում է Թուրքիան վերածել ժամանակակից Օսմանյան կասրության` Անկարայի քաղաքական ազդեցության  սահմանները Բալկաններից հասցնելով Չինաստան: Այս  ամենին իհարկե Մոսկվան չէր կարող լռությամբ հետևել, պատահական չէ, որ Վլադիմիր Պուտինը 2013թ. դեկտեմբերի 2-ին այցելելով Գյումրի 102-րդ ռուսական բազան, Երևանում հայտարարեց, թե Ռուսաստանը Հարավային Կովկասից չի հեռանա:


    Ղրիմում իրականացված հանրաքվեն չէր կարող անտարբեր թողնել Թուրքիային: Անկարան փորձեց ազգաբնակչության ընդվզման միջոցով կասեցնել այն, իսկ երբ հաջողություն չունեցավ կտրուկ արձագանքեց`  հայտարարելով որ չի ճանաչում հանրաքվեի օրինականությունը: Ղրիմի միացումը Ռուսաստանին ուժեղացնում է Մոսկվայի ռազմաքաղաքական կշիռը տարածաշրջանում և թուլացնում թուրքական ազդեցությունը սևծովյան ավազանում: Քեսաբի հարձակումը, որին օժանդակել էր Անկարան, ուղղված էր ոչ միայն Ասադի և հայ ազգաբնակչության այլ նաև Մոսկվայի դեմ: Այն Ղրիմի վերամիավորման Թուրքիայի սիմետրիկ պատասխանն էր Ռուսաստանին: Ռուսական ռազմաբազաները գտնվելով Ղրիմում, Գյումրիում և սիրիական Տարտուս նավահանգստում, Թուրքիային ասես պահում են աքցանի մեջ` խոչընդոտելով նրա ռազմաքաղաքական  էքսպանասիայի տարածմանը և ի ճիգ դարձնելով Էրդողանի ծավալապաշտական նկրտումները: Մյուս կողմից Վաշինգտոնի և Մոսկվայի հակասությունների խորացման պայմաններում Արևմուտքի աչքերում նորից բարձրանալու է Թուրքիայի գործոնը, սակայն Անկարան Մոսկվայի հանդեպ չի գնա բացահայտ առճակատմանը: Երկու երկրները հանդիսանում են կարևոր առևտրատնտեսական գործընկերներ, դեռ 2013թ. նոյեմբերին Մոսկավայում պետության ղեկավարները համաձայնվեցին, ռուս-թուրքական առևտրատնտեսական շրջանառությունը 40 միլիարդից հասցնել 100 միլիարդ դոլլարի:


Կարելի է ենթադրել, որ Մոսկվայի և Անկարայի միջև քաղաքական դիրքային պայքար է հասունանում, և այն կունենա երկարատև բնույթ: Երկու կողմերն էլ կձտնեն չեզոքացնել միմյանց ռազմաքաղաքական ազդեցությունը, սակայն բացահայտ հակամարտության չեն դիմի: Այս պարագայում Հայաստանը ներքաշվելու է ռուս-թուրքական մրցակցության մեջ,  և Մոսկվան ելնելով իր աշխարհաքաղաքական շահերից փորձելու է հայկական գործոնը հակազդել թուրքական գործոնին, լինի դա Հարավային Կովկասում` արցախյան հիմնահարցի շահարկմամբ, թե Մեձավոր Արևելքում` սփյուռքահայության միջոցով: Մոսկվան փորձելու է սիրաշահել հայերին` վստահեցնելով, որ  միայն ինքն է ի վիճակի ապահովել հայ ազգաբնակչության շահերը և պաշտպանել նրա անվտանգությունը թուրքական ապառնալիքից:


   Երևանը ներքաշվելով այս քաղաքական պայքարին, ելնելով սեփական երկրի շահերից և անվտանգության տեսանկյունից, պետք է ձգտի հնարավորինս նվազեցնել իր մասնակցությունը երկու օտար ուժերի միջև եղած պայքարում, եթե իհարկե առհասարակ հնարավոր չէ խույս տալ այդ մասնակցությունից:


 Երևանը պարտավոր է լինել սթափ և զգոն, իրեն շոյված չզգալ որոշ ռուս քաղաքական գործիչների հայանպաստ դատարկ հայտարարություններից և բարեմաղթանքներից և չփորձի սպասարկել օտարի աշխարհաքաղաքական շահերը` ստորադասելով սեփականը: Նման պարագայում Հայաստանը զերծ կմնա Ռուսաստանի համար կրկին քաղաքական մանրադրամի վերածվելու վտանգից:


Ներգրավվելով ռուս-թուրքական մրցապայքարին, Հայաստանը կարող է ներքաշվել Ռուսաստան-Արևմուտք աճող հակամարտության մեջ, որ ծանր հետևանքներ կունենա մեր փոքրիկ երկրի համար: Նման պայմաններում Հայաստանը պահպանելով իր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, ստիպված է հնարավորինս  հեռու մնալ ռուս-թուրքական և Ռուսաստան-Արևմուտք աշխարհաքաղաքական պայքարից:

 

 

Սարգիս Լևոնյան

Նույն շարքից