Վերլուծական Տնտեսություն 

Գիտակցում ենք, բայց արտադրում ու ծխում

analitik.am

Մայիսի 31-ը Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Հայաստանը 2004թ. միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիային: Թե Հայաստանում և թե ամբողջ աշխարհում  համատարած կսկսեն խոսել, թե որքան վնասակար է ծխելը առողջության համար, կհնչեն կոչեր, կանցկացվեն բազմապիսի միջոցառումներ. բոլորի նպատակը մեկն է լինելու՝ հասկացնել, որ ծխելը վատ բան է:


Այս միջացառումները տեղի են ունենում ամեն տարի, տարին մի քանի անգամ, բայց … Բայց ծխողների թիվն աշխարհում շարունակում է աճել: Աշխարհում տարեկան 6 միլիոն մարդ մահանում է ծխելու պատճառով, իսկ 600 հազար էլ՝ պասիվ ծխելու:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով ներկայում աշխարհում կա մեկ միլիարդ ծխող,  իսկ 2050թ-ին այս թիվը կարող է հասնել 2.2 միլիարդի:  Նույն կազմակերպության տվյալներով՝ Հայաստանը ծխախոտ օգտագործողների թվով տասնմեկերորդ տեղն է զբաղեցնում աշխարհում:  


Չնայած, որ այսօր աշխարհը գիտակցում է ծխելու աղետալի հետևանքները, միևնույն է՝ ծխախոտի մեծածավալ արտադրությունը չի նվազում: Իրականում այս արտադրությունը շահութաբեր է: Ծխախոտ արտադրում են անգամ կազմակերպությունները, որոնք իրենց բյուջեից տարեկան որոշակի գումար են հատկացնում այն կազմակերպություններին, որոնք քարոզում են ՉԾԽԵԼ:  Այս պրակտիկան կիրառվում է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում: Պարզ բան է. առողջապահությունը՝ առողջապահություն, բիզնեսը՝ բիզնես:


ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկանում են, որ այս տարվա առաջին եռամսյակում (հունվար-մարտ) Հայաստանում արտադրվել է 14 966.7 մլն. դրամի ծխախոտային արտադրատեսակ (արտադրանք, որն ամբողջությամբ կամ մասամբ արտադրված է ծխախոտային արտադրատեսակի համար հումք համարվող տերեւից՝ ծխելու, ծամելու կամ հոտ քաշելու համար): Այս ցուցանիշը, 2013-ի առաջին եռամսյակի համեմատ, 2.3 %-ով աճել է:


ՀՀ պետական եկամուտների կողմիտեից էլ տեղեկանում  ենք, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ներկրվել 12 միլիոն 100 հազար դոլարի ծխախոտ և ծխախոտի հումք՝ անցած տարվա 21 միլիոն 700 հազար դոլարի դիմաց: Ընթացիկ տարում Հայաստանից արտահանվել է 28 միլիոն 100 հազար դոլարի ծխախոտ եւ հումք: Այս ցուցանիշը անցած տարվա համեմատ աճել է մոտ 7 միլիոն դոլարով: 


Իսկ միայն այս տարվա հունվարի տվյալներով, որոնք տրամադրել է ՀՀ ԱՎԾ-ը, ունենք հետևյալ պատկերը.

Հայաստանում արտադրված ծխախոտի ծավալը 2014 թ.–ի հունվարին համադրելի գներով կազմել է 4 751,3 մլն դրամ` 2013 թ.–ի հունվարի համեմատ ավելանալով 53,1 տոկոսով։ 

Միաժամանակ 2014 թ.–ի հունվարի ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը կազմել է վերամշակող արտադրության մոտ 10,2 տոկոսը։ 

Ըստ վիճակագրական տվյալների` բնեղեն արտահայտությամբ 2014թ.–ի հունվարին Հայաստանում արտադրվել է 984,3 մլն հատ ծխախոտ, ինչը 76,1 տոկոսով ավելի է 2013 թ.–ի հունվարից (1 – 414,16 դրամ)։


Հայաստանյան շուկայում ծխախոտի տեղական արտադրողների մեջ ակնհայտ առաջատարը «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակն» է:  Ինչպես տեղեկացանք ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, վերջին տվյալներով՝ (2012 թվական) այս ընկերությանն է բաժին ընկնում Հայաստանում առանց ֆիլտրի ծխախոտի արտադրության 92,3 %-ը, իսկ ֆիլտրովի՝ 50,8 %-ը:


Հիշեցնենք, որ Հայաստանում արդյունաբերական ծխախոտագործությունը սկիզբ է առել 1924թ.-ից: Այդ թվականին  «Հայկոոպ» սպառողական միության «Արամազդ», «Մասիս» և «Հրազդան» արհեստանոց-արտելների հիմքի վրա կազմավորվեց Երևանի ծխախոտի ֆաբրիկան:


60-ականներին  նշված ֆաբրիկային հաջողվեց ացետատային ֆիլտրերի արտադրության ու արտասահմանից ներմուծվող ֆիլտրերի քանակի կրճատման հաշվին զգալիորեն նվազեցնել արտադրանքի ինքնարժեքը:


Արդեն 1980-ականներից Հայաստանում արտադրվող ծխախոտն արդեն արտահանվում էր: 1990-ականների սկզբին Հայաստանում զգալի քանակով ոչնչացվեցին ծխախոտի մշակաբույսեր: 5-6 տարի անց, սակայն, ծխախոտի արտադրությունը նորից «ոտքի կանգնեց»: Արդյունքում այսօր ունենք այն պատկերը, որն արդեն ներկայացվեց:


Հավելենք, որ Հայաստանում ծխախոտագործությունն առավել տարածված է Տավուշի մարզում, Լոռիում, Արարատում և Վայոց Ձորում:



Սեդա Հերգնյան

 

 

 

 

 

Նույն շարքից