Միջազգային Վերլուծական Քաղաքականություն 

Հայաստանը չպետք է անտարբեր մնա եզդիների եւ Իրաքում այլ փոքրամասնությունների աղետալի վիճակին

analitik.am

Հյուսիսային Իրաքում ծայր առած ողբերգական իրավիճակը միջազգային հանրությանը կանգնեցրեց նոր բարդ խնդրի առջեւ: Սուննի իսլամիստ ծայրահեղականների զինված ջոկատները պահանջում են այլադավան եւ այլազգի փոքրամասնություններին ընդունել իսլամական կրոնը կամ հեռանալ իրենց բնակավայրերից:


Այսպիսով, Իրաքի եւ Լեւանտի իսլամական հանրապետության ներկայացուցիչները, որոնք ցանկանում են ստեղծել Արաբական խալիֆայություն, Հյուսիսային Իրաքում իրականացնում է եզդիների, ասորիների, եւ արաբ քրիստոնյաների էթնիկ զտումներ: Եզդիների օգնության կանչին առաջինը պաշտոնապես արձագանքեց Միացյալ Նահանգները՝ հումանիտար օգնություն տրամադրելով տարաբախտ փախստականներին եւ սպանդից փրկված գաղթականներին:


Թվում էր, թե ցեղասպանություն վերապրած Հայաստանը, ի դեմս ներկայիս իշխանությունների եւ հասարակությանը, առաջիններից պետք է արձագանքեր բարեկամ ժողովրդի ողբերգությանը, սակայն մեր իշխանությունների անտարբերությունը զայրույթ առաջացրեց Հայաստանում բնակվող եզդիների շրջանում: Այն, որ մեր իշխանություններն ու հատկապես` արտաքին գերատեսչությունը, մեղմ ասած, պասիվ են գործում միջազգային ասպարեզում, անգամ պատշաճ եւ լիարժեք կերպով չներկայացնելով հայկական խնդիրները միջազգային կառույցներում, որի հետեւանքով տանուլ ենք տալիս հայ-ադրբեջանական քարոզչական պատերազմում, ակնհայտ է բոլորիս համար,սակայն կա մի հանգամանք, որն որոշ չափով արդարացնում է մեր իշխանությունների եւ հասարակության անհաղորդակից լինելն եզդիների ողբերգության նկատմամբ: շ


Հայկական պետությունը վերջին քսան տարիների ընթացքում ենթարկվեց աննախադեպ զինված հարձակման, եւ մինչ օրս էլ Հայաստանի իշխանություններն ու հասարակությունը գտնվում են այդ հարձակումների ազդեցության տակ: Սակայն դա չի նշանակում, որ հայ հասարակությունն ու իշխանությունները պետք է անմասն մնան եզդիներին հուզող խնդիրներից: Հայկական կողմը պետք է գիտակցի, որ եզդիների եւ Իրաքում բնակվող այլ փոքրամասնությունների խնդիրները հարկավոր է դիտարկել ոչ միայն հումանիտար աղետի, այլ նաեւ` հայ ժողովրդին առնչվող աշխարհաքաղաքական գործնթացների ու Մերձավոր Արեւելքում բնակվող հայկական սփյուռքի անվտանգության տեսանկյունից:


Իրաքի փոքրամասնությունների խնդիրները պետք է հավասարեցվեն քեսաբահայության խնդիրների հետ, որքան կարեւոր է Քեսաբում հայ բնակչության անվտանգությունը, նույնքան կարեւոր է որպեսզի Իրաքում բնակվող եզդիները, ասորիներն եւ քրիստոնյա արաբները ապահով եւ անվտանգ ապրեն իրենց մշտական բնակավայրերում: Հայաստանի կառավարությունը հնարավորինս չափով պետք է օգնի աղետի մեջ հայտնված եզդիներին, ներկայացնի նրանց անելանելի դրությունը միջազգային տարբեր ատյաններում:


Իրաքն այսօր վերածվել է եռացող կաթսայի, մի կողմից քրդերը, իսկ մյուս կողմից իսլամիստ ծայրահեղականները ցանկանում են իրենց վերահսկողության տակ պահել Հյուսիսային Իրաքի նավթով հարուստ տարածքները, որի հետեւանքով ռազմական բախումներն ու ավերածություններն անխուսափելի են եւ սպառնում են այդ շրջաններում բնակվող խաղաղ բնակչության գոյությանը: Այսպիսով եզդիները,ասորիները, քրիստոնյա այլ փոքրամասնությունները հայտնվել են արյունալի մսաղացի մեջ,ո րտեղ ի վիճակի չեն պաշտպանել իրենց անվտանգությունը: Մերձավոր Արեւելքում քրիստոնյաներին սպառնում է իսպառ ոչնչացում եւ նման պայմաններում շատ դժվար կլինի ապահովել արաբական երկրներում հայկական գաղթօջախների ապագա կենսագործունեությունը: Այդ իսկ պատճառով շատ կարեւոր է, որ  հայկական կողմն ակտիվ մասնակցություն ունենա եզդիներին ու այլ փոքրամասնություններին առնչվող խնդիրների լուծմանը եւ չսահմանափակվի միայն մարդասիրական օգնությամբ:


Այս հարցում պետք է ակտիվ ներգրավվեն հասարակական եւ քաղաքական շրջանակները, մտավորականությունն ու հայկական սփյուռքը՝ վերջիններս ունենալով լայն հնարավորություններ ու մեծ կապեր կարող են ավելի անկաշկանդ եւ ազատ ներկայացնել միջազգային հանրությանն Իրաքում բնակվող փոքրամասնությունների ողբերգական վիճակը: Միջազգային կազմակերպությունների ուշադրության սեւեռումը դեպի Իրաք կփրկի բազմաթիվ անմեղ մարդկանց կյանքեր: Նպաստելով եզդիների, ասորիների եւ քրիստոնյա արաբ փոքրամասնությունների փրկությանը, կարեւոր նախադրյալներ ենք ստեղծում Մերձավոր Արեւելքում հայկական գաղթօջաղների անվտանգ գործունեության համար:

Սարգիս Լևոնյան

 

Նույն շարքից