Բարի օր Հասարակություն Հարցազրույց 

Ուղղակի, թե անուղղակի Թուրքիան ակտիվ մասնակցություն ունի իրավիճակի սրման վրա. Տիգրան Աբրահամյան

analitik.am

Analitik.am-ի հարցերին պատասխանում է Արցախի Հանրապետության նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Վերջին շրջանում սահմանային լարվածության պատճառը ո՞րն է: Նկատվո՞ւմ է կուտակումներ և զինտեխնիկայի տեղաշարժ սահմանի երկայնքով: Կրակոցների քանակը և զենքերի տրամաչափերը կարծես թե չեն փոխվել, թե՞ փոխվել են:

Կարծում եմ՝ իրավիճակային փոփոխությունները պայմանավորված են բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակով: Իրադրությունն առավել լարվածություն էր ստացել՝ ուղղաթիռների ակտիվ շարժերի պատճառով: Զինատեսակներ են կիրառվել, որոնք վերջին ամիսներին չէին կիրառվում կամ գրեթե չէին կիրառվում, սակայն դրանց թիվը մեծ չէ: Զինտեխնիկայի որոշակի շարժեր կան, ադրբեջանական կողմը սահմանի տարբեր ուղղություններով մարտավարական պարապմունքներ է անցկացնում:

Հունիսի 20-ին նախատեսվում է Վաշինգտոնում Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հերթական հանդիպումը։Կարծես թե նման հանդիպումներից առաջ միշտ որոշակի լարվածություն է նկատվում սահմանին:

Նախադեպային առումով՝ օրինակները շատ են, սակայն միայն այդ հանդիպմամբ չէ պայմանավորված: Ադրբեջանը փորձում է ճնշումների միջոցով իր համար ցանկալի արդյունք ապահովել կամ գործընթացը նախընտրելի ուղի հրել՝ դա անում է սահմանային լարվածության միջոցով:

Վերջին շրջանում Թուրքիան է ակտիվ քաղաքականություն վարում իր եղբոր հետ, հատկապես Նախիջևանում, թուրքական արտադրության հագուստ են կրում Ադրբեջանի բանակում և այլն, ինչ-որ բան փոխվե՞լ է, նոր համագործակցության ուղինե՞ր են գտել:

Նախիջևանում զորավարժություններն ու հավաքները սկսել են առավել պարբերական բնույթ կրել, դա, իհարկե, շատ վտանգավոր է: Ադրբեջանի ու Թուրքիայի միջև առկա ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրերը բավարար են, որպեսզի հնարավոր լինի համագործակցությունը նման խորությամբ իրացնելու համար: Կրկնում եմ՝ Նախիջևանում տեղի ունեցող այդ պրոցեսները բավականին վտանգավոր բնույթ են կրում:

Ի՞նչ եք կարծում եթե պատերազմ սկսի Ադրբեջանը, այս անգամ Թուրքիան կմասնակցի՞, քանի որ առավել ակտիվ են զորավաժություններ անցկացնում միասին:

Ոչինչ բացառել պետք չէ, ամեն դեպքում ուղղակի, թե անուղղակի Թուրքիան ակտիվ մասնակցություն ունի իրավիճակի սրման վրա:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից