Հարցազրույց 

Այդ ելույթը սադրանք էր հենց նախագահի նկատմամբ, որը կազմակերպել էր նրա շրջապատը. Գառնիկ Իսագուլյան

analitik.am

Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խիստ քննադատություն հնչեցրեց  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի հասցեին՝ ընդգծելով, որ «Գագիկ Ծառուկյան  քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք»։


Այս թեմայի շրջանակում analitik.am-ը զրուցել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ:


- Պարոն Իսագուլյան, երեկ նախագահի կողմից խիստ գնահատականներ հնչեցին Գագիկ Ծառուկյանի և նրա կուսակիցների հասցեին: Ի՞նչ եք կարծում, կոպիտ չէ՞ր նրա ելույթը


- Մեկ բառով ասած` դա նախագահին վայել ելույթ չէր, և անկեղծ ասած, փորձում եմ ինքս ինձ համոզել, որ դա սադրանք էր հենց նախագահի նկատմամբ, որը կազմակերպել էր նրա շրջապատը և խնդիր ուներ իշխանական լծակները իրենց ձեռքում հետայսու ևս պահպանել:

- Նախագահն ասաց, որ երկար ժամանակ իմացել, սակայն չի անդրադարձել  Ծառուկյանի գործողություններին, որոնք բավականին ոչ ժողովրդանպաստ տարրեն են պարունակում: Դրանք երկար ժամանակ «հանդուրժելուց» և լռելուց հետո, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ որոշվեց այսօր բարձրաձայնել այդ մասին։


- Նախ ասեմ, որ նախագահն իր ասելիքին որպես հիմնավորում բերեց փողոցային խոսակցությունները, որոնց ուշադրություն դարձնելու անհրաժեշտություն չկար, այն է` բոլոր այն մեղադրանքները, որ հնչել են պարոն Ծառուկյանի հասցեին, իրականության հետ որևէ կապ չունեն և հետևանք են այն բանի, որ պարոն Ծառուկյանը չի համաձայնել իշխանությունը պահպանելու նրանց ծրագրերին:

- Երեկ բոլոր հանրապետականները մի մարդու պես պաշտպանում էին նախագահի տեսակետը,նրանցից ոմանք ԲՀԿ առաջնորդին համեմատեցին «քաղաքական հիվանդության» հետ, անվանեցին «կեղծ քաղաքական երևույթ», «չարիք» և այլն : Ինչպե՞ս եք վերաբերվում սրան:

- Ելնելով նրանց ելույթներից, այնպիսի տպավորություն ստացա, որ իրենք են պարտադրել Հանրապետության նախագահին այդ ոճով հանդես գալու: Թե ինչքանով է դա համապատասխանում իրականությանը, դատեք ինքներդ, բայց անկեղծ ասած, դա ինձ համար երկրորդական նշանակություն ունի: Ես նրանց չեմ դիտարկում որպես ինքնուրույն քաղաքագետներ կամ քաղաքական գործիչներ, իսկ նմանների ասածները մեկնաբանության կարիք չունեն:


- Երեկ ուղղակիորեն սպառնալիք հնչեց նաև Ծառուկյանին պատգամավորական լիազորությունից զրկելու վերաբերյալ


- Պարոն Ծառուկյանը, կարծում եմ, այդ հարցի պատասխանը այսօր իր ելույթում շատ հստակ տվեց, իսկ եթե հանրապետականը նախաձեռնի նման անօրինական գործունեություն, ապա դա ահազանգ է բոլորիս, որ վաղը նույն ուղտը մեր դռանն է չոքելու: Ուստի դա սպառնալիք էր ոչ թե Ծառուկյանին, այլ համայն հայ ժողովրդին:


- Նաև տեսակետներ հնչեցին, որ այս ամենը տանում է նրան, որ Ծառուկյանին «նստացնեն», որից հետո նոր կհայտարարվի սահմանադրական փոփոխությունների մասին

- Ասում են` ախորժակը ուտելուց է բացվում: Ուստի ազգովի պետք է թույլ չտանք, որ տեղի ունենա նման անօրինականություն:


- Կարելի՞ է համարել, որ սա պատերազմ է երկու կուսակցությունների միջև:


- Ոչ, սա պատերազմ է Հանրապետական կուսակցության և հայ ժողովրդի միջև, և բոլորին է հայտնի, թե ինչով են ավարտվում նման պատերազմները:

 

Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից