Վերլուծական Քաղաքականություն 

Ուկրաինան մասնատման սպառնալիքի առջև

analitik.am

Ուկրաինայի տեղի ունեցող դեպքերն օրեցօր թեժանում են. Անգամ ապրիլի 17-ին Ժնևում կայացած քառակողմ բանակցությունների շնորհիվ կնքված համաձայնությունը ոչ մի դրական ազդեցություն չունեցավ Ուկրաինայի քաղաքական ճգնաժամի խաղաղ կարգավորման հարցում: Դեռ ավելին Կիևի կողմից ձեռնարկված հակաահաբեկչական գործողությունները, որի նպատակն էր Սլավյանսկում ռուսամետ զինված ջոկատներից ազատել վարչական շենքերն և անցակետերը, էլ ավելի սրեցին պայթունավտանգ իրավիճակը:

 

Կիևի գործողություններին Մոսկվան պատասխանեց սահմանի մոտ անցկացվող լայնածավալ զորավարժություններով, իր հերթին Արևմուտքը պահպանջում է Կրեմլից զորքերը հետ քաշել սահմանից, ռուսական հատուկ ծառայությունների ստորաբաժանումները դուրս բերել Ուկրաինայից  և ճնշում գործադրել ռուսամետ անջատողականների նկատմամբ, որպեսզի նրանք ազատեն վարչական շենքերը:

    Ուկրաինայի քաղաքական դժբախտությունը կայանում է նրա տարածքային մեծության և բարենպաստ աշխարհագրական դիրքի մեջ: Թե Ռուսաստանը, թե Արևմուտքը ցանկանում են Ուկրաինան պահել իրենց քաղաքական ուղեծրում, դա կողմերից մեկին կապահովի աշխարհաքաղաքական առավելություն և բարենպաստ ռազմաքաղաքական իրավիճակ մյուսի հանդեպ:

Խորապես ըմբռնելով տարիներ առաջ  Բժեզինկու առաջ քաշած այն տեսակետը, որի համաձայն Ռուսաստանն առանց Ուկրաինայի համաշխարհային գերտերությունից կվերածվի տարածաշրջանային տերության` այդպիսով վերջնական և խորտակիչ հարված հասցնելով ռուսական ծավալապաշտական նկրտումներին, Մոսկվան ամեն կերպ փոձում է իր ազդեցությունը պահպանել Ուկրաինայի հանդեպ: Պահանջելով երկրում անցկացնել դաշնության վերաբերյալ հանրաքվե և ռուսաց լեզվին տալ պետական կարգավիճակ, ինչպես նաև բացառել Ուկրաինայի անդամակցումը որևէ ռազմական բլոկի, Կրեմլին կհաջողվի իր լիակատար վերահսկողության տակ պահել հարավ-արևելյան շրջանները, ինչի արդյունքում կուժեղացնի սեփական քաղաքական լծակները Կիևի իշխանությունների հանդեպ:

Մի կողմից չճանաչելով ուկրաինական նոր իշխանությունների լեգիտիմությունն ու փորձելով տապալել մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրությունները, իսկ մյուս կողմից նպաստելով հարավ-արևելյան շրջաններում այլընտրանքային ռուսամետ իշխանությունների ձևավորմանը, Մոսկվան ձգտում է փաստի առաջ կանգնեցնել Կիևին` ստիպելով երկիրը վերածել դաշնային պետության:

 

 Երկրի դաշնայնացմանը դեմ են ոչ միայն Կիևն ու Արևմուտքը, այլ նաև Մոսկվայի դաշնակից Բելոռուսի նախագահ Ալ. Լուկանշենկոն: Վերջինս ապրիլի 22-ին հայտատարեց, որ Ուկրաինան պետք է մնա միասնական և չանդամակցի որևէ ռազմական բլոկի, իսկ ֆեդերալիզացիան կհանգեցնի երկրի մասնատմանը: Այն որ նման ճանապարհով փորձ է արվում Ուկրաինայի հարավ-արևելյան շրջանները միացնել Ռուսաստանին չեն թաքցնում անգամ ռուս հասարակական և քաղաքական գործիչները:

 

 Պետդումայի «Միացյալ Ռուսաստան» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Խինշտեյնը Ռուսաստանյան Հանրային հեռուստաալիքով ապրիլի 2-ին բացահայտ հայտարարեց, որ Ֆեդերալիզացիան շրջանների համար նշանակում է ինքնորոշման իրավունք, և այն թույլ կտա այդ շրջաններին  որոշում կայացնել մնալ Ուկրինայի կազմում, թե միավորվել Ռուսաստանի հետ:

    Ներկայումս Միասնական Ուկրաինան ավելի շատ ձեռնտու է ԱՄՆ-ին և Արևմուտքին, քան Ռուսաստանին՝ Կիևի միջոցով հնարավոր է վերահսկել երկրի հարավ-արևելյան շրջանները, իսկ Դոնեցկից և Խարկովից անհնար է ղեկավարել Լվովն ու Իվան-Ֆրանկովսկը:

 

Ուկրաիանայի ռազմավարական արժեքը նրա ամբողջականության մեջ է, մասնատելով այն Կիևը կորցնում է իր աշխարհաքաղաքական նշանակությունը: Անգամ Ուկրաինայի 3 շրջանների /Լուգանսկ, Խարկով, Դոնեցկ/ միացումը Ռուսաստանին, որը էլ ավելի կբարձրացնի ուկրաինական ազգի ինքնագիտակցությունն և Ռուսաստանի հանդեպ հակակրանքը, կպահպանի Կիևի քաղաքական կարևոր կշիռը:

 

Այդ իսկ պատճառով Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկում է Ուկրաինան մասնատել երեք հատվածի` զրոյացնելով Կիևի աշխարհաքաղաքական գործոնը: Ըստ այդմ Ուկրաինայի հարավ-արևելյան շրջանները՝ Լոգանսկից մինչև Օդեսա, պետք է անցնել Ռուսաստանին, այսպիսով Կիևը կտրվում է Սև ծովից, իսկ նրա ծովափնյա ամբողջ տարածքը մտնում է Ռուսաստանի կազմի մեջ, որը թույլ կտա Մոսկվային դոմինանտի դեր խաղալ սևծովյան տարածաշրջանում: Ինչ վերաբերում է արևմտյան Ուկրաինային, որը պատմական Գալիցիան է կամ Գալիչինան, և հայտնի էր իր միջնադարյան Գալիցիա-Վոլինյան իշխանությամբ, Ժիրինովսկին առաջարկում է այն բաժանել Լեհաստանի և Հունգարիայի միջև:

Լվովի, Տեռնոպոլի ինչպես նաև Վոլինի մարզերը հատկացնել Լեհաստանին, իսկ Իվանո-Ֆրանկովսկն ու Անդրկարպտյան մարզը հանձնել Հունգարիային: Ուկրաիանական կարկանդակից անմասն չի մնում Ռումիանիան, որին առաջարկվում է տրամադրել Բուկովիան ներկայիս Չեռնովցի մարզը: Եվ միայն երկրի կետրոնական հատվածը` Կիևը շրջական տարածքներով, կկազմի ուկրաինական պետությունը:

 

Թվում է Ժիրինովսկու առաջարկը քաղաքական աբսուրդի ժանրից է, սակայն նման ճանապարհով փորձ է արվում չեզոքացնել առկա աշխարհաքաղաքական ճգնաժամը` մասնակիորեն բավարարելով հարևան երկրների քաղաքական ախորժակը: Արդյունքում Ուկրաինան կկորցնի իր աշխարհաքաղաքական նշանակությունը` վերածվելով արևելաեվրոպական սովորական պետության, որը ելք չունենալով դեպի Սև ծով վերջնականապես քաղաքական և տնտեսական կախվածության մեջ կընկնի Ռուսաստանից և Արևմուտքից:

 

Սակայն Վաշինգտոնը, որը ցանկանում է իր ազդեցությունը հաստատել միասնական Ուկրաինայի հանդեպ, իր հուժկու և բացահայտ հակազդեցությամբ կկարողանա կասեցնել այս ծրագիրը: Ուկրաինական բանակի ընդհարումները ռուսամետ զինված ջոկատների հետ, ազգայնականների և դաշնայնացման կողմնակիցների միջև տեղի ունեցող բախումները պետությունը կանգնեցրել են քաղաքացիական պատրերազմի առջև:

 

Տնտեսական և քաղաքական ճգնաժամի պատճառով թուլացած Ուկրաինան կանգնած է տրոհման առջև. Միայն ժողովրդի միասնականությունից ու խոհեմությունից է կախված երկրի ճակատագիրը: Ուկրաինական ժողովուրդը պետք է իր ճակատագիրը պահի սեփական ձեռքերում` հույսը ամբողջապես չդնելով Արևմուտքի վրա և երկրի կործանման մեջ մեղադրելով Կրեմլին, միայն նման ճանապարհով հնարավոր կլինի պահպանել երկրի ամբողջականությունն ու ազգի բարօրությունը:

 

 

                                                                                    Սարգիս Լևոնյան

Նույն շարքից